Ովքե՞ր են այս անգամ տուժել «ՖԻՖԱ-ի վիրուսից»

Ովքե՞ր են այս անգամ տուժել «ՖԻՖԱ-ի վիրուսից»

Ազգային հավաքականների պաշտոնական ու ընկերական խաղերը շարունակում են վնասել ակումբային ֆուտբոլին: Հոկտեմբերի 3-12-ը ԱԱ-2018-ի ընտրական փուլի խաղերի օրն էր: Հերթական անգամ բազմաթիվ ֆուտբոլիստներ այդ խաղերից և դրանց համար նախատեսված հավաքներից հետո վնասվածքներով վերադարձան իրենց ակումբներ:

Ներկայացնում ենք 11 ֆուտբոլիստների, ովքեր վերջին օրերի ընթացքում տարբեր ժամկետներով շարքից դուրս են մնացել:

Յասպեր Սիլեսեն («Բարսելոնա»)

«Բարսելոնայի» պահեստային դարպասապահ Յասպեր Սիլեսենը վնասվածք է ստացել Հոլանդիայի հավաքականի ճամբարում՝ մարզումներից մեկի ժամանակ: Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ 27-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ:

Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին «կապտանռնագույների» կազմում մասնակցել է միայն մեկ հանդիպման, որում կատալոնացիները Պրիմերայի շրջանակում «Նոու Կամպ» մարզադաշտում 1:2 հաշվով զիջել են «Ալավեսին»:

Այժմ Մարկ Անդրե տեր Շտեգենը վնասվածք ստանալու իրավունք չունի: Կատալոնացիների պահեստայինների նստարանին Սիլեսենին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Ժորդի Մասիպը:

Սերժի Ռոբերտո («Բարսելոնա»)

Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» հիմնական աջ պաշտպանը դարձած Սերժի Ռոբերտոյի ստացած վնասվածքը համեմատաբար թեթև է: Սպասվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը կապաքինվի առաջիկա օրերին: «Դեպորտիվոյի» հետ այսօր կայանալիք խաղը նա բաց կթողնի:

Ենթադրվում էր, որ մեկնարկային կազմում Ռոբերտոյին կփոխարինի Ալեիշ Վիդալը, սակայն Լուիս Էնրիկեն նրան կրկին չի ընդգրկել առաջիկա խաղի հայտացուցակում, իսկ այլ աջ պաշտպան «Բարսելոնան» չունի: Հավանաբար «կապտանռնագույնները» կրկին կխաղան 3 պաշտպաններով, ինչպես դա արել էին Խիխոնի «Սպորտինգի» հետ մրցավեճում (5:0):

Ժորդի Ալբա («Բարսելոնա»)

ԱԱ-2018-ի ընտրական փուլի Իտալիա – Իսպանիա խաղի (1:1) առաջին կեսում երկու թիմերի մեկական ֆուտբոլիստներ վնասվածքի պատճառով փոխարինվել են: Իսպանացիների կազմում դա «Բարսելոնայի» ձախ պաշտպան Ժորդի Ալբան էր:
Կատալոնացի ֆուտբոլիստը կապաքինվի մոտ մեկ շաբաթից:

Հավանաբար նրա փոխարեն «Դեպորտիվոյի» դեմ կխաղա Լյուկա Դինը, որը մրցաշրջանի սկզբում վատ տպավորություն չի թողել, հատկապես պաշտպանողական գործողություներում:

Ռիկարդո Մոնտոլիվո («Միլան»)

Իտալիա – Իսպանիա խաղի երկրորդ անհաջողակը Ռիկարդո Մոնտոլիվոն էր: «Միլանի» ավագի վնասվածքն ամենածանրն է հավաքականների հոկտեմբերյան խաղերի ժամանակ: Կիսապաշտպանը ստացել է խաչաձև կապանների պատռվածք, որի ապաքինման համար կպահանջվի 6 ամիս:

31-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ընթացիկ մրցաշրջանում «ռոսոներիի» բոլոր խաղերին, իսկ հիմա թիմի մարզչական աշխատանքը նրան փոխարինողի է փնտրում։ Հնարավոր է՝ առաջիկա խաղերում «Միլանի» մեկնարկային կազմում թիմի ավագին փոխարինի 18-ամյա Մանուել Լոկատելին:

Սերխիո Ռամոս («Ռեալ»)

Մադրիդի «Ռեալի» ավագը վնասվածք է ստացել Ալբանիա – Իսպանիա հանդիպման (0:2) ժամանակ և խաղավերջում փոխարինվել է:

Ծնկի բուժզննումը ցույց է տվել, որ կապանների պատռվածք: 31-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար պահանջվելու է 6 շաբաթ: Այդ ժամանակահատվածում Ռամոսը բաց կթողնի «արքայական ակումբի» 6 հանդիպում, ինչպես նաև Իսպանիայի ընտրանու առջիկա 2 խաղերը:

Առանց Ռամոսի «Ռեալի» հիմնական կենտրոնական պաշտպանների զույգը կկազմեն Պեպեն և Ռաֆայել Վարանը, ով ընթացիկ մրցաշրջանում առանձնապես չի տպավորում վստահ խաղով։

Կևին Ստրոտման («Ռոմա»)

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է ընտրական փուլի Բելառուսի ու Ֆրանսիայի հետ դիմակայություններին: Այնուամենայնիվ, 26-ամյա ֆուտբոլիստը «Ռոմային» միացել է մեջքի վնասվածքով: Վերջին օրերին հոլանդացին մարզվել է մարզասրահում:

Ա Սերիայի ընթացիկ խաղարկության 7 խաղերում կիսապաշտպանն ընդգրկված է եղել իր թիմի մեկնարկային կազմում և կարողացել է 1 գոլ խփել:

Արկադիուշ Միլիկ («Նապոլի»)

Գոնսալո Իգուայինին փոխարինելու կոչված Արկադիուշ Միլիկը ծանր վնասվածք է ստացել Լեհաստան – Դանիա մրցավեճում (3:2): 22-ամյա ֆուտբոլիստը ձախ ծնկի դիմային խաղաձև կապանների պատռվածք էր ստացել, ինչի կապակցությամբ վիրահատության է ենթարկվել:

Նախապես նշվում էր, որ Միլիկը բաց կթողնի 6 ամիս, սակայն «Նապոլիի» բժշիկն օրերս հայտարարեց, որ վերականգնման համար լեհին կպահանջվի 3-3,5 ամիս:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է իտալական թիմի 9 խաղի, խփել է 7 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում:

«Նապոլին» արդեն փնտրում է հարձակվողի, որն ազատ խաղացողի կարգավիճակ ունի և կկարողանա  անմիջապես պայմանագիր կնքել:

Ջորջինյո Վեյնալդում («Լիվերպուլ»)

ԱԱ-2018-ի ընտրական փուլի Հոլանդիա – Ֆրանսիա (0:1) խաղի ժամանակ Վեյնալդումը վնասվածք է ստացել և 62-րդ րոպեին ստիպված լքել է խաղադաշտը:

25-ամյա ֆուտբոլիստն ազդրի վնասվածք է ստացել: «Լիվերպուլում» հույս ունեն, որ կիսապաշտպանը կհասցնի վերականգնվել մինչ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հոկտեմբերի 17-ին կայանալիք սկզբունքային խաղը: Հատկապես հաշվի առնելով, որ անհայտ է միջին գծում նրա մշտական խաղընկեր Ադամ Լալանայի մասնակցությունը:

ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում Վեյնալդումը մեկնարկային կազմում է ընդգրկված եղել «Լիվերպուլի» բոլոր 7 խաղերում և կարողացել է 7 գոլային փոխանցում կատարել:

Բակարի Սանյա («Մանչեսթեր Սիթի»)

«Հավաքականների սինդրոմն» աչքաթող չի արել նաև ԱՊԼ-ի առաջատար «Մանչեսթեր Սիթիին»: «Քաղաքայինների» աջ պաշտպան Բակարի Սանյան վնասվածք է ստացել ԱԱ-2018 ընտրական փուլի Ֆրանսիա – Բուլղարիա խաղում (4:1):

33-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 1 ամիս: Նրա բացակայության պարագայում աջ պաշտպանի դիրքում մշտական խաղային պրակտիկա կստանա Պաբլո Սաբալետան:

Ֆրանսիացին մասնակցել էր ընթացիկ մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի թիմի 6 հանդիպումների, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:

Անխել Դի Մարիա (ՊՍԺ)

Ֆրանսիայի չեմպիոնը ոչ միայն իր առաջատարին ուղարկեց Հարավային Ամերիկա, որպեսզի նա մասնակցի Արգենտինայի ընտրանու հանդիպումներին և հոգնած վերադառնա փարիզյան ակումբ, այլև նրան կորցրեց նվազագույնը մեկ խաղով:

28-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի «Նանսիի» հետ առաջիկա արտագնա մրցավեճին: Ֆրանսիայի չեմպիոնները հույս ունեն, որ Չեմպիոնների լիգայի՝ «Բազելի» հետ առաջիկա մրցավեճից առաջ Դի Մարիան կհասցնի վերականգնվել:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությում արգենտինացին դեռ գոլ չի խփել, բայց 8 խաղերում հասցրել է 3 գոլային փոխանցում կատարել:

Քվինսի Պրոմես («Սպարտակ»)

Հոլանդիա – Ֆրանսիա խաղում ևս մեկ վնասվածք գրանցվեց: «Նարնջագույնների» վինգեր Քվինսի Պրոմեսը վնասվածք ստացավ արդեն առաջին խաղակեսում և ստիպված փոխարինում խնդրեց: Մոսկվա վերադառնալուց հետո «Սպարտակի» առաջատարը բուժզննում է անցել, որից հետո պարզ է դարձել, որ լիարժեք վերականգնման համար նրան կպահանջվի 10 օր:

24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում շարունակում է գերարդյունավետ խաղ ցուցադրել․ Ռուսաստանի առաջնության 9 խաղում նա դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

 

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում