«Ուրարտուն» ցավալի պարտություն կրեց

«Ուրարտուն» ցավալի պարտություն կրեց

Ռուսաստանի Սուպերլիգայի 4-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվել էր գործող չեմպիոն «Սախալինին» և 69:81 հաշվով պարտություն կրեց:

Այդ պարտությունը ցավալի էր հատկապես այն պատճառով, որ Տիգրան Գյոկչյանի գլխավորած թիմը առաջին երկու քառորդներում հիանալի գործեց և հաշվի մեջ առաջ լինելով (39:37) գնաց մեծ ընդմիջման:

Սակայն երրորդ ու չորրորդ քառորդների ընթացքում երևանյան թիմը սկսեց ավելի անհաջող խաղալ պաշտպանությունում և համեմատաբար քիչ միավորներ վաստակել առջևի գծում, ինչի արդյունքում մրցակցին թույլ տվեց զգալիորեն առաջ պոկվել: Բացի այդ, «Սախալինը» սկսեց ավելի հաջող իրացնել հեռահար նետումները, ինչն առաջին կեսում նրանց մոտ այդքան էլ լավ չէր ստացվում: Արդյունքում, որոշիչ դարձավ երրորդ քառորդը 10 միավորի տարբերությամբ զիջելը:

«Ուրարտուի» և ընդհանրապես խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը կենտրոնական Թոդ Օ’Բրայենն էր, ով հավաքեց 21 միավոր և 11 անգամ տիրեց անդրադարձին: 19 միավոր է հավաքել Արիզոնա Ռեյդը:

Հայկական թիմը 4 հանդիպումներում նույնքան պարտություն է կրել և 4 թիմերի հետ գտնվում է վերջին հորիզոնականում: 5-րդ տուրում «Ուրարտուն» արտագնա խաղում կմրցի «Խիմկիի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում