Հակոբ Սերոբյանը և Արայիկ Բաղդադյանը ներկայացրել են հաշվետվությունները

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր տեղի են ունեցել երկու մարզաձևերի՝ մարմնամարզության և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների գլխավոր մարզիչների հաշվետվությունների լսումները:

Առաջինը օլիմպիական խաղերի մասնակցության հաշվետվությամբ հանդես է եկել մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որը ներկայացրել է Ռիո-2016-ին մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանի և Արթուր Դավթյանի հետ նախաօլիմպիական քառամյա փուլում անցկացված նախապատրաստական աշխատանքները (ուսումնամարզական հավաքներ, միջազգային մրցաշարարի մասնակցություն):

«Շատ եմ ցավում, որ Հարությունը իր մրցելույթում չկատարեց վերջին տարրը, ինչն էլ պատճառ դարձավ նրա ձախողման: Մինչև այսօր չենք կարողանում հասկանալ դրա պատճառը: Երևի այն ավելի շատ հոգեբանական էր»,- Սերոբյանի խոսքը մեջբերում է նախարարության պաշտոնական կայքը։

Հակոբ Սերոբյանը նաև գոհունակությամբ խոսել է մեր մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանի մասին, որը, թեև մրցանակային տեղ չի գրավել օլիմպիական խաղերում, սակայն իր վարժությունում կիրառել է բացառիկ տարր, որն էլ կոչվել է նրա անունով:

«Սա մեզ հպարտանալու առիթ է տալիս, քանի որ մարմնամարզության մեջ գրանցվել է նոր տարր՝ հայ մարզուհու անունով»,- նշել է գլխավոր մարզիչը:

Չնայած հայ մարմնամարզիկները ամառային օլիմպիական խաղերում մեդալների չեն արժանացել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկար տարիների ընդմիջումից հետո նրանք դուրս են եկել օլիմպիական խաղերի եզրափակիչ, հաշվետվություններն ընդունող աշխատանքային խումբը Հայաստանի մարմնամարզության հավաքականի մասնակցությունը Ռիո-2016-ին գնահատել է բավարար:

Հաջորդ հաշվետվությունը ներկայացրել է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: Նա ներկայացրել է բոլոր այն նախապատրաստական միջոցառումները, որոնք իրականացվել են նախաօլիմպիական փուլում:

«Արդյունքում ունեցանք 4 վարկանիշ 6 քաշային կարգերում: Ես՝ որպես հավաքականի գլխավոր մարզիչ, սպասում էի գոնե մեկ մեդալի Ռիոյում կայացած օլիմպիական խաղերից, սակայն, ցավոք, մեր տղաներից ոչ ոք մրցանակային տեղ չգրավեց»,- ասել է Բաղդադյանը և հավաքականի մասնակցությունն ամառային օլիմպիական խաղերին գնահատել է անբավարար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում