«Վալենսիա»-«Բարսելոնա»՝ 2։3․ «չղջիկները» ցավալի պարտություն կրեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակում «Մեստալյա» մարզադաշտում կայացավ «Վալենսիա» – «Բարսելոնա» հանդիպումը։ Դիտարժան պայքարում անցած խաղն ավարտվեց «չղջիկների» համար ցավալի արդյունքով՝ 2։3 հաշվով։

Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Լիոնել Մեսսին․ խաղային այդ դրվագում գլխավոր մրցավար Ալբերտո Ունդիանո Մալյենկոն, չարձանագրելով խաղից դուրս վիճակ, արձանագրեց արգենտինացու գոլը։

Թիմերն ընդմիջման գնացին կատալոնացիների նվազագույն առավելության պայմաններում, իսկ երկրորդ կեսը Չեզարե Պրանդելիի սաները հաջող սկսեցին․ նախ 52-րդ րոպեին «Բարսելոնայի» դարպասը գրավեց Մունիր Էլ-Հադդադին, ապա 56-րդ րոպեին Ռոդրիգո Մորենոն առաջ մղեց դաշտի տերերին։ «Բարսելոնային» հաջողվեց արագ վերականգնել հաշվի հավասարությունը․ 62-րդ րոպեին աչքի ընկավ Լուիս Սուարեսը։

2։2 հաշիվը պահպանվեց մինչև 93-րդ րոպեն, երբ Դիեգո Ալվեսի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Լիոնել Մեսսին։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 19 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն առաջատարները տուրի շրջանակում իրենց հանդիպումները դեռ չեն անցկացրել։ «Վալենսիան» մնաց 9 միավորով՝ 15-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Վալենսիա» – «Բարսելոնա»՝ 2։3
Գոլերը՝ Մունիր 52՛, Ռոդրիգո 56՛ – Մեսսի 22՛, 90+3՛ / 11-մետրանոց, Սուարես 62՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում