Դաշտի կենտրոնից խփած 10 հիշարժան գոլերը (տեսանյութ)

Դաշտի կենտրոնից խփած 10 հիշարժան գոլերը (տեսանյութ)

Վերջերս «Վիլյառեալի» նորեկ Նիկոլա Սանսոնեն «Ռեալ Սոսյեդադի» դարպասը խփած գոլով հիացրեց բոլորին: Բնական է, որ ֆուտբոլի պատմության ընթացքում այսպիսի գոլեր եղել են և ապագայում էլ կլինեն․ պարզապես առաջարկում ենք հիշել դաշտի կենտրոնական հատվածից խփած լավագույն գոլերից տասը։

Նիկոլա Սանսոնե, «Վիլյառեալ»
2016թ. սեպտեմբերի 18
«Վիլյառեալ» – «Ռեալ Սոսյեդադ»՝ 2:1

52,87 մետր․ իսպանացի լրագրողները հաշվել են հեռավորությունը, որտեղից Նիկոլա Սանսոնեն երկրորդ գնդակն ուղարկեց Խերոնիմո Ռուլյիի դարպասը: Դրանից 3 րոպե առաջ Սանսոնեն բացել էր խաղի հաշիվը, բայց քչերն էին կարծում, որ նա այդքան արագ ու գեղեցիկ դուբլ կձևակերպի: Հիմա Իսպանիայում Սանսոնեին համեմատում են աստվածաշնչյան կերպարներից Սամսոնի հետ ու նրանից նմանատիպ սխրանքներ են սպասում մարզադաշտում:

Ալվարո Ռեկոբա, «Ինտեր»
2002թ. նոյեմբերի 6
«Էմպոլի» – «Ինտեր»՝ 3:4

2002-03թթ. «Ինտերը» Հեկտոր Կուպերի ղեկավարությամբ առաջնության մեկնարկին 5 անգամ անընդմեջ հաղթանակ տարավ: Դա ռեկորդ էր թիմի համար: Դրանից հետո կորուստներ եղան, բայց 8-րդ տուրում թիմն Էմպոլիում 3 միավոր վաստակեց: Խաղի մեխը Ալվարո Ռեկոբայի գոլն էր: Ուրուգվայցին տեսավ, որ մրցակցի դարպասապահ Ջանլուկա Բերտին չափազանց հեռու է դարպասից ու խաղն իր վրա վերցրեց: Գրեթե կենտրոնից Ալվարոն գնդակն ուղիղ ցանցի կենտրոն ուղարկեց:

Միրալեմ Պյանիչ, «Ռոմա»
2014թ. հուլիսի 26
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռոմա»՝ 3։2

«Ռոմայի» համար «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ընկերական խաղն այնքան էլ լավ չդասավորվեց: 75-րդ րոպեի դրությամբ թիմը 3 գնդակ էր բաց թողել, բայց Միրալեմ Պյանիչի մեկ հարվածն էլ բավական էր, որ երկրպագուները ցնծային ու մոռանային բաց թողած գնդակների մասին: Տեսնելով, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստային դարպասապահ Բեն Ամոսը չափազանց հեռու է դարպասը հսկել կարողանալու համար, բոսնիացին նրան անակնկալ մատուցեց: Շեշտակի հարվածն արդեն վաղուց Պյանիչի այցեքարտն էր, ու այդ անգամ էլ նա ամենայն գեղեցկությամբ դաշտի կենտրոնից գնդակը դեպի դարպասն ուղարկեց:

Ալեսանդրո Ֆլորենցի, «Ռոմա»
2015թ. սեպտեմբերի 16
«Ռոմա» – «Բարսելոնա»՝ 1:1

«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի հերթական մրցաշրջանը սկսեց «Ռոմայի» նկատմամբ հաղթանակ տանելու հույսով: Հաշվի առնելով կատալոնական թիմի կարգավիճակը՝ հանդիպման կանխատեսելի ելքը հենց դա էր: Արդեն առաջին խաղակեսի միջնամասում «Բարսելոնան» առաջ անցավ, սակայն Ալեսանդրո Ֆլորենցին, չհուսալքվեց։ «Ռոմայի» կիսապաշտպանը, «Բարսելոնայի» դարպասին աչք գցելով, նկատեց, որ տեր Շտեգենը բավականին հեռու է կանգնած, ու երկար չմտածեց. հզոր հարվածով գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը: 

Կլարենս Զեդորֆ, «Ռեալ»
1997թ. օգոստոսի 30
«Ռեալ» – «Ատլետիկո»՝ 1:1

«Ռեալում» անցկացրած 4 տարիների ընթացքում Կլարենս Զեդորֆը 15 գնդակ խփեց: 1997-ի օգոստոսին «Ատլետիկոյի» դարպասը խփած գնդակը եղածներից լավագույնն է: Այս դեպքում Զեդորֆն այնքան էլ կենտրոնում չէր․ 40 մետր էր հեռու դարպասից, բայց դա բնավ չի ազդում գոլի գեղեցկության վրա։


Տեսանյութը հասանելի է Youtube-ում դիտման համար

Դեյան Ստանկովիչ, «Ինտեր»
2011թ. ապրիլի 5
«Ինտեր» – «Շալկե»՝ 2:5

«Շալկեի» հետ Չեմպիոնների լիգայի 2011-12թթ. մրցաշրջանի 1/4 եզրափակչի խաղերը հիասթափեցրին «Ինտերի» երկրպագուներին, քանի որ երկու դեպքում էլ գերմանացիների հաղթանակով ավարտվեցին։ Դեյան Ստանկովիչի գոլը, ինչ խոսք, այդ խաղերի ամենաարդյունավետ պահն էր միլանյան թիմի համար: Սերբ ֆուտբոլիստը ոչ միայն գրեթե կենտրոնից գրավեց մրցակցի դարպասը, այլև դա պատահաբար ոտքին դիպած գնդակն առանց մշակելու արեց: Նման պահերը հազար փորձից մեկ անգամ են հաջողվում:


Տեսանյութը հասանելի է Youtube-ում դիտման համար

Կառլոս Բլանկո Մորենո, «Յուվենտուս»
2016թ. հուլիսի 23
«Մելբուրն» – «Յուվենտուս»՝ 1:1

«Յուվենտուսը» մրցաշրջանի մեկնարկին նախապատրաստվելիս խաղաց ավստրալական «Վիկտորիա Մելբուռնի» հետ։ Ինչպես ենթադրվում էր, Մասիմիլիանո Ալեգրին երիտասարդ ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն տվեց: Իսպանացի Մորենոն կարողացավ արդարացնել մարզչի սպասելիքներն ու խփեց թուրինցիների միակ գոլը: Դաշտի գրեթե կենտրոնում գնդակ ստանալով՝ Կառլոսն այն հուժկու հարվածով ուղարկեց մրցակցի դարպասը:

Ջուզեպե Մասկարա, «Կատանիա»
2009թ. մարտի 1
«Պալերմո» – «Կատանիա»՝ 0:4

Ա Սերիայի 2008-2009թթ. մրցաշրջանի 26-րդ տուրի սիցիլիական դերբին «Պալերմոյի» համար իսկական ողբերգություն էր: Թիմը հենց առաջին խաղակեսում երեք գնդակ բաց թողեց: Դրանցից ամենագեղեցիկը երրորդն էր՝ Ջուզեպե Մասկարայի հեղինակությամբ: 

Մոհամեդ Ալի Ամար Նայիմ, «Սարագոսա»
1995թ. մայիսի 10
«Սարագոսա» – «Արսենալ»՝ 2:1

Գավաթների գավաթի 1994-95թթ. եզրափակիչը 120 րոպե տևեց: Հանրահայտ Դևիդ Սիմենը հոգեբանորեն պատրաստվում էր 11-մետրանոց հարվածաշարին, բայց մարոկացի Նայիմը, ով այդ ժամանակ «Սարագոսայի» առանցքային խաղացողներից էր, այլ կարծիք ուներ իրավիճակի վերաբերյալ: Հիանալի հարված ստացվեց. գնդակը դարպասից 50.5 մետր հեռավորությունից 11 մետր օդ բարձրացավ, ապա ստիպեց տխրել «Արսենալի» ֆուտբոլիստներին։

Խաբի Ալոնսո, «Լիվերպուլ»
2007թ. հունվարի 7
«Լուտոն» – «Լիվերպուլ»` 3:5

«Լիվերպուլը» հայտնի է խաղը փրկելու կարողությամբ: Նման դեպք տեղի ունեցավ նաև 2007 թվականի հունվարի սկզբին՝ «Լուտոնի» դեմ գավաթային խաղում: Կարմիրները պարտվում էին 1:3 հաշվով, բայց կարողացան կազմակերպվել ու հաղթել: Ավելացրած ժամանակահատվածում վերջին գնդակը խփեց Խաբի Ալոնսոն: «Լուտոնի» դարպասապահը շտապեց օգնել գրոհող խաղընկերներին, բայց դրա փոխարեն պարտվեց Ալոնսոյի հետ պայքարում, և վերջինս սեփական կիսադաշտից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում