Արկադի Անդրեասյան․ Շնորհավորում եմ մրցավարին

Արկադի Անդրեասյան․ Շնորհավորում եմ մրցավարին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի՝ «Փյունիկ»-«Արարատ» (4:0) խաղից հետո թիմերի գլխավոր մարզիչներն իրենց մեկնաբանությունները տվեցին։

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը խոսեց գոլերի հեղինակներից Պետրոս Ավետիսյանի և Վարդան Պողոսյանի մասին։

«Այսօրվա խաղը ցույց տվեց, որ ֆուտբոլիստները հասցրել են վերականգնվել հավաքականի խաղերից հետո թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն։

Պետրոս Ավետիսյանից սպասելիքները շատ են, նա աճ գրանցել է, բայց դեռ բավական չէ․ պետք է ավելացնի։ Ուրախ եմ Վարդան Պողոսյանի դուբլի համար։ Իհարկե, հարձակվողի համար քիչ է 9 խաղում 3 գոլ խփելը, բայց նա շատ-շատ է աշխատում այդ ուղղությամբ։ Հույս ունենք՝ նրա գոլերը շարունակական կլինեն»։

«Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը հետխաղյա ասուլիսը սկսեց շնորհավորանքով․

«Ուզում եմ շնորհավորել մրցավարին, որ այդպես լավ դատեց խաղը։ Նրա պատճառով սկսեցին գոլեր խփվել։ Նա մրցավար չէ, եթե չի տեսնում՝ ինչ կատարվեց։ Առաջին խաղակեսում վատ խաղացինք, բայց երկրորդում՝ ոչ»։

Չնայած խոշոր հաշվով պարտությանը՝ Արկադի Անդրեասյանը կարևորում է մեծ թվով երիտասարդ ֆուտբոլիստներին խաղաժամանակ տալը․

«Այս պահին հաշիվն այդքան էլ կարևոր չէ։ Կարևորը՝ երիտասարդ ֆուտբոլիստները դուրս եկան խաղադաշտ և խաղացին»,-ասաց մարզիչը։

Հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված Նվաբուեզեին հայտացուցակում չընդգրկելը, Արկադի Անդրիասյանը պատասխանեց, որ օտարազգի ֆուտբոլիստների հետ հույսեր չի կապում։

«Հույսը դնում ենք տեղացի ֆուտբոլիստների վրա։ Մեր հայերը պետք է խաղան։ Մեր ֆուտբոլը պետք է զարգանա։ Այդպես ենք մտածում»,- խոսքը եզրափակեց մարզիչը։

«Փյունիկ» – «Արարատ» խաղի տեսաամփոփումը

 

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում