Արթուր Ոսկանյան. «Բանանցը» կորցրել է վստահությունը

Հայաստանի Բարձրագույն խմբի 10-րդ տուրում «Բանանցը» սեփական հարկ տակ 0:1 հաշվով պարտվեց «Փյունիկին» և էլ ավելի ետ մնաց առաջատարներից: Խաղից հետո «Բանանցի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը ծավալուն մամուլի ասուլիս տվեց:

Նախ 40-ամյա մասնագետը խոսեց խաղից ստացած ընդհանուր տպավորություններից։

«Սպասում էինք, որ շատ լարված է լինելու: Այնպես ստացվեց, որ «Փյունիկը» կարողացավ ստանդարտն օգտագործել, իսկ մենք մեր մի քանի գոլային պահերը չկարողացանք իրացնել: Փակ խաղ էր, երկու թիմերն էլ սպասում էին գոլ խփելու հարմար պահի, և այդպես էլ ստացվեց: Վերջում չկարողացանք խաղը փրկել»,- ասաց Ոսկանյանը։

Տիտո Ռամալյոն «Բանանցից» պաշտոնանկ արվեց «Ալաշկերտից» 0:3 հաշվով կրած պարտությունից հետո: Նրան փոխարինած Ոսկանյանի գլխավորությամբ երևանյան թիմը 3 խաղ է անցկացրել և նույնքան պարտություն կրել: Sport.times.am-ի հարցին, թե ո՞րն է այդ անհաջողությունների պատճառը և ինչո՞ւմ է նա տեսնում դրանց լուծումը, մարզիչը տվեց հետևյալ պատասխանը․ 

«Պարտությունների պատճառն այն է, որ թիմը կորցրել է իր վստահությունը: Երբ ընդունեցինք թիմը, նման հոգեբանական վիճակ էր տիրում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ դադարել էր հավատալ իր ուժերին: Արդեն որոշ փոփոխություններ կան: Խնդրի լուծում եմ տեսնում «Բանանցի» երիտասարդ սաներին թիմում ներգրավելը: Պետք է թարմ արյուն ներարկենք»:

«Բանանցը» հաշվի մեջ զիջելիս մրցակցի դարպասին սկսեց լուրջ սպառնալ միայն խաղավերջում: Այն հարցին, թե ընդմիջման ժամանակ իր սաներին Ոսկանյանն ի՞նչ առաջադրանք էր տվել, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պատասխանեց․

«Մենք գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում խաղում էինք 3 հարձակվողով, սակայն նրանք չկարողացան աչքի ընկնել: Նույն Լաերսիոն ամբողջ խաղի ընթացքում չկարողացավ ոչ մի օգտակար գործողությամբ աչքի ընկնել: Ունեցավ մեկ գոլային պահ, բայց չիրացրեց դա»:

Հետո Ոսկանյանը խոսեց այն մասին, թե հիմա ո՞ր աշխատանքը կնախընտրեր. ֆուտբոլիստի՞, թե՞ մարզչի․

«Կցանկանայի հիմա ֆուտբոլիստ լինել: Ֆուտբոլ խաղալու համար ունենք հիանալի պայմաններ, սակայն մեր խաղաոճով ու խաղով շատ հետ ենք միջազգային մակարդակից: Նույնիսկ լեգիոնականների հրավիրելով նույն վիճակն է մնում: Ես հիմա խոսում եմ ողջ հայկական ֆուտբոլի մասին»:

Ուշագրավ է, որ թիմի հիմնական դարպասապահ Ստեփան Ղազարյանի բացակայության պարագայում (նա վնասվածք ունի) «Բանանցի» ավագի թևկապը կրում է 19-ամյա կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը: Sport.times.am-ը փորձեց նորանշանակ մարզչից պարզել, թե ինչ սկզբունքով են ավագի թևկապը վստահել երիտասարդ ֆուտբոլիստին․

«Հակոբ Հակոբյանը երկար տարիներ «Բանանցում» է: Նա մեր լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն է: Նրան թևկապը տվել ենք պարզապես քաջալերելու համար: Ես այն մոտեցման կողմնակիցն եմ, որ հայկական թիմում թիմի ավագը պետք է հայ լինի»,- պատասխանեց Ոսկանյանը։

Այսօր տանտերերի մեկնակային կազմում ընդգրկված չէր կիսապաշտպան Զավեն Բադոյանը: Արթուր Ոսկանյանն իր պատասխանում մոտ էր «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի այն պնդմանը, որ հավաքական հրավիրված, բայց խաղաժամանակ չստացած (կամ շատ քիչ ստացած) ֆուտբոլիստներն իրենց ակումբներ են վերադառնում ֆիզիկական վատ պատրաստվածությամբ․

«Զավենը հավաքականից վերադառնալուց հետո այդքան էլ լավ վիճակում չէր, խաղային պրակտիկան կորցրել էր: Մենք նրան նախանցած մրցավեճում շանս տվեցինք, սակայն զգացվում էր, որ իր լավագույն ֆունկցիոնալ վիճակում չէ: Այսօր որոշել էինք Բադոյանին երկրորդ կեսում որպես թարմ ուժ օգտագործել, սակայն չստացվեց»։

Հետաքրքիր էր, թե մարզիչը Բադոյանի՝ հավաքական հրավիրվելու և ամեն անգամ խաղաժամանակ չստանալու մեջ հոգեբանական խնդիր տեսնո՞ւմ է, թե՞ ոչ:

«Բադոյանի հետ այդ թեմայի շուրջ զրուցել ենք: Նա նշեց, որ պատրաստ է ցանկացած պահի խաղալ: Ամեն դեպքում, որքան էլ նա հերքի, նման վիճակն ազդում է ֆուտբոլիստի վրա: Զավենը մեր լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և կփորձենք միասին դուրս գալ այդ իրավիճակից»:

Գրեթե միշտ մարզչի փոփոխությունը կապված է ակումբի ղեկավարության կողմից անբավարար համարվող արդյունքներով: Հետաքրքիր էր, թե «Բանանցում» մարզչի փոփոխություն անելուց հետո Արթուր Ոսկանյանի առջև ինչ նպատակներ են դրվել, ինչի մասին Sport.times.am-ը հարցրեց նրան:

«Մենք ակումբի հետ որոշել ենք, որ «Բանանցը» պետք է լինի հայերով համալրված թիմ: Պետք է հիմնականում «Բանանցի» սաները խաղան: Ես այդ տեսակետի կողմնակիցն եմ, որովհետև մեր ակումբը Հայաստանում լավագույն մարզադպրոցն ունի: Մեզ համար 1-2 լեգիոնականներն էլ արդեն շատ են:

Ինչ վերաբերվում է արդյունքներին, ես միշտ նշել եմ, որ «Բանանցը» պետք է լինի առաջատար դիրքերում: Այսօրվա դրությամբ այդ նպատակներին հասնելը շատ դժվար կլինի, քանի որ երկար ժամանակահատված է պետք, մոտ 1-2 տարի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստները կարողանան համապատասխան մակարդակի հասնել: Նույն «Փյունիկի» օրինակով տեսնում ենք, որ նրանք այս մրցաշրջանը երիտասարդներով սկսեցին, նրանց ժամանակ տրամադրվեց և արդեն այնպիսի թիմ են դարձել, որը Բարձրագույն խմբի առաջատարներից մեկն է: Մենք ավելի լավ մարզադպրոց ու ավելի տաղանդավոր երիտասարդների ունենալով նույնպես պետք է հասնենք այդ արդյունքին»:

Նախորդ մրցաշրջանում «Բանանցը» դարձավ Հայաստանի գավաթակիր: Մամուլի ասուլիսի վերջին հարցն այն մասին էր, թե արդյո՞ք այդ արդյունքները ճնշում և պարտավորեցնում են այսօրվա թիմին:

«Իհարկե, ճնշում են: Երեք խաղում երեք պարտություն ենք կրել: Ամեն հանդիպման ժամանակ գոլային պահեր ենք ունենում, բայց չենք կարողանում իրացնել. Դա ճնշման արդյունքն է: Ինչպես տեսաք, «Փյունիկն» այսօր ստանդարտի ժամանակ գոլ խփեց, իսկ մենք կարողանում ենք խաղային դրվագներում վտանգավոր պահեր ստեղծել, բայց դրանք չենք օգտագործում»,- խոսքը եզրափակեց Ոսկանյանը:

 

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում