Երազանքի արգելք, պայքար ռասիզմի դեմ | Ֆուտբոլային պայմանագրերի խենթ կետերը

Երազանքի արգելք, պայքար ռասիզմի դեմ | Ֆուտբոլային պայմանագրերի խենթ կետերը

Ֆուտբոլային պայմանագրերը հաճախ զարմացնում են ոչ թե աշխատավարձի կամ հրաժարագնի թվերով, այլ յուրօրինակ կետերով։ Ներկայացնում ենք օրինակներ, երբ կողմերը պայմանագրեր կնքելիս ստորագրել են նաև տարօրինակ կետերի տակ։

Ֆրանկ Պագելսդորֆ, «Համբուրգ»

Մարզիչ Ֆրանկ Պագելսդորֆի ու նախագահ Ուվե Զեելերի հարաբերություններն այնքան մտերիմ էին, որ «Համբուրգի» հետ Ֆրանկի կնքած պայմանագրում կետ կար, որի համաձայն՝ նա ակումբից կարող էր հեռանալ միայն Զեելերի հեռանալու դեպքում: 1997-ին Ուվեն հեռացավ, իսկ Ֆրանկը ևս 4 տարի մնաց «Համբուրգում»:

Ժոզե Մոուրինյու, «Ինտեր»

Ժոզեն «Ինտեր» տեղափոխվելուց հետո ասաց. «Իմ պայմանագիրը շատ պարզ է․ 3 տարվա պայմանագիր եմ ստորագրել, որում ներառված կետերից մեկն ինձ թույլ կտա ակումբը լքել ցանկացած պահի»: Ինչպես տեսնում ենք, Յուրահատուկի պայմանագրերն էլ են յուրահատուկ:

Դավիդ Վիլյա, «Բարսելոնա»

Հնարավոր է՝ «Բարսելոնան» վստահ չէր Դավիդ Վիլյայի հայացքների կոռեկտության վրա, կամ գուցե պատահականություն էր, որ նրա պայմանագրում ԱՄՆ-ի սահմանադրության 14-րդ բարեփոխումից ներառված կետ կար: Դավիդ Վիլյան կատալոնական ակումբի առաջին ֆուտբոլիստն էր, ում պայմանագրում հակառասիստական կետ կար: Դրա հանաձայն՝ Վիլյան խաղերի կամ ակումբի հետ կապված միջոցառումների ընթացքում չէր կարող ռասիստական վարք ցուցադրել։

 

Բերնդ Շտանգե, Իրաքի հավաքական

Բերնդ Շտանգեն, չնայած պատերազմի ծագման վտանգին, 2002-ին տեղափոխվեց Իրաք: Մարզիչը գիտեր, որ առահասարակ պատերազմները, այն էլ ամերիկացիների մասնակցությամբ, գերմանացիների համար երբեք լավ չեն ավարտվում: Դա հաշվի առնելով՝ Շտանգեն պայմանագրում կետ էր ներառել, որը թույլ էր տալիս հարցազրույցների ժամանակ չպատասխանել քաղաքական հարցերին, իսկ պատերազմ սկսվելու դեպքում ազատ հեռանալ զբաղեցրած պաշտոնից։

Ռոնալդինյո, «Միլան»

«Միլանում» այնքան ուրախ էին Ռոնալդինյոյի ներկայության համար, որ նրա պայմանագրում «հակաիտակալան» կետ էին ավելացրել: Ըստ դրա` բրազիլացուն արգելված էր իտալական այլ ակումբ տեղափոխվել:

Ստեֆան Շվարց. «Սանդերլենդ»

Ի՛մ սիրելի ընկեր, ի՛մ օդաչու.
Վերցրու ինձ քեզ հետ:
Ես արդեն մեծ տղա եմ,
Արդեն կարողանում եմ թռչել երազում…

 

 

Ստեֆանը ծանո՞թ էր բելառուսական դասական գրականության ներկայացուցիչ Յանկա Կուպալայի տողերին, թե՞ ոչ, հայտնի չէ, բայց շվեդ ֆուտբոլիստը ցանկանում էր թռչել ու այն էլ որպես տիեզերագնաց: Նա այդ մասին «Սանդերլենդի» ղեկավարությանը հայտնել էր բանակցությունների ժամանակ, երբ վերջիններս ցանկացել էին իմանալ, թե երազանքների իրականացման հնարավորության դեպքում ֆուտբոլիստն ի՞նչ կուզեր: Ակումբի ղեկավարությունը չէր ցանկանում կորցնել ֆուտբոլիստին և ապահովության համար նրա պայմանագրում դեպի տիեզերք թռիչքն արգելող կետ ներառեց: 

Սթիգ Ինգե Բորնաբյու, «Լիվերպուլ»

Բորնաբյուն էլ անկեղծանալով ակումբի ղեկավարությանը հայտնել էր, որ ֆուտբոլից բացի նրան դահուկացատկն էր հետաքրքրում: «Լիվերպուլի» սրտով չէր ֆուտբոլիստի կիրքը, ու որպես արդյունք պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ Սթիգը 180 մետրից բարձր դիրքից ցատկելու իրավունք չուներ:

 

 

Սկզբնաղբյուր՝ Whoateallthepies.tv

Հետևեք մեզ նաև Telegram-ում