Արտակ Օսեյան. Ֆուտբոլիստների վերականգնման համար լրացուցիչ միջոցների ենք դիմում

Հայաստանի առաջնության 10-րդ տուրում «Փյունիկն» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Բանանցին» և բարձրացավ երրորդ հորիզոնական:

Հանդիպումից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն ընդգծեց, թե որն էր հաղթանակի հասնելու գլխավոր պատճառը.

«Այսօր մեր թիմը բավականին կազմակերպված խաղաց, բայց առաջնահերթ էր մեր ֆուտբոլիստների՝ հաղթանակի ցանկությունն ու նրանց տրամադրվածությունը: Այդ առումով այսօր գերազանց էին»:

Երիտասարդ մասնագետն «Ալաշկերտի» հետ գավաթային հաղթական պատասխան մրցավեճից (1:0) հետո գոհ էր մնացել արդյունքից, սակայն հայտարարել էր, որ այլևս չի ցանկանում, որ իր թիմը ետ քաշված խաղա: Այսօր նույնպես խաղավերջում «Փյունիկը» դադարեց նախաձեռնող ֆուտբոլ ցուցադրել:

«Առաջին խաղակեսն ինձ բավարարեց, բայց քանի որ արդյունքը միշտ ճնշում է, երկրորդ կեսում ետ քաշվեցինք, նախաձեռնող չէինք, բայց այդ քայլին ավելի շուտ մարտավարական դիտարկումներից ելնելով գնացինք»,- ասաց մարզիչը։

Ստացվում է՝ Օսեյանի ցանկությունը դեռ չի համընկնում թիմի հնարավորությունների հետ:

Այսօրվա խաղի առաջին կեսում կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց: Թվում էր, թե Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կրկին կարող է երկար ժամանակով դուրս մնալ շարքից, սակայն մարզիչն այլ կարծիք ունի․

«Չեմ կարծում թե լուրջ վնասվածք է: Ոտնաթաթն է վնասել: Հուսով եմ՝ հաջորդ խաղին Կամոն պատրաստ կլինի»:

«Փյունիկի»համար, այս հաղթանակը երրորդ անընդմեջն էր, առանց բաց թողած գոլերի: Այդ հաջողության գրավականը Օսեյանը կրկին կապեց ֆուտբոլիստների մոտիվացիայի հետ:

Հայկական ֆուտբոլում ոչ միշտ կարելի է տեսնել, թե ինչպես է հաղթական հաշիվը պահպանել փորձող թիմը խաղավարտից 10-15 րոպե առաջ մրցակցի կիսադաշտում մի քանի ֆուտբոլիստներով բարձր պրեսինգի դիմում: Այսօր «Փյունիկն» հենց այդպես էր գործում, չնայած նրան, որ 4 օր առաջ գավաթային ծանր հանդիպում էր անցկացրել:

Sport Times.am-ի այն հարցին, թե մարզչական շտաբն ինչպես է նման ֆունկցիոնալ վիճակի բերել թիմին, Օսեյանը պատասխանեց, որ նրանք վերականգնման մի քանի միջոցների են դիմում:

«Հնարավոր ամեն ինչ անում ենք, որ մեր ֆուտբոլիստներն արագորեն վերականգնվեն: Դրա համար աշխատում ենք թե՛ մարզումային պրոցեսի ժամանակ, թե՛ այլ լրացուցիչ միջոցների ենք դիմում: Բացի այդ, մյուս թիմերն էլ են մեր պես գրաֆիկով խաղում, և այնպես չէ, որ նրանք էլ թարմ էին»,- նշեց Արտակ Օսեյանը։

 

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում