Սխալ ընտրված կազմ և ուշացած փոխարինում. Խաշմանյանի ու Բիչախչյանի հետխաղյա ասուլիսը

Սխալ ընտրված կազմ և ուշացած փոխարինում. Խաշմանյանի ու Բիչախչյանի հետխաղյա ասուլիսը

Հայաստանի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալաշկերտն» ընդունել էր «Շիրակին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով, ինչի շնորհիվ գյումրեցիները պահպանեցին առաջատարի դիրքը: Խաղից հետո երկու թիմերի մարզիչները մամուլի ասուլիսներ տվեցին:

«Ալաշկերտ» մարզադաշտի ասուլիսների սրահ առաջինը եկավ «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Օրերս 39-ամյակը նշած մասնագետը խաղը բաժանեց երկու կեսի, որոնցից առաջինում առանձնացել էին երևանցիները, իսկ երկրորդում՝ գյումրեցիները:

«Իմ կարծիքով հետաքրքիր, լարված խաղ ստացվեց: Առաջին կեսում «Ալաշկերտը» մի փոքր առավելություն ուներ, սակայն երկրորդում մենք կարողացանք ավելացնել: Առավելություն ունեինք. ափսոս չկարողացանք հաղթանակ կորզել»,-ասաց Բիչախչյանը։

Առաջին հարցը, որը մենք նախապատրաստել էինք մարզչին տալու, առաջին կեսում գյումրեցիների անհաջող խաղի պատճառների մասին էր։ Վարդան Բիչախչյանը դա բացատրեց կազմի ընտրությամբ․

«Մեկնարկային կազմի հարցում սխալվել էինք: Մեր երկու եզրային կիսապաշտպաններն ամբողջ առաջին կեսի ընթացքում խաղից դուրս մնացին: Ո՛չ առջևի գծում սուր գործեցին, ո՛չ էլ պաշտպանությունում կատարեցին իրենց պարտականությունները: Ընդմիջմանը փոփոխություններ կատարեցինք և ասպարեզ մտած վինգերները մեր խաղին թարմություն, ագրեսիա և որակ հաղորդեցին»:

Եզրային կիսապաշտպաններից մեկը Դավիթ Հակոբյանն էր, ով հոկտեմբերի 11-ին փոխարինման էր մտել Լեհաստան-Հայաստան խաղում (2:1): Հարցին, թե ինչով էր պայմանավորված Դավիթի այսօրվա անհաջող խաղը և մի՞թե դա հավաքականի ճամբարից հոգնած վերադառնալն էր, գյումրեցի մասնագետն ասաց.

«Ի՞նչ էր արել, որ հոգներ: Եթե հավաքականի կազմում 10 րոպե խաղալով հնարավոր է հոգնել, ուրեմն այո, դա էր պատճառը: Ընդհակառակը, հավաքականում հավաքվելուց հետո առաջին օրերին հիմնականում վերականգնվում են, հետո՝ տեխնիկա-տակտիկական մարզումներ: Մյուս կողմից խաղաժամանակ չստացած ֆուտբոլիստները կորցնում են խաղային ռիթմը և ֆունկցիոնալ առումով նրանց մոտ նահանջ է նկատվում: Եթե այդ ամենը հաշվի առնենք, ապա նրա մոտ ֆունկցիոնալ խնդիրներ կան»:

Վերադառնալով այսօրվա խաղին՝ Բիչախչյանն ընդգծեց, որ հանդիպման սցենարից ելնելով դժգոհ չէ գրանցված արդյունքից․ 

«Հաշվի առնելով, որ հանդիպման ընթացքում մրցակիցը հաշվի մեջ առաջ էր, չի կարելի դժգոհ լինել արդյունքից, սակայն հիշելով գոլային պահերը` կարող էինք և հաղթել:

Երկար տարիներ «Շիրակը» առաջին հերթին համարվել է տնային թիմ, որը գրեթե բոլոր մրցաշրջաններում Գյումրիում ավելի լավ արդյունքներ է գրանցում, քան մյուս քաղաքներում, սակայն վերջին տարիներին տենդենցը փոխվում է: Նախորդ առաջնությունում «Շիրակը» սեփական և մրցակցի հարկի տակ հավասար՝ 26-ական միավոր է հավաքել: 2014-15թթ․ առաջնությունում, համապատասխանաբար, 27-22, դրանից մեկ տարի առաջ՝ 25-22: Ընթացիկ առաջնությունում «սև հովազները» առայժմ ավելի հաջող են գործում մրցակցի հարկի տակ՝ չկրելով ոչ մի պարտություն (7-11):

Sport Times.am-ը դրանում որևէ օրինաչափություն էր փորձում գտնել, միգուցե արտագնա խաղերի համար լավ մշակված տակտիկա, սակայն մեր հարցին, թե ինչպես է ստացվել, որ «Շիրակը» հյուրընկալվելիս սկսել է ավելի լավ խաղալ, Բիչախչյանը միանշանակ պատասխան չուներ․

«Շատ բարդ հարց է: Չեմ կարող ասել դա ինչով է պայմանավորված: Ամեն դեպքում մենք տարբերություն չենք էլ դնում տնային և արտագնա խաղերի միջև: Եթե թիմի առջև առաջադրանք է դրված, բնականաբար, պետք է ձգտել առավելագույնս այն կատարել: Պարզ է, որ հնարավոր չէ միշտ հաղթել․ թե՛ տանը, թե՛ դրսում կլինեն հաղթանակներ, ոչ-ոքիներ և պարտույթուններ»:

Ինչպես հայտնի է, վերջին շաբաթների ընթացքում հայկական ֆուտբոլի ամենախոստումնալից երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը համարվող Վահան Բիչախչյանը փորձաշրջան էր անցնում Մոսկվայի ԲԿՄԱ-ում, սակայն այժմ վերադարձել է Գյումրի: Sport Times.am-ը Վարդան Բիչախչյանին հարցրեց, թե ինչպե՞ս է անցել նրա 17-ամյա որդու փորձաշրջանը և արդյո՞ք կկայանա այդ տեղափոխությունը: Բիչախչյան-ավագը չխոսեց այդ թեմայով և խնդրեց այդ հարցի շուրջ դիմել «Շիրակի» մամուլի ծառայությանը: Գյումրեցիների մամուլի քարտուղարը, ով ներկա էր ասուլիսին, հայտնեց, որ շուտով այդ հարցի շուրջ պաշտոնական հայտարարություն կլինի։ 

Հաշվի առնելով այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ «բանակայինների» մարզիչները բարձր են գնահատել պատանի ֆուտբոլիստի խաղը և «Շիրակի» կողմից սպասվող հայտարարությանը տրվող նշանակությունը, կարելի է ենթադրել, որ Վահան Բիչախչյանը շուտով նոր թիմ է ունենալու:

Աբրահամ Խաշմանյան («Ալաշկերտ»)

Խաղի ամփոփման հարցում Խաշմանյանն իր տեսակետով մոտ էր մրցակից թիմի մարզչի կարծիքին.

«Երկկողմանի լավ խաղ էր: Հավանաբար երկրպագուներին դուր եկավ: Առաջին կեսում ունեինք առավելություն, գոլային պահեր ստեղծեցինք, որոնք չօգտագործեցինք (գոլը խփվել է 11-մետրանոց հարվածով): Երկրորդ կեսում ինքներս բարդացրեցինք մեր խաղը: Մի փոքր հոգնածություն զգացվեց, մասնավորապես այն ֆուտբոլիստների մոտ, ովքեր վերջին 10 օրը հավաքականի ճամբարում էին և մեր թիմի ռեժիմով չեն աշխատել: «Շիրակի»՝ երկրորդ կեսում ակտիվանալու պատճառներից մեկն այն էր, որ չորրորդ փոփոխության հնարավորություն ունեին: Առաջին ու երկրորդ խաղակեսերի իրադարձությունները հաշվի առնելով, գրանցված հաշիվը տրամաբանական եմ համարում»:

Մինչև այսօր կայացած խաղը երևանյան թիմը 1 ընդգծված կենտրոնական հարձակվողով հանդես է եկել 5 խաղերում, որոնցից միայն 2-ում է հաղթանակ տոնել: Մյուս 3 հանդիպումներում երևանցիները գործել են 2 «9 համարներով» և նույնքան հաղթանակ տոնել: Խաշմանյանի օրոք 2 հարձակվողներով խաղը միշտ ավելի հաջող է ստացվել (հիշեք Մանասյան-Հեբեր խաղազույգը): Զարմանալի չէր, որ այսօրվա կարևորագույն մրցավեճում Հայաստանի չեմպիոնը գործում էր Մանասյան-Գյոզալյան հարձակման զույգով: Առաջին կեսում նրանց համագործակցությունը ստացվում էր, գոլային պահերն էլ շատ էին: Երկրորդի սկզբում Միհրանը փոխարինվեց: Այդ ֆուտբոլիստների ելույթը Խաշմանյանը հետևյալ կերպ գնահատեց.

«Նրանք լավ էին համագործակցում: Ֆոմենկոն հոգնածություն ունի, որովհետև նախապատրաստական շրջան չի անցել, այդ պատճառով մեկնարկային կազմում չկար: Բացի այդ, մենք այժմ 3 օրը մեկ խաղ ունենք (Գավաթ ու առաջնություն), ուստի պետք է ռոտացիա կատարենք, որպեսզի խաղացողները թարմ լինեն: Արտակ Եդիգարյանը բացակայում էր վնասվածքի պատճառով: Հույս ունենք նա առաջիկա խաղին պատրաստ կլինի: Նա մեզ համար առանցքային ֆուտբոլիստ է»:

Երբ երկրորդ կեսում «Շիրակը» սկսեց սպառնալ դարպասին և, թվում էր, գոլը րոպեների հարց է, Խաշմանյանը որոշեց արձագանքել և Արտակ Դաշյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերել ևս մեկ պաշտպանի: Երբ Ալեքսանդր Տասիչը եզրային գծի մոտ սպասում էր խաղի դադարին, որպեսզի խաղադաշտ դուրս գա, Գիորգի Գոգիչաևը հավասարեցրեց հաշիվը: Sport Тimes.am-ի այն հարցին, թե չկատարված փոփոխությո՞ւնն էր բաց թողած գոլի պատճառը, 48-ամյա մարզիչը նշեց.

«Հնարավոր է, որ դա էր պատճառը: Նրանց ձախ եզրում թարմ ֆուտբոլիստ էր գործում և մենք սկսել էինք զիջել այդ կողմում: Տասիչի օգնությամբ փորձեցինք շտկել իրավիճակը, սակայն փոխարինում կատարելու հնարավորություն չունեցանք, որովհետև խաղում դադար չեղավ: Մտադիր էինք Վահագն Մինասյանին ուղարկել այդ գոտի: Ամեն դեպքում ֆուտբոլ է, չես կարող վստահ ասել, որ այդ փոխարինումը կօգներ խուսափել բաց թողած գոլից»:

Երևանցիների ստացած 11-մետրանոց հարվածն իրացրեց Նորայր Գյոզալյանը: Մարզիչը մեր կայքի հնչեցրած հարցից հետո բացատրեց, թե ինչու էր գնդակին մոտեցել թիմի 22 համարը:

«Ես էի որոշել 11-մետրանոցն իրացնողին: Նորայրից բացի կար ևս մեկ խաղացող: Նրանցից մեկը, ով ավելի վստահ լիներ այդ պահին, նա էլ պետք է կատարեր հարվածը: Ընտրությունս կանգնել է Գյոզալյանի վրա, որովհետև նա լավ է իրացնում այդ հարվածները, այնպես ինչպես Անդրանիկ Ոսկանյանն ու Վահագն Մինասյանը»:

Ասուլիսի վերջում Խաշմանյանը խոսեց ազգային հավաքականի վերջին խաղում մեկնարկային կազմում հայտնված Վահագն Մինասյանի, Արտակ Գրիգորյանի ու Կարեն Մուրադյանի խաղի մասին: Արսեն Բեգլարյանի մասին չնշվեց, որովհետև նա հավաքականի հիմնական դարպասապահն է և մշտապես խաղում է:

«Կարծում եմ՝ բոլորն էլ լավ խաղ անցկացրին: Եթե հաշվի առնենք, որ նրանցից մի քանիսն առաջին անգամ էին խաղում ազգային ընտրանու կազմում, ինձ վրա լավ տպավորություն թողեցին: Ես դա չեմ ասում, որովհետև նրանց թիմի մարզիչն եմ: Գործեցին շատ կազմակերպված և ցուցադրեցին առավելագույնը, ինչ կարող էին անել: Հույս ունեմ՝ մոտ ապագայում այլ ֆուտբոլիստներ էլ կպատրաստենք հավաքականի համար»:

Հայկ Հովհաննիսյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում