Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք խաղերը

Չեմպիոնների լիգայում այսօր կկայանան խմբային փուլի 3-րդ տուրի վերջին 8 հանդիպումները: Բոլոր խաղերը սկսվելու են Երևանի ժամանակով 22:45-ին:

A խմբում ՊՍԺ-ն կընդունի «Բազելին», իսկ «Արսենալը»՝ «Լուդոգորեցին»: 2 տուրերից հետո փարիզյան ու լոնդոնյան ակումբները 4 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ բուլղարական ու շվեյցարական թիմերը հավաքել են 1-ական միավոր:

B խմբում «Նապոլին» «Սան Պաուլոն» մարզադաշտում հյուրընկալելու է «Բեշիկթաշին»: Առայժմ երկրորդ տեղով փլեյ-օֆֆ մտնելու համար պայքարող «Դինամոն» ու «Բենֆիկան» ուժերը կչափեն Կիևում: Ներկայումս «Նապոլին» ունի 6 միավոր, թուրքական թիմը հավաքել է 2, իսկ ուկրաինական ու պորտուգալական գրանդներն ընդամենը 1-ական միավոր:

C խմբում տեղի կունենա ոչ միայն ընթացիկ տուրի, այլ ամբողջ խմբային մրցաշարի կենտրոնական խաղերից մեկը. «Բարսելոնան» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հանդիպումը կկայանա «Նոու Կամպ» մարզադաշտում: Մյուս մրցավեճում կհանդիպեն «Սելթիկն» ու Մյունխենգլադբախի «Բորուսսիան»: Կատալոնացիները հաղթանակի դեպքում կունենան 9 միավոր և կպահպանեն առաջատարի դիրքը, «քաղաքայինները» 4 միավոր ունեն, «Սելթիկը» հավաքել է 1, իսկ «Բորուսսիան»՝ 0:

D խմբի առաջատար «Ատլետիկոն» կհյուրընկալվի խաղաոճով իրեն շատ նման «Ռոստովին»: «Բավարիան» նախորդ տուրի անհաջողությունից հետո փորձելու է Մյունխենում շանս չտալ ՊՍՎ-ին: Առայժմ «Ատլետիկոն» ունի 6 միավոր: Նրան հետապնդող «Բավարիան» վաստակել է 3, իսկ ՊՍՎ-ն ու «Ռոստովը»՝ 1-ական:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում