ՀՖՖ-ն պատասխանել է «Շիրակի» առարկությանը

Արդեն տեղեկացրել ենք, որ «Շիրակն» առարկություն է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ կապված Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի՝ «Ալաշկերտ» – «Շիրակ» (1:1) հանդիպման 32-րդ րոպեին գլխավոր մրցավար Սուրեն Բալյանի կողմից արձանագրված կանոնների խախտման և «Շիրակի» դարպասին 11-մետրանոց հարվածի նշանակման հետ։

Այսօր ՀՖՖ պատասխանել է «Շիրակի» առարկմանը։ Մրցավարական կոմիտեի որոշումը ներկայացնում ենք ստորև՝

«ՀՖՖ Մրցավարական Կոմիտեն 17.10.2016 թ.-ին կայացած նիստում՝ հիմք ընդունելով խաղի տեսուչ Գ. Հովհաննիսյանի զեկուցագիրը, քննարկել է ս/թ հոկտեմբերի 16-ին կայացած ՀՀ ԲԽ «Ալաշկերտ» – «Շիրակ» խաղի 32-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածի դրվագը։

Խաղի տեսուչ Գ. Հովհաննիսյանը իր զեկուցագրում նշել է, որ խաղի 32-րդ րոպեին մրցավար Սուրեն Բալյանը կայացրել է սխալ որոշում՝ «Շիրակ» թիմի դարպասին նշանակելով 11 մետրանոց հարված։

Այդ սխալի համար տեսուչ Գ. Հովհաննիսյանը մրցավար Ս. Բալյանին գնահատել է անբավարար։Դիտելով վերը նշված դրվագի տեսագրությունը՝ ՄԿ անդամները համաձայնվեցին տեսուչի որոշման հետ։ Այսպիսով, ՄԿ մրցավար Ս.Բալյանին տույժի է ընթարկել, որակազրկելով նրան՝ համաձայն մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին կանոնակարգի»։

ՀՖՖ-ն նամակում չի նշել, թե Սուրեն Բալյանը քանի խաղով է որակազրկվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում