Իկարդին «Ինտերի» երկրպագուների կողմից հարձակման է ենթարկվել

Իկարդին «Ինտերի» երկրպագուների կողմից հարձակման է ենթարկվել

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին Ա սերիայի 8-րդ տուրի «Կալյարիի» հետ խաղից (1:2) հետո ենթարկվել է «ներաձուրիի» երկրպագուների կողմից հարձակման:

«Football Italia»-ն տեղեկացնում է, որ միլանցիների մոտ 40 ֆանատներ Իկարդիին դիմավորել են նրա տան մոտ և սպառնալից պաստառ բարձրացրել. «Մենք այստեղ ենք: Երբ կգան քո արգենտինացի ընկերները, դու մեզ կտեղեկացնե՞ս, թե՞ դու վախկոտ ես»: Բացի այդ, նրանք հարձակվել են ֆուտբոլիստի մեքենայի վրա:

«Ինտերի» երկրպագուները հեռացել են միայն այն ժամանակ, երբ ֆուտբոլիստի տանից դուրս է եկել զինված թիկնապահը:

Իկարդիի և «ներաձուրիի» երկրպագուների միջև կոնֆլիկտը սկսվել է օրերս լույս տեսած հարձակվողի ինքնակենսագրականից հետո: Գրքում Իկարդին պատմել է, որ վիրավորական խոսքեր է ասել «Curva Nord» ուլտրաս խմբի հասցեին, երբ նրանց առաջնորդը երեխայի ձեռքից խլել է արգենտինացու նվիրած մարզաշապիկը և այն տրիբունայից խաղադաշտ նետել:

Ավելի ուշ ֆուտբոլիստը ներողություն է խնդրել, սակայն երկրպագուները սկսել են պահանջել նրան զրկել թիմի ավագի թևկապից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում