ՏՏ ոլորտում ճանաչում ունեցող SYNERGY Internetoinal Systems ընկերությունն արդեն գրասենյակ ունի նաև Գյումրիում

ՏՏ ոլորտում ճանաչում ունեցող SYNERGY Internetoinal Systems ընկերությունն արդեն գրասենյակ ունի նաև Գյումրիում

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ ճանաչում ունեցող SYNERGY Internetoinal Systems /Սիներջի Ինթընեշընլ Սիսթըմզ/ ընկերությունն արդեն իր գրասենյակն ունի նաև Գյումրիում:

Հոկտեմբերի 17-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ Սիներջի Ինթընեշընլ Սիսթըմզ ընկերության Գյումրու գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը: Բացմանը ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ:

1997թ.-ին հիմնադրված Սիներջի կազմակերպության գլխամասը գտնվում է Վաշինգտոնում: Ընկերությունն աշխատում է աշխարհի ավելի քան 60 երկրների հետ: Ընկերությունում ներկայումս աշխատում են շուրջ 200 բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Այն ծրագրային ապահովման և խորհրդատվական ընկերություն է, որը մշակում է տվյալների կառավարման համակարգեր՝ մոնիթորինգի և գնահատման, սոցիալական ապահովության, դատական, ֆինանսական, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում՝ ինչպես պետական և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ հասարակական և մասնավոր սեկ տորների համար: 1999 թվականից գործում է Երևանում, իսկ 2013 թվականից գործում է նաև Ստեփանակերտում՝ ներկայումս ունենալով 30 աշխատակից:

«Ոգևորությունը շատ մեծ է: Երևանում մեր ընկերությունում աշխատելու համար դիմածների մեծ մասը Գյումրիից են, և սա էր Գյումրիում ընկերությունը բացելու նախապայմանը: Սիներջիի բացումը ռազմավարական մեծ նշանակություն ունի Գյումրու ՏՏ ոլորտի զարգացման համար: Նախ և առաջ ընկերության մուտքը մեծ խթան կհանդիսանա հայաստանյան այլ ՏՏ ընկերությունների համար՝ կատարել ներդրումներ՝ նպաստելով ամենահրապուրիչ ոլորտներից մեկի զարգացմանը ՀՀ շրջաններում: Բացի այդ, Սիներջին Գյումրիում կներդնի իր տեխնո մշակույթն ու հաջողված փորձը մարզերի հետ աշխատելու հետ կապված: Աշխատանքը Գյումրիում սկսում ենք 5 ծրագրավորողներով, բայց մոտ ապագայում նախատեսում ենք ընկերությունը ընդլայնել՝ ավելացնելով աշխատողների թիվը: Սա լավ հնարավորություն է ոլորտի մասնագետների համար՝ լավագույները կմնան ու կաշխատեն Գյումրիում՝ կանխելով արտահոսքը»,- «Արմենպրես»-ի հետ հարցազրույցի ժամանակ նշեց Սիներջի Ինթընեշընլ Սիսթըմզ ընկերության նախագահ Աշոտ Հովհաննիսյանը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ներկայումս գործում են 23 կազմակերպություններ: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը և շուկայի պահանջներին համապատասխան կադրերի վերապատրաստմանը, տեխնոլոգիական նոր ընկերությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը: Կենտրոնի կողմից ստեղծված տեխնոլոգիական և ինովացիոն միջավայրը Գյումրին դարձնում է գրավիչ ոչ միայն տեղական, այլև միջազգային կազմակերպությունների համար:

 Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը շոշափում են ՏՏ ոլորտի զարգացման յուրաքանչյուր կարևորագույն ոլորտ: ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր,մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդ գրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ANEL),Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում