Աբրահամ Խաշմանյան. Հնարավոր է՝ «Ալաշկերտում» իմ աշխատաժամանակը Գինեսի գրքում գրանցեն

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ալաշկերտը» 0:1 հաշվով զիջեց «Փյունիկին» և ընդհանուր դիմակայության արդյունքում զիջելով 1:3 հաշվով՝ դուրս մնաց հետագա պայքարից:

Հանդիպումից հետո Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս: Երևանյան ակումբը տեղեկացրեց, որ հրաժարականի պահանջը ներկայացրել է «Ալաշկերտի» սեփականատեր ու նախագահ Բագրատ Նավոյանը, ով մի քանի օր անց այլ ուշագրավ հայտարարություններ արեց։

Sport.Times.am-ն այս իրադարձությունների և այլ հարցերի պատասխանը ստանալու համար զրուցել է Աբրահամ Խաշմանյանի համար։

– Պարոն Խաշմանյան, այնպես է ստացվում , որ Ձեր մարզչական կարիերայի ընթացքում Դուք կա՛մ անակնկալ կերպով հրաժարական եք տալիս, կա՛մ հեռացվում եք Ձեր պաշտոնից: Ինչո՞վ է դա պայմանավորված։

– Իմ կարիերայում 4 ակումբ եմ գլխավորել («Կիլիկա», «Գանձասար», «Արարատ» և «Ալաշկերտ»-խմբ.) և միայն մեկ դեպքում են իմ հրաժարականը պահանջել: Դա եղել է «Արարատում», երբ առաջնության ավարտից 4 տուր առաջ մենք առաջին տեղում էինք և չեմպիոնության իրական հնարավորություն ունեինք: Հրաժարականն էլ նրանք չեն պահանջել, ինչ-որ մեկի միջոցով խնդրել են, որ հեռանամ: Մյուս ակումբներում հեռանալու պահանջ չի եղել, ես եմ այդ քայլին դիմել, որովհետև դրա համար համապատասխան իրավիճակ է ստեղծվել: Հայկական ֆուտբոլում դա արդեն նորմալ եմ համարում:

– Ձեր հրաժարականի օրն «Ալաշկերտն» իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակեց, որ ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի պահանջով եք հրաժարական տվել: Հետո Բագրատ Նավոյանը հերքեց դա՝ ասելով, որ դա Ձեր նախաձեռնությունն էր: Իրականում ինչպե՞ս է եղել:

– Ես ազնիվ մարդ եմ, դա ինքնագովազդ չէ, և եթե պահանջեին հեռանալ, այդպես էլ կասեի: Դրա մեջ ամոթ բան չեմ տեսնում, և հետո ստախոսություն չեմ սիրում ու ընդունում: Ինքս եմ հրաժարական տվել:

– «Ալաշկերտի» նախագահը Ձեզ ասել է, որ «հաջորդ խաղին Դուք չգլխավորեք թիմը, այլ շանս տանք այլ մասնագետ»: Դա՞ է եղել հեռանալու պատճառը:

– Բոլորի համար պարզ իրավիճակ է: Ակումբի նախագահն անվստահություն է հայտնում մարզչին: Ես էլ բազմիցս ասել եմ՝ եթե մեկն ինձ անվստահություն է հայտնում, ուրեմն ես այդտեղ անելիք չունեմ: Ինձ համար ցավալին ու վիրավորականն այն է, որ բոլորը, այդ թվում Բագրատ Նավոյանը, շատ լավ գիտեն, թե այս երեք տարիների ընթացքում ակումբն ինչերի է հասել իմ գլխավորությամբ: «Ալաշկերտի» բոլոր հաջողությունները կապված են մեզ հետ: Այդ պատճառով ինձ համար շատ ցավալի էր, դրա համար հրաժարականի որոշումը սպասել չտվեց. մեկ վայրկյանի հարց էր: Ու ընդհանրապես, պետք էլ չի ասել․ եթե զգում եմ՝ ղեկավարի կողմից վստահությունն չեմ վայելում, ինքս շնորհակալություն եմ հայտնում և հեռանում:

– Դեռևս նախորդ մրցաշրջանի ավարտից հետո ասել էիք, որ ցանկանում եք հեռանալ մարզչի պաշտոնից, հետո ինչ-որ կերպ Ձեզ համոզեցին մնալ: Այժմ հետադարձ հայացք գցելով՝ մնալու որոշումը սխա՞լ է թվում:

– Ես պատահական ոչինչ չեմ ասում և անում, վաղվա օրը շատ լավ տեսնում ու կարդում եմ: Նախորդ մրցաշրջանի վերջում մենք թիմն արդեն հասցրել էինք Հայաստանի մակարդակով իր գագաթնակետին, որից ավելին չէինք կարող գնալ: Առավել ևս, երբ խոսքը գնում է «Ալաշկերտի» մասին, որը մի քանի տարվա պատմություն ունի: Տեսեք, թե շատ ակումբների համար այդ նվաճմանը հասնելը որքան բարդ է:

«Բանա՞նցը». «Բանանցի» չեմպիոնությունը, կներեք իհարկե, ուրիշ բնույթ է կրել: Նույն «Միկան», 15-20 տարվա ընթացքում մեծ գումարներ ծախսելով, չի կարողացել հասնել չեմպիոնության: Իսկ «Ալաշկերտն» իր կարճ պատմությամբ չեմպիոն դարձավ, այս տարի Սուպերգավաթը հաղթեց, հիանալի մրցելույթներ ունեցավ Եվրոպա լիգայում ու Չեմպիոնների լիգայում: Այսինքն՝ դա խոսում է այն մասին, որ այդ ակումբն ամեն ինչի հասել է իմ մարզչական շտաբի գլխավորությամբ:

Վերադառնալով հարցին՝ ուզում էի չեմպիոնությունից հետո հեռանալ, որովհետև գիտեի՝ ուշ թե շուտ այս պահը գալու է: Դրա համար առաջարկեցի չշարունակել մարզչական աշխատանքը, թիմը վստահեն այլ մասնագետի, իսկ ես ակումբում այլ պաշտոն ստանձնեմ: Դրանից հետո Բագրատ Նավոյանն ինձ հետ շատ զրույցներ ունեցավ, բազմաթիվ հեռախոսազանգեր եղան, ասաց, որ ինձանից բացի այլ մարզիչ չի կարող լինել, հակառակ դեպքում կազմը չի պահպանի և շեշտը կդնի երիտասարդների վրա: Իսկ այդ կազմում երիտասարդներ չէին, և հայկական ֆուտբոլի մակարդակով նորմալ աշխատավարձներ էին ստանում: Ակումբի նախագահի և այդ թիմը պահպանելու համար մնացի:

– Դուք իրո՞ք հավատում էիք, որ Բագրատ Նավոյանը, ով չեմպիոնական հավակնություններ ունի, այդ կազմը չէր պահպանի և կփոխարիներ անփորձ երիտասարդներով:

– Հայաստանում ամեն ինչ շատ արագ է փոխվում, և հետո, եթե լուրջ մարդն ինչ-որ բան ասում է, ուրեմն պետք է անի դա: Վերջիվերջո, ես փափուկ սիրտ ունեմ, չնայած կողքից կարող է այդպես չթվալ, դրա համար որոշեցի շարունակել համագործակցությունը: Սակայն վստահ էի, որ մի օր այսպիսի փաստի առջև եմ կանգնելու:

– Ձեր հեռանալուց հետո Բագրատ Նավոյանն ասաց, որ հրաժարական տալիս ամբողջ մարզչական շտաբով հեռանալը ոչ պրոֆեսիոնալ արարք է։ Չնայած ամբողջ աշխարհում դա ընդունված պրակտիկա է՝ ցանկանում ենք այսպիսի ճշտում կատարել. Դուք մարզչական շտաբին հորդորե՞լ եք Ձեզ հետ միասին հեռանալ:

– Ոչ պրոֆեսիոնալ արարքից բացի, ասաց, որ դա «խոպանչու» նման է… Հարցին ավելի ընդլայնված կպատասխանեմ, որ մարդիկ ավելի լավ հասկանան: Ես երբեք Բագրատ Նավոյանի հետ խնդիր չեմ ունեցել: Մեր միջև միշտ եղել են նորմալ հարաբերություններ և տիրել է ջերմ մթնոլորտ: Միասին ենք ստեղծել այդ մթոլորտը, բայց ավելի շատ ես եմ աշխատել այդ ուղղությամբ։ Նա արժանի է հարգանքի, և ես նրան հարգում եմ: Այսօրվա պայմաններում ֆուտոլային ակումբ պահելը բավական է, որ ես դրական վերաբերվեմ այդ մարդուն: Կարծում եմ` հետագայում նույնպես լավ հարաբերությունների մեջ կլինենք, որովհետև մեր միջև անձնական տեսանկյունից որևէ կոնֆլիկտ չի եղել: Անհամաձայնություններ եղել են պրոֆեսիոնալ բնագավառում:

Նա փորձել է խառնվել իմ աշխատանքին, սակայն ամեն անգամ նրան կասեցրել եմ, բացատրել եմ, իրավիճակը շտկել եմ և անցել ենք առաջ: Եթե այդպես ճկուն չլինեի, վաղուց «Ալաշկերտում» չէի լինի: Եթե նայեք վիճակագրությունը՝ կտեսնեք, թե «Ալաշկերտի» նախորդ մարզիչները որքան են աշխատել, և, հնարավոր է, իմ աշխատաժամանակը Գինեսի գրքում գրանցեն:

Գուցե Հայաստանում մարդիկ չեն հասել այդ մակարդակին, սակայն ֆուտբոլում ընդունված է, որ ինչ-որ արդյունքների հասած, կայացած, պահանջված գլխավոր մարզիչ միշտ ունենում է իր մարզչական շտաբը: Շտաբում լինում են 5-7 և նույնիսկ 10 մասնագետներ: Հայաստանում, երբ որևէ ակումբ ես պատրաստվում գլխավորել, սովորաբար քեզ ասում են. «Դե 2 մարզիչն էլ բավական է»: Ես էլ սկսում եմ նրանց բացատրել, որ երկուսը քիչ է, հարկավոր են 5-7 մասնագետներ: Տեսեք, իսպանացիները եկան «Բանանց», իրենց կարիերայում պրոֆեսիոնալ գործունեությամբ չէին էլ զբաղվել, ոչ էլ ինչ-որ տեղ գլխավոր մարզիչ էին եղել, բայց հետները 15 մասնագետ էին բերել: Գտնում եմ, որ դա ճիշտ է:

Մեզ մոտ մի փոքր այլ մտածելակերպ է, ամեն ինչ կապված է նյութականի հետ, որ ավելորդ գումար չծախսեն, սակայն եթե դու արդյունք ես ուզում, պետք է ունենաս քո ընդլայնված մարզչական շտաբը: Ես բոլոր ակումբներում միշտ ունեցել եմ իմ մարզչական շտաբը, և որտեղից էլ հեռացել եմ, նրանք բոլորն էլ իմ հետ գնացել են: Երբեք ոչ մեկին չեմ ասել, որ նա էլ իմ հետ պետք է հեռանա։ Այդ մտածելակերպը չունեմ, ի տարբերություն Հայաստանում շատերի: Յուրաքանչյուրն ինքն է որոշում իր անելիքը: Իմ մարզիչները շատ լավ գիտեն, որ եթե ես գնացի, նրանք առավելագույնը 2 ամիս կաշխատեն, հետո «կորելու» են և, հնարավոր է, ֆուտբոլում այլևս չլինեն: Նրանք հասկացող, գրագետ, կազմակերպված, վերլուծողական ուղեղով մարդիկ են: Երբևէ որևէ մեկին չեմ ասել ինձ հետ դուրս արի, դա ինձ ուղղակի չեմ կարող թույլ տալ, որովհետև այդկերպ մարդկանց կկտրեմ հացից:

Վերջերս Ղազախստանից լուրջ հրավեր ունեի, գնացի տեղում ծանոթանալու պայմաններին: Միայն այն բանի համար, որ նրանք պահանջում էին իրենց տեղացի մարզիչներով կազմավորել մարզչական շտաբը, ես հրաժարվեցի: Չէ՞ որ իմ մարզչական շտաբը դա էլ է հաշվի առնում: Կարող էի միայնակ գնալ, պայմանագիր ստորագրել և բավականին մեծ գումար վաստակել, բայց ես մտածում եմ նաև իմ մարզչիների մասին: Եվ հետո, առանց նրանց ես, հնարավոր է, այդպիսի հաջողությունների չկարողանամ հասնել: 

– Նշեցիք, որ «Ալաշկերտի» նախագահի հետ Ձեր կոնֆլիկտները հիմնականում մարզական թեմայով էին: Եղե՞լ են դեպքեր, երբ նա ցանկացել է միջամտել կազմի ընտրության հարցերին:

– Ինձ հետ նման բաներ չեն լինում ո՛չ ակումբներում, ո՛չ հավաքականներում (Աբրահամ Խաշմանյանը գլխավորել է Հայաստանի Մ19 ու Մ21 ընտրանիները-խմբ): Եթե մեկը փորձում է միջամտել իմ աշխատանքին, ես ասում եմ. «Դե որ ինձանից լավ ես հասկանում, արի դու իմ տեղն աշխատի, ես գնացի»: Իհարկե, լինում են իրավիճակներ, երբ մարզիչը պետք է ճկունություն դրսևորի և իր ղեկավարների հետ էլ կարողանա աշխատել: Պետք չէ անտեսել ղեկավարներին, բայց վերջինս էլ պետք է իր տեղն ու չափն իմանա: Օրինակ՝ լինում են իրավիճակներ, որ նույն Բագրատ Նավոյանին կամ մյուս ղեկավարներին ինքս մոտենամ ու ասեմ. «Գիտես ինչ, արի դու էլ քո կարծիքն ասա, միասին մտածենք»: Դա արվում է պարզապես նրա մոտ ընդհանուր գործընթացին մասնակից լինելու զգացողություն թողնելու համար: Բնական է, որ ամեն ինչ ես եմ որոշելու: Վերջին տարիներին այդ մեթոդը սկսել եմ կիրառել, որովհետև հասկանում եմ. մարդ է, գումարներ է ծախսում… Ուզում եմ, որ նա էլ իրեն լավ զգա:

– Իսկ թիմի կազմավորման ժամանակ եղե՞լ են ֆուտբոլիստներ, որոնք հրավիրվել են առանց Ձեր համաձայնության:

– Այո, եղել են: Կարող եմ ասել, որ շատ մտքեր եմ Նավոյանին տվել և շատ բան եմ սովորեցրել ֆուտբոլում: Երբ գլխավորեցի «Ալաշկերտը», ակումբում շատ բաներ թերի էին: Շատ բան սովորեցրել եմ նաև ֆուտբոլային դաշտից դուրս գործունեությունում, որովհետև ֆուտբոլի ետնաբեմում նույնպես բավականին կարևոր բաներ են տեղի ունենում: Կարծում եմ՝ նա այս խոսքերը չի առարկի և այդ ամենի համար ինձանից գոհ ու շնորհակալ կլինի:

Բնական է, որ ամեն ինչ ես պետք է կազմակերպեի, բայց Նավոյանը նաև շատ դրական մի ջիղ ունի. ինքն էլ է շատ աշխատում կազմակերպելու և կազմակերպված լինելու համար: Եթե ես նրան ասում էի՝ ինձ անհրաժեշտ է որևէ դիրքի խաղացող, նա անմիջապես սկսում էր զբաղվել այդ հարցով: Կարող էր նաև իր կողմից ֆուտբոլիստներ հրավիրել և առաջարկել փորձարկել նրանց. ուզում էր, որ թիմն ուժեղանա: Բայց շատ կարևոր է, թե ում հետ է ակումբի ղեկավարն աշխատում, ով է թիմի մարզիչը: Այսօրվա ֆուտբոլում մարզիչը կարևորագույն հարցն է, մնացածը երկրորդական են:

– Հայաստանում նախկինում գրեթե նման փորձ չկար, որ ակումբն ունենա երկու ուժեղ դարպասապահ։ Ամռանն «Ալաշկերտը» հրավիրեց հավաքականի հիմնական դարպասապահ Արսեն Բեգլարյանին, սկսեց նրան ակումբում ամենաբարձր աշխատավարձերից մեկը տալ, այն դեպքում, երբ թիմում էր Գևորգ Կասպարովը: Բեգլարյանին հրավիրելն ո՞ւմ միտքն էր և ի՞նչ նպատակներ էր հետապնդում:

– Ես ակումբի նախագահին միշտ ասել եմ, որ եթե ուզում ես մարտունակ թիմ ունենալ, պետք կազմում լինի բավականին լավ մակարդակի 22 ֆուտբոլիստ: Այսինքն՝ մենք պետք է ունենանք երկար նստարան ու մրցակցություն: Մրցակցությունը տալիս է ընդհանուր առաջընթացը, ինչը խաղացողներն այդքան էլ լավ չեն հասկանում: Մարզիչներ կան՝ ունեն սիրելի և ոչ սիրելի խաղացողներ, բայց դա սխալ է և փչացնում է ներթիմային մթնոլորտը: Ես բոլորին միշտ հավասար եմ վերաբերվում: Ինձ համար միայն մեկ չափանիշ կա՝ մարզումներում ու խաղերի ժամանակ կատարած աշխատանքը: Ով այդ պահին պատրաստ է, նա էլ խաղում է: Դա վերաբերվում է անխտիր բոլորին. լինի 37-ամյա Կասպարովը, թե պատանի դարպասապահ: Ֆուտբոլիստներին, որ հարցնեք, ձեզ կասեն, թե ինչպիսի մթնոլորտ է տիրել իմ գլխավորած ակումբներում ու հավաքականներում:

Ինչ վերաբերվում է Կասպարովին ու Արսեն Բեգլարյանին, ապա նրանց համարում եմ Հայաստանի համար բավականին լավ մակարդակի դարպասապահներ, արտասահմանի համար նույնը չեմ ասի: Տարբերությունն այն է, որ Կասպարովը երկար ճանապարհ է անցել իր կարերայում, մեծ փորձ ունի, ավելի կայուն է, իսկ Արսենը երիտասարդ է, լավ որակներ ունի և ճիշտ աշխատանքի դեպքում կարող է ավելի աճել: Վատ բան չեմ տեսնում, որ ակումբը 2 լավ դարպասապահներ ունի, որովհետև նրանցից մեկը ցանկացած պահի կարող է վնասվածք ստանալ:

Մի բան էլ լրացնեմ: Շատ եմ լսել, որ ասում են «Ալաշկերտը» բոլորին հավաքել է կամ չգիտեմ ինչ է արել: Հարց է ծագում, մինչև «Ալաշկերտի» հավաքելը, ո՞ւր էին այդ ֆուտբոլիստները, ո՞ր թիմերում էին, ի՞նչ խաղամակարդակի վրա էին. այդ մասին ոչ ոք չի խոսում: Եդիգարյան եղբայրները, Արտակ Գրիգորյանը, Կարեն Մուրադյանը, Վահագն Մինասյանը, ում մասին 5 տարի ասում էին, որ պետք է կարիերան ավարտած լինի, նույնը նաև Արարատ Առաքելյանի մասին: Հիմա ասում են՝ փորձառուներով եք կազմավորված, դրա շնորհիվ չեմպիոն եք դառնում: Բայց այդ խաղացողների վրա խաչ էիք քաշել… Դրա համար ճիշտ աշխատանք, ճիշտ մտածելակերպ, պրոֆեսիոնալ մարզումային գործընթաց է պետք, որը բերում է նրան, որ նույն Եդիգարյանները, Գրիգորյանը, Մինասյանը և Մուրադյանը հրավիրվում են Հայաստանի հավաքական:

– Ձեր հեռանալուց հետո ի՞նչ ապագա եք կանխատեսում «Ալաշկերտին»:

– Դեռ բավական երկար ժամանակ «Ալաշկերտը» կարող է նույն մակարդակի վրա մնալ: Թիմն անցել է հիանալի նախապատրաստական շրջան, մենք ստեղծել ենք կուռ կոլեկտիվ և եթե չխանգարեն ու կարողանան պահպանել կազմը, բավականին երկար ժամանակ հաղթանակները կշարունակվեն: Եթե փորձեն միջամտել, խանգարել, կարող է շատ շուտ ամեն ինչ տապալվել: Այս ակումբի համար 3 տարի ջանք ու եռանդ չեմ խնայել և կարող եմ սրտանց ասել, որ ուզում եմ թիմը մնա նույն մակարդակի վրա: Սակայն, անկեղծ ասած, կասկածում եմ: Առաջին հերթին ակումբի նախագահը պետք է ճիշտ ընտրություն անի, թե ինչ մասնագետ է տանում այնտեղ աշխատելու։

– Այս պահին աշխատում է Սերգեյ Էրզրումյանը։

– Սերգեյ Էրզրումյանը առաջին լիգայի մարզիչ է, իսկ առաջին լիգան Հայաստանում մանկապատանեկան առաջնություն է։ Եթե գտնում են, որ ճիշտ է․․․ Ես Ձեզ ասացի իմ կարծիքը։ Կյանքը ցույց է տվել, որ ինձանից հետո ցանկացած ակումբում շատ դժվար է աշխատելը, գոնե պահպանելը։ Եթե վերցենք այն ակումբները, որտեղ աշխատել եմ, վերլուծեք, կտեսնեք՝ ինչ են եղել ինձանից առաջ, իմ ժամանակ և ինձանից հետո։ «Արարատ», «Կիլիկիա», «Գանձասար», երիտասարդական հավաքականները։ Վերջին անգամ երիտասարդական հավաքականը իմ գլխավորությամբ է հաղթանակ տարել։

– Հրաժարականից հետո Բագրատ Նավոյանի կողմից Ձեզ տարհամոզելու փորձեր, զանգեր եղե՞լ են:

– Ո՛չ, չեն եղել: Բագրատն էլ ինձ պես հավակնոտ մարդ է, սակայն իմ ամբիցիաները մյուսներինից տարբերվում են: Իմ հավակնություններն առողջ ու սպորտային են: Շատ եմ լսել, թե ինչպես են իմ մասին չարախոսում, իբր շատ ամբիցիոզ եմ: Դուք այսքան ժամանակ մի մարզչի տեսե՞լ եք, որ ամբիցիաներ չունենա: Առանց դրա մարզիչը հաջողության չի կարող հասնել: Ինձ համար միևնույնն է՝ մարդկանց իմ այդ բնավորությունը դու՞ր է գալիս, թե՞ ոչ: Եթե նրանց արդյունք է պետք, գիտեն՝ ում է պետք դիմել:

–  Նոր առաջարկներ արդեն եղե՞լ են։

– Ոչ։ Երբ լինի կոնկրետ առաջարկ, ես տեղյակ կպահեմ։

– Եթե արտերկրից առաջարկ լինի, ո՞ր առաջնությունը կնախընտրեիք։

– Հայկական ֆուտոբլն այնքան ցածր մակարդակի վրա է, որ թե՛ ֆուտբոլիստների, թե՛ մարզիչների համար մեծ բան է միայն այն, որ սկսում են նրանով հետաքրքվել։

– Եթե հայկական այլ ակումբից հրավեր ունենաք, կփորձե՞ք աշխատել։

– Ես ֆուտբոլով եմ ապրում։ Ֆուտբոլն ինձ համար աշխատանք չէ, իմ կյանքն է։ Հայկական ֆուտբոլում 90% այնպիսի մարդիկ են, որ գալիս են աշխատանքի։ Դա նրանց համար ասես գործարան լինի, բայց այդպես չէ, պետք է ապրել դրանով՝ սրտով, հոգով։ Միայն այդ ժամանակ կարելի է առավելագույն արդյունքների հասնել։ Գիտեք, լինում են 2 տեսակի մարզիչներ՝ հաղթող մարզիչ և ֆուտբոլում աշխատող մարզիչ։ Հաղթող մարզիչները քիչ են, բայց գնահատված են և ամբողջ աշխարհն է նրանց ճանաչում, իսկ ֆուտբոլում աշխատող մարզիչները ուղղակի աշխատում են, գնում, գալիս։

– Իսկ չունե՞ք գործակալ, ով զբաղվի Ձեր կարիերայի հարցերով։

-Կան մի 3-5 հոգի, բայց ես նրանց գործակալ չեմ համարում։ Եթե մենք լինեինք լավ մակարդակի վրա, կունենայի, բայց այս պարագայում ինչի մասին է խոսքը (ծիծաղում է):

– Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Դինամոյի» արգելքը չհաղթահարելն ինչպե՞ս ընդունեցին ակումբում։

– Հայկական ցանկացած ակումբի համար Չեմպիոնների լիգայի որակավորման անգամ մեկ փուլ անցնելը հերոսություն է։ Մենք այսօր շատ հետ եք։ Ես շատ լավ գիտեմ, քանի որ ֆուտբոլի մեջ եմ։ Բոլորը առաջ են գնում, մենք՝ հետ։ Մեզ համար լավ ձեռքբերում էր մեկ փուլ անցնելը, այստեղ տպավորիչ հաղթանակ տանելը, այն էլ երբ մնացել էինք 10 հոգով։ Իսկ «Դինամո՞ն»։ Միգուցե մեզ բախտի գործոնն օգներ, բայց դա զուտ կլիներ բախտի գործոն։ Փաստացի նրանք մեզանից ուժեղ էին թե՛ ֆինանսապես, թե՛ ենթակառուցվածքներով։

– Բայց մեզ մոտ էլ կան թիմեր, որոնք ենթակառուցվածքներ ունեն։

– Բայց այլ երկրների հետ համեմատելիս կտեսնեք, որ նրանցն ավելի լավն է։ Ենթակառուցվածքներով և ֆինանսերով ԱՊՀ-ում մենք վերջին տեղում ենք։ Ու միայն ենթակառուցվածքները քիչ են, պետք են ղեկավար պրոֆեսիոնալներ, մարզիչներ, որ կարողանաս համակարգը աշխատացնել և արդյունք քաղել։

– Ձեզ՝ որպես պրոֆեսիոնալի, չի՞ վիրավորում այն փաստը, որ ընտրությունը Ձեզ վրա կանգ չառավ, երբ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էին նշանակում։

– Ո՛չ։ Ես ֆուտբոլում տեսել եմ ամեն ինչ։ Ինձ ոչինչ չի կարող զարմացնել, քանի որ ես բազմաթիվ կարմիր լույսերի միջով եմ անցել։ Այսպես ասեմ, այսօր դա իմ մտածելու բանը չէ։ Ու կարծում եմ՝ ձերն էլ չէ։ Թող մտածեն այն մարդիկ, ովքեր պատասխանատու են դրա համար․ կհասկանա՞ն, թե՞ ոչ, արդեն իրենց խնդիրն է։ Եթե մտածում են, որ ես դրանից պետք է ընկճվեմ, սխալվում են, ես ավելի ուժեղ եմ դառնում։

– Նախկինում տպավորություն կար, որ ֆուտբոլի ֆեդերացիան «որս է սկսել» Ձեր ետևից․ որակազրկումներ նույնիսկ մի փոքր տեխնիկական տարածքը լքելու համար: Այժմ կարծես այդ ճնշումը վերացել է: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Ինձ այս ընթացքում այնքան են անտեղի որակազրկել, որ այլևս հիմք չի մնացել դա անելու համար:

– Ի՞նչ եք մտածում հայական ֆուտբոլում տարեվերջում տրվող կոչումները չե՞ն սկսել պայմանական բնույթ կրել։

– Այսպես ասեմ՝ մինչև վերջին տարիները ոչ։ Բայց վերջին տարիներին ինչ կատարվում է․․․ Օրինակ՝ եթե ինձ չհասանելի բան տան, ես չեմ վերցնի։ 

– Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող ֆուտբոլիստները ունե՞ն մոտիվացիայի խնդիր։ Նրանք լու՞րջ են վերաբերում իրենց գործին։

– Ֆուտբոլում պատահականություններ չեն լինում։ Շատ կարևոր է տվյալ ակումբի ղեկավարի ու գլխավոր մարզչի համագործակցությունը։ Շատ կարևոր է, թե այդ ակումբը ինչ խնդիրներ է դնում իր առջև, գլխավոր մարզիչը ինչպես կարող է խթանել ֆուտբոլիստներին։ Եթե դու այդ խթանը չես տալիս, չես էլ կարող պահանջել։ Պետք է առողջ մրցակացություն լինի։ Դա էլ բերում է արդյուքների։ Պետք է գործ անել, որ ֆինանսներ լինի, եթե չկա աշխատանք չես կարող պահանջել այլ բաներ։ Ես իմ ֆուտբոլիստներին այդպես եմ տրամադրում, և նրանք անուն են ձեռք բերում։ Մյուսների մասին չեմ կարող խոսել։

– Եթե շարունակենք այս տեմպերով, ու՞ր կհասնենք։ Ձեր տեսլականը։

-Ես կարող եմ խոսել միայն հայկական ակումբային (ոչ հավաքականի-խմբ․) ֆուտբոլի տեսլականից։ Բազմիցս ասել եմ, որ չկա մի բան, որ լավ է։ Կար մի բան, որ լավ էր՝ «Ալաշկերտը»։ Հիմա չգիտեմ՝ ինչ կլինի։ Ես լավ բան չեմ տեսնում։

– Եվ վերջում, շատ մարզիչներ, նույնիսկ ամենաանվանիները, նշում են իրենց գործընկերների մասին, որոնցից շատ բան են սովորում: Նախկինում դուք Ձեզ համար առանձնացրել էիք Ժոզե Մոուրինյուի աշխատանքը: Ներկայումս նրանից բացի այլ մասնագետ կա՞, որի աշխատանքին հետաքրքրությամբ եք հետևում և փորձում եք նրանից որևէ բան քաղել:

– Հիշում եմ, երբ ասացի իմ աշխատաոճը նման է Մոուրինյուին, շատերը սկսեցին չարախոսել՝ ասելով, թե Խաշմանյանը մեծամիտ է, իրեն համեմատում է անվանի պորտուգալացու հետ: Ես ինձ չէի համեմատում, այլ ասում էի, որ նրա աշխատաոճը ինձ շատ է դուր գալիս: Մոուրինյուն հաղթող մարզիչ է, ամեն տեղ արդյունքի է հասել, սակայն այժմ «Մանչեսթեր Յունայթեդն» ամենևին «նրա թիմը» չէ: Դեռ շատ աշխատանք պետք է կատարի, որ դա «նրա թիմը» դառնա: Ներկայիս մարզիչներից կառանձնացնեմ Անտոնիո Կոնտեին: Իտալացին փայլուն աշխատանք է կատարում:

 

Զրուցեցին՝
Հասմիկ Գրիգորյան, Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում