«Ալաշկերտում» գլխավոր մարզչի հարցում հստակություն չկա

Արդեն տեղեկացրել ենք, որ Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի՝ «Արարատ» – «Ալաշկերտ» խաղում հյուրերը 2։1 հաշվով հաղթանակ են տոնել։

Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» այլևս նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմայանը Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի՝ «Փյունիկի» հետ հանդիպումից հետո հրաժարական էր տվել։ Այս խաղին գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր «Ալաշկերտ-2»-ի մարզիչ Սերգեյ Էրզրումյանը, ով հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ «Ալաշկերտը» մեծ առավելություն է ունեցել հատկապես առաջին կեսում։

«Կարող էինք 3-4 գնդակ խփել և ավելի հագիստ ֆուտբոլ խաղալ, բայց գոլային պահերը չօգտագործեցինք, իսկ հետո մեր խաղը բարդացավ։ Շնորհակալություն եմ հայտնում տղաներին, որ եռանդով պայքարեցին մինչև վերջ և կարողացան հաղթանակ կորզել»,-ասաց Էրզրումյանը։

Հարց հնչեց, թե ակումբի նախագահ Բագրատ Նավոյանն ինչ առաջադրանքներ է դրել Սերգեյ Էրզրումյանի առջև, ինչին մարզիչը պատասխանեց, որ որպես այդպիսին առաջադրանք դրված չէ, քանի որ ինքն այս պահին գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է։

Սերգեյ Էրզրումյանը հավաստիացրեց, որ ինքն է ընտրել մեկնարկային կազմը և մարտավարությունը: Մեկնարկային կազմից բացակայում էին Արթուր Եդիգարյանը և Կարեն Մուրադյանը, ովքեր վերջերս հրավիրվել էին ազգային հավաքական։ Սերգեյ Էրզրումյանը պարզաբանեց, որ նրանց հանգստանալու հնարավորություն էր տվել։

«Սերգեյ Էրզրումյանը ներկա է եղել բոլոր խաղերին և լավ ծանոթ է ֆուտբոլիստներին հնարավորություններին»,- հավելեց ակումբի մամուլի քարտուղար Գևորգ Մարիկյանը։

Sport Times.am-ի հարցին, թե արդյո՞ք Սերգեյ Էրզրումյանը պատրաստվում է մարզել 2 թիմերը միաժամանակ, պատասխանեց «Ալաշկերտի» մամուլի քարտուղար Գևորգ Մարիկյանը․ «Այս վիճակը դեռ կշարունակվի։ Երբ նորություն լինի, կտեղեկացնենք»։

Հարցին, թե բարդ չի՞ լինի միագամից 2 թիմ մարզելը, կրկին պատասխանեց Գևորգ Մարիկյանը․ «Իհարկե բարդ կլիներ, եթե իրավիճակը շարունակվեր մինչև մայիսի 31-ը, բայց սա ժամանակավոր է, ի դեպ չմոռանանք՝ այսօր Սերգեյ Էրզրումյանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ»։

Աբրահամ Խաշմանյանի հետ հրաժարական են տվել նաև «Ալաշկերտի» մարզչական շտաբի անդամները, հեռացվել են որոշ ֆուտբոլիստներ, իսկ ակումբը պարզաբանող հայտարարություն չի տվել։ Այս դիտարկման առնչությամբ Գևորգ Մարիկյանն ասաց, որ պարզապես պետք է հետևել ակումբի պաշտոնական կայքին․․․ Իսկ թե երբ կլինեն նորությունները՝ հայտնի չէ։

 

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում