Չեմպիոնների լիգա․ Ի՞նչ սպասել երրորդ տուրում

Չեմպիոնների լիգա․ Ի՞նչ սպասել երրորդ տուրում

Երեք շաբաթվա դադարից հետո Չեմպիոնների լիգան վերադառնում է։

Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է խփել եվրագավաթում իր 100-րդ գոլը, «Նապոլին» ռեկորդի ճանապարհին է, իսկ Խոսեպ Գվարդիոլան՝ Բարսելոնա վերադարձի։

Ներկայացնում ենք Չեմպիոնների լիգա խմբային փուլի երրորդ տուրի գլխավոր ինտրիգները։

Ռոնալդուն և հարյուրյակը

Արդեն իսկ բազմաթիվ ռեկորդներ սահմանած պորտուգալացի աստղը կարող է դառնալ առաջին ֆուտբոլիստը, ով եվրագավաթում կխփի 100 գնդակ։ 31-ամյա ֆուտբոլիստին այս գեղեցիկ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է դուբլի հեղինակ դառնալ «Լեգիայի» հետ խաղում, որը երկրորդ տուրից հետո խփած և բաց թողած գոլերի բացասական ցուցանիշ ունի՝ -8։ Այնպես որ՝ Ռոնալդուն հերթական անգամ թերթերի առաջին էջերում հայտնվելու հիանալի հնարավորություն ունի։

Ակինֆեևի սև շրջանը շուտով կբոլորի 10-ամյակը

Իգոր Ակինֆեևի՝ Չեմպիոնների լիգայում սև սերիան շուտով կարող է հատել 10 տարվա սահմանը։ Հենց այսքան ժամանակ ԲԿՄԱ-ի դարպասապահը չի կարողանում անառիկ պահել սեփական դարպասը մրցաշարում, որում հաջողության հասնելու կարևոր երաշխիքներից մեկը հուսալի պաշտպանությունն է։ Օրինակ՝ գործող գավաթակիր «Ռեալը» նախորդ խաղարկության 13 խաղերից 11-ում գոլ բաց չի թողել։ Եթե հաշվի առնենք, որ ԲԿՄԱ-ի առաջիկա մրցակիցը՝ «Մոնակոն» ամիսը լավ է սկսել՝ Ֆրանսիայի աառաջնությունում տոնելով իր պատմության ամենախոշոր արտագնա հաղթանակը («Մետց»-«Մոնակո»՝ 0։7)՝ Ակինֆեևին այնքան էլ ուրախ երեկո չի սպասվում։

Անպարտ «Կոպենհագենը»

«Կոպենհանգենն» Անգլիա է ուղևորվել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության մասնակիցների թվում անպարտելիության ամենաերկար շարքն ունեցող թիմի կարգավիճակում։ Դանիայի չեմպիոնները չեն պարտվել մայիսի 22-ից․ 23 հանդիպում, որոնցից 8-ը՝ եվրագավաթային։ Ամեն դեպքում, «Լեսթերի» հետ հանդիպումը հեշտ չի լինելու․ «աղվեսները» սեփական հարկի տակ անցկացրած վերջին 22 խաղում ընդամենը 2 պարտություն է կրել՝ տոնելով 13 հաղթանակ, իսկ «Կոպենհանգենը» երբեք Անգլիայում չի հաղթել։

«Սպորտինգի» բարդ առաջադրանքը

Գերմանական թիմերի դեմ անցկացրած վերջին 12 տնային խաղերում «Սպորտինգն» ընդամենը 2 հաղթանակ է տոնել, կրել է 5 պարտություն։ Այս անհաջող շարքի մեջ է մտնում 2009 թվականին «Բավարիայից» խոշոր՝ 0։5 հաշվով կրած պարտությունը։ Չնայած պորտուգալացիների առաջիկա մրցակիցը՝ Դորտմունդի «Բորուսսիան» արտագնա խաղերում կանոնավոր գոլեր է՝ հարձակվող Բրայան Ռուիսը նշել է, որ իրենք հաղթելու մտադրություն ունեն․

««Բորուսսիայի» և «Ռեալի» ոչ-ոքին փոխեց մեր խմբի իրավիճակը։ Այժմ մենք մտադիր ենք առավելագույն օգուտ քաղել ստեղծված իրավիճակից և «Բորուսսիայի» հետ խաղում միավորներ վաստակել»,-ասել է Ռուիսը։

«Նապոլիին» մեկ քայլ է բաժանում ռեկորդից

Եթե «Նապոլին» հաղթի «Բեշիկթաշին», իսկ Կիևի «Դինամոն» ոչ-ոքի խաղա «Բենֆիկայի» հետ, «Նապոլին» կդառնա առաջին թիմը, որը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրից հետո փլեյ-օֆֆի ուղեգիր կնվաճի։ «Նապոլին» ռեկորդ սահմանելու հիանալի հնարավորություն ունի, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ «Բեշիկթաշն» իտալական թիմերի դեմ 11 խաղում ոչ մի հաղթանակ չի տոնել (9՝ ոչ-ոքի, 2՝ պարտություն)։

Գվարդիոլան՝ ընդդեմ հարազատների

Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» հետ վերադառնում է հարազատ մարզադաշտ՝ պայքարելու այն թիմի դեմ, որի միջոցով անուն է ձեռք բերել և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ։ Ֆուտբոլիստի կարգավիճակում Գվարդիոլան կատալոնական ակումբում 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ հաղթել է Չեմպիոնների գավաթի խաղարկությունում, իսկ մարզչական կարիերայի ընթացքում 14 տիտղոս է նվաճել՝ ներառյալ Չեմպիոնների լիգայի 2 գավաթ։ Գվարդիոլան մրցակցի կարգավիճակում մեկ անգամ արդեն այցելել է «Կամպ Նոու»․ փորձն անհաջող էր՝ 2014-15թթ․ խաղարկության կիսաեզրափակչում «Բավարիան» 0։3 հաշվով պարտություն կրեց։ Թե ի՞նչ ճակատագիր է սպասվում «Մանչեսթեր Սիթիին», պարզ կդառնա հոկտեմբերի 19-ին։

Փարիզյան ամրություն

Եթե հետևենք վիճակագրությանը՝ Ունաի Էմերիի թիմիի համար «Բազելի» հետ առաջիկա հանդիպումը բարդ չի լինելու։ «Պարի Սեն Ժերմենը» «Պարկ դե Պրենսում» անցկացրած վերջին 41 խաղում ընդամենը 1 պարտություն են կրել (2015 թվականին «Բարսելոնայից»)։ Շվեյցարացիների համար իրավիճակն ավելի տխուր է դառնում, երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ նրանք երբեք չեն հաղթել Ֆրանսիայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում