«Միշտ վայրի եմ եղել» | Ի՞նչ կարող ենք իմանալ Իկարդիի ինքնակենսագրականից

Վերջերս «Ինտերի» 23-ամյա հարձակվող Մաուրո Իկարդին հրատարակեց իր «Sempre Avati» («Միշտ առաջ») ինքնակենսագրականը: Պարբերությունները, որտեղ ֆուտբոլիստը պատմում է 2015թ. փետրվարին երկրպագուների վարքագծի, նրանց հետ ընդհարման մասին ու խոստովանում, որ պատրաստ է եղել երկրպագուներին հանգստացնելու համար դիմել մաֆիայի ծառայություններին, արդեն իսկ տարածվել են համացանցում և կոնկրետ հետևանքներ ունեցել։

Ներկայացնում ենք 9 փաստ Իկարդիի մասին, որ կարող ենք իմանալ նրա գիրքը թերթելով: Ինչո՞ւ 9, որովհետև դա ֆուտբոլիստի սիրելի թիվն է:

Մեջբերված հատվածներն ապացուցում են, որ 23 տարեկանում բոլորովին պարտադիր չէ ինքնակենսագրական գրել․․․

«Նույնիսկ եթե ինձ դուր է գալիս իմ «Lamborghini»-ն «Ինտերի» գույներով ներկել, միևնույն է՝ ես այն նույն հասարակ ու համեստ տղան եմ, որ 10 տարի առաջ էի»:

1. «Իկարդի» թիմ

Մաուրոյի հայրը երեք կին է ունեցել ու երեխաներ յուրաքանչյուրից: Առաջին ամուսնության ժամանակ ծնվել է Ֆրանկոն, ով իր հերթին երկու ժառանգ է տվել՝ Ալդանն ու Խուան Խեսուսը: Մաուրոյի մայրը՝ Անալյան ֆուտբոլիստից բացի ևս երկու որդի ունի՝ Իվանն ու Գիդոն: 2013-ին Իկարդիի ծնողները բաժանվել են։ Անալյան մեկ այլ տղամարդուց ևս երկու երեխա է ունեցել՝ Մարտինան և Ալեսանդրան: Մեկ խոսքով՝ Իկարդիի ընտանիքից իսկական ֆուտբոլային թիմ կարելի է ստանալ:

2. Էլ-Կանիտո

Իկարդիի այս կեղծանունը քչերին է հայտնի: Ֆուտբոլիստը փորձում է մեկանաբանել.

«Մի փոքր անհարմար եմ զգում բացատրել դրա ծագումը, բայց կփորձեմ անկեղծ լինել: Ամեն ինչ սկսվեց լուսանկարից, որտեղ 4 տարեկան էի ու ամբողջովին մերկ: Ոչ մի յուրահատուկ բան, բայց չգիտես՝ ինչու ինձ սկսեցին անվանել «cano», որն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «խողովակ» կամ «երկաթե խողովակ»։ Ամեն դեպքում կարծում եմ, որ այդ լուսանկարում մաքուր և գեղեցիկ երեխա էի, բայց այն այլևս չեմ հիապարակի»:

3. Ցերեկային դարպասապահ, գիշերային ավտոկայանող

Արգենտինայի պատանեկան առաջնությունում կանոն կա. եթե թիմերից մեկը 7 գնդակ է խփում, խաղն ավարտվում է անկախ նրանից, թե քանի րոպե դեռ կա: Մաուրոյի մասնակցությամբ խաղերը հաճախ շատ արագ էին ավարտվում, քանի որ նա ժամանակ առ ժամանակ ստիպված էր լինում հսկել դարպասը: Անմիջապես խաղի ավարտից հետո Իկարդին վազում էր մոտակա ակումբի տարածք։

«Այստեղ, այստեղ, մի քիչ էլ, կանգնիր»,- սովորական բառեր, որ օգտագործում են ավտոկայանատեղի աշխատողները: Այս աշխատանքը Մաուրոյին օգնում էր մի քանի պեսո վաստակել, թեև երբեմն «շնորհակալություն» բառով էլ ամեն բան ավարտվում էր:

4. Ֆաջիոլի

Մոռացեք բոլորին խելքահան անող րիզոտոյի մասին: Մաուրոյին դուր է գալիս հասարակ ուտեստ պատրաստել: Եթե նրան ընթրիքի հրավիրեք, ֆաջիոլի պատրաստեք, կամ արգենտինական ձևով ձուկ: Ինչպես բնիկ հարավամերիկացիներն էին անում, Իկարդին ևս այն փշերով կուտի:

«Միշտ էլ վայրի եմ եղել և հստակ պատճառներով շարունակում եմ մնալ այդպիսին»,- գրել է Իկարդին։

Բավական է մարզադաշտից Իկարդիին բղավել. «Գոլ խփիր, ու ես քեզ համար ֆաջիոլի կպատրաստեմ», ու նա կխփի այնպես, ինչպես մանկության տարիներին, երբ գրեթե միշտ սովը զգացնել էր տալիս իրեն: 

5. Տատին և Տոտոն

Այսպես է վերնագրված գրքի ամենազգացմունքային հատվածներից մեկը, որտեղ Իկարդին պատմում է հարազատ տատի՝ Լուիզայի (Տատի) ու Աստվածամոր պատկերով մեդալյոնի մասին, որը տատը նրան էր նվիրել Եվրոպա մեկնելուց առաջ: Մաուրոն հիշում է նաև շանը՝ Տատոյին, որին փրկել էր կարտոֆիլ պատրաստելիս անզգուշաբար առաջացրած հրդեհից:

6. Երեկույթ Տիկի-տակա

Մաուրոն չի գրում՝ արդյո՞ք Արգենտինայում այդ ժամանակ կրակմարիչ ունեցել է հրդեհը մարելու համար: Իսկ ահա Բարսելոնայի «Լա Մասիա» բազայում կրակմարիչ վստահաբար եղել է: Իր 17-ամյակին՝ 2010-ի փետրվարի 19-ին, Մաուրոն զվարճանքի պահին շուրջն ամեն ինչ ցողել է կրակմարիչի փրփուրով:

«Չեմ կարող ասել, թե ինչու եմ արել դա։ Ես հարբած չէի, բայց էյֆորիայի մեջ էի ու նման բան անելու ցակություն ունեի: Եվ արեցի…»

Արդյունքում երեկույթը վաղաժամ ավարտվեց, իսկ Մաուրոն հեռացվեց մարզաբազայից։ Դա ուրախացրեց նրան, քանի որ այդպես երկար սպասված ազատություն ձեռք բերեց․ «Կարող էի անել՝ ինչ ցանկանայի ընկերուհիներիս հետ, իսկ Մեսսին ինձ հրավիրել էր «PlayStation» խաղալու»,- հիշում է Մաուրոն: 

7. Վանդայի 6-րդ զգայարանը

Երբ Վանդա Նառան դեռևս Մաքսի Լոպեսի կինն էր, արժեքավոր խորհուրդ տվեց ամուսնու ընկերոջը՝ Իկարդիին: 2013-ի հունվարի սկզբներին Մաուրոն հրավեր էր ստացել Արգենտինայի երիտասարդական հավաքականից, բայց միևնույն ժամանակ հնարավորություն էր ստացել ընդգրկվելու «Սամպդորիայի» հիմնական կազմում:

«Մաուրո, մերժիր հավաքականին, դու Ա Սերիայի ակումբի հիմնական կազմում լինելու հնարավորություն ունես»,- ասել է Իկարդիին ապագա կինը:

Վանդայի խոսքերից 4 օր հետո Իկարդին 2 գնդակ խփեց «Յուվենտուսի» դարպասը, և այդ գնդակները հավերժ փոխեցին նրա կյանքը:

8. Դաջվածքներ

Իկարդիի ոտքին կարելի է տեսնել դստեր՝ Ֆրանչեսկայի դեմքը, 19 թվանշանը (աղջիկը ևս ծնվել է 19-ին, բայց հունվարի), ժամացույց, որ նշում է նրա ծննդյան ժամը (12:46) ու նաև Վանդայի և Մաուրոյի անվան առաջին տառերը:

«Աղջկաս նկատմամբ սիրո մի նշան էլ կարելի է կրծքիս վրա գտնել: Ցույց տալու համար, որ սիրտս միշտ բաբախում է նրա խողքին, ես նրա անվան սկզբնատառն եմ դաջել»,-մեջբերում ենք 23-ամյա ֆուտբոլիստի ինքնակենսագրականից:

9. «9» համարը

Հենց այնսպես է Մաուրոն վերնագրել գրքի այն հատվածը, որտեղ շնորհակալություն է հայտնում «Ինտերի» ավագի թևկապն իրեն հանձնած Խավյեր Ձանետիին, Մասիմո Մորատիին, առանց որի նա այդ ակումբի ֆուտբոլիստ չէր դառնա: 

Գրքի մի հատված ֆուտբոլիստը նվիրել է Վանդային և 4 երեխաներին, տղաների հայրը Մաքսի Լոպեսն է, աղջկանը՝ Իկարդին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում