Արայիկ Բաղդադյան․ Ես հրաշագործ չեմ

Հոկտեմբերի 24-26-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։

Առաջնությունը կարևոր էր հատկապես 61 կգ  և 70 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշների համար, քանի որ այս արդյունքներն են հիմք ծառայելու դեկտեմբերին Բուդապեշտում կայանալիք ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, ամփոփելով այդ քաշային կարգերում ելույթները, ասաց, որ 61 կգ քաշային կարգում չեմպիոն դարձած Վալոդյա Ֆրանգուլյանի հետ կապված խնդիր չկա, բայց 70 կգ քաշային կարգում դեռ հարցեր կան․

«Ֆրանգուլյան Վալոդյայի հարցով ես խնդիր չեմ տեսնում, քանի որ նա փորձառու ըմբիշ է, բայց 70 կգ քաշային կարգում խնդիր կա։ Այս քաշային կարգում հաղթանակ տարավ Գյումրին ներկայացնող երիտասարդ ըմբիշ Խաչատուր Պապիկյանը։ Նա փորձ չունի, միջազգային մրցաշարերի չի մասնակցել։ Իհարկե, նա արժանի մարզիկ է, բայց ռիսկային Խաչատուրին անմիջապես աշխարհի առաջնություն տանելը։ Մենք մինչ առաջնությունը ժամանակ չունենք մասնակցելու միջազգային մրցաշարերի, որտեղ նրան կփորձարկեի։ Այս հարցը կքննարկվի մարզչական խորհրդում։ Մյուս կողմից էլ, քանի որ հաղթել է, պետք է նա մասնակցի ԱԱ-ին։ Եզրափակչում նա հաղթեց Վալտեր Մարգարյանին, ով փորձառու ըմբիշ է և նրանից սպասելիքներ կային»,- ասաց Բաղդադյանը։

Հարցին, թե արդյո՞ք այդ քաշային կարգում չկան այլ փոխարինող մարզիկներ, Արայիկ Բաղդադյանը պատասխանեց, որ ինքը պետք է առնվազն աճպարարություն անի․ «Գրիգոր Գրիգորյանին իջեցնեմ 70 կգ քաշային կարգ, որ մեդալի հույս ունենանք, բայց դա էլ միանշանակ չի ընկալվի»։

Չնայած առաջատարների տարած հաղթանակներին՝ հավաքականի գլխավոր մարզիչը գոհ չէ ընդհանուր պատրաստվածության մակարդակից․

«Նրանք լավագույնս նախապատրաստված չէին։ Երբ հավաքական թիմը ժամանեց Օլիմպիական խաղերից, կենտրոնացած մարզում չանցկացրեցինք մարզիչների խնդրանքով, ովքեր ցանկություն հայտնեցին իրնեց սաներին առանձին պատրաստելու Հայաստանի առաջնությանը։ Եվ ահա արդյունքը․․․ Դժգոհ եմ Վալոդյա Ֆրանգուլյանի դիմացկունության աստիճանից, նա երիտասարդ մարզիկներին հաղթում 1։1, կամ 2։1 հաշվով․ այդպես չպետք է լինի։ Վերջում ամեն ինչ մնում է իմ ուսերին, որ հասցնեմ նրանց բերել նորմալ մարզավիճակի, իսկ ես հրաշագործ չեմ»,- ընդգծեց Արայիկ Բաղդադյանը։

Արայիկ Բաղդադյանը նաև տեղեկացրեց, որ մինչև Բուդապեշտ մեկնելը հավաքականը վերջին հավաքը կանցկացնի Երևանում․ «Մեկ հավաք կանցկացնենք Երևանում ու կգնանք աշխարհի առաջնությունը մասնակցելու»։

Հայաստանի առաջնության մրցանակակիրները

57 կգ քաշային կարգ

1. Նարեկ Հովհաննիսյան (ԲԿՄԱ)
2. Գոռ Գրիգորյան (ԲԿՄԱ)
3. Հմայակ Աղաջանյան (Գառնի)
3. Օհան Գիքինյան (Վանաձոր)

61 կգ քաշային կարգ

1. Վալոդյա Ֆրանգուլյան (ՕՀՔ)
2. Գարիկ Բարսեղյան (Սևան)
3. Գևորգ Թադևոսյան (Արտաշատ)
3. Աշոտ Վելցիյան (Տաշիր)

65 կգ քաշային կարգ

1. Նարեկ Սիրունյան (Վանաձոր)
2. Արտակ Հովհաննիսյան (Արմավիր)
3. Հակոբ Ավետիսյան (Ագարակ)
3. Գոռ Թորոսյան (Ջրվեժ)

70 կգ քաշային կարգ

1. Խաչատուր Պապիկյան (Գյումրի)
2. Վալտեր Մարգարյան (Դինամո)
3. Գոռ Բարսեղյան (Գյումրի)
3. Գառնիկ Ղազարյան (Վանաձոր)

74 կգ քաշային կարգ

1. Գրիգոր Գրիգորյան (Մալաթիա)
2. Վարուժան Կաջոյան (ՕՀՔ)
3. Սուրեն Խաչատրյան (Ալավերդի)
3. Իշխան Պողոսյան (Մալաթիա)

86 կգ քաշային կարգ

1. Վահե Թամրազյան (ՌԿՄԴ)
2. Հովհաննես Մխիթարյան (Վանաձոր)
3. Ռազմիկ Պողոսյան (ԲԿՄԱ)
3. Մարզպետ Գալստյան (ՕՀՔ)

97 կգ քաշային կարգ

1. Գեորգի Կետոև (ՀԱՕԿ)
2. Շամիր Աթյան (Վանաձոր)
3. Ռոման Բաղդասարյան (Վեդի)
3. Արման Մկրտչյան (Կոշ)

125 կգ քաշային կարգ

1. Լևան Բերիանիձե (ՀԱՕԿ)
2. Անդրանիկ Գալստյան (Քուչակ)
3. Տիգրան Կիրեղյան (Դինամո)։

 

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում