Կարեն Բարսեղյան. «Ալաշկերտ» չենք եկել հեղափոխություն անելու համար

Հայաստանի առաջնության 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Փյունիկին»: Խաղից հետո Բարձրագույն խմբի չեմպիոնի գլխավոր մարզչի պաշտոնակատար Կարեն Բարսեղյանը պատասխանեց նրա ու Արամ Ոսկանյանի համատեղ նշանակման, խաղի վերաբերյալ հարցերին:

Նախ Բարսեղյանն ամփոփեց հանդիպումը.

«Շնորհավորում եմ մրցակցին: Կարծում եմ` հետաքրքիր հանդիպում ստացվեց: Ցավոք սրտի, երբ այսքան գոլային պահեր չես իրացնում, միշտ պարտվում ես: Մեր ֆուտբոլիստներին ոչ մի բանում չեմ կարող մեղադրել, նրանք ամբողջովին տրվեցին խաղին: Ցավոք, վերականգնման համար «Փյունիկից» մեկ օր պակաս ունեինք և դա խաղավերջում զգացնել տվեց: Նրանք ավելի երիտասարդ են, ավելի շուտ են վերականգնվում: Ահռելի աշխատանք ունենք կատարելու՝ բարոյահոգեբանական, կարգապահական և նման այլ հարցերով»:

«Ալաշկերտի» նախկին մարզիչ Աբրահամ Խաշմանյանի թիմը հայտնի էր արագուժային, հավասարակշռված խաղով: Sport.times.am-ի այն հարցին, թե խաղային տեսանկյունից ի՞նչ փոփոխություններ են կատարվելու թիմում, մարզիչն ասաց.

«Իհարկե, մենք ունենք մեր մտքերը: Բացարձակ միտված չենք հեղափոխություն կատարելու մի թիմում, որը Հայաստանի չեմպիոնն է: Մեր պատկերացումով կփորձենք մի քիչ ավելի արագացնել խաղը, մի փոքր փոխել թիմային գործողությունները: Արագ ֆուտբոլի կողմնակիցն ենք: Հնարավոր է` խիտ գրաֆիկն ու հոգնածությունն էին պատճառը, որ թիմի շարժումը մի քիչ լավ չէր»:

Հանդիպման արդեն 14-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Նորայր Գյոզալյանը, ով սովորաբար Միհրան Մանասյանի առաջին փոխարինողն է կամ նրա հետ հարձակման գծում գործում է միասին: Մեզ հետ զրույցում «Ալաշկերտի» մամուլի քարտուղար Գևորգ Մարիկյանը հայտնեց, որ Մանասյանը վնասվածք ունի: Իսկ Գյոզալյանի վնասվածքի վերաբերյալ հարցին Բարսեղյանը պատասխանեց.

«Մենք շատ լուրջ կորուստներով մոտեցանք խաղին: Մեր կարևորագույն ֆուտբոլիստ Միհրան Մանասյանը խնդիրներ ունեցավ և չկարողացավ մասնակցել մրցավեճին: Հանդիպման մեկնարկում Նորայր Գյոզալյանը նույնպես վնասվածք ստացավ, ինչից հետո դժվար է անմիջապես կողմնորոշվել, հասկանալ՝ ինչ է կատարվում: Նորայրի վնասվածքի աստիճանը դեռ չեմ կարող հայտնել, պետք է բժիշկների հետ զրուցեմ: Նա մինչ այդ վնասվածք չուներ, որը կարող էր այսօր խորանալ»:

Նորանշանակ մարզչի մեկնարկային խոսքում հնչած կարգապահական աշխատանքների բնույթի վերաբերյալ հարցին հնչեց հետևյալ պատասխանը․

«Կարգապահական աշխատանքները խաղային են լինելու: Հասկանալի է, որ նյարդերը տեղի են տալիս։ Դժվար է պատկերացնել մի ֆուտբոլիստի, ով էմոցիաներ չունի, բայց այդ էմոցիաները հարկավոր է ուղղել խաղի, այլ ոչ կողմնակի գործողությունների վրա»:

Sport.times.am-ը հետաքրքրվեց՝ նշված հոգեբանական խնդիրները Աբրահամ Խաշմանյանի հեռանալու հետ են արդյո՞ք կապված, ինչին Բարսեղյանը պատասխանեց.

«Բացարձակապես ոչ: Մենք երկու անընդմեջ պարտություն ենք կրել, դա արդեն առաջացնում է հոգեբանական խնդիրներ: Հասկանալի է, որ 0:4 հաշվով պարտությունից հետո ֆուտբոլիստները հոգեբանական խնդիրներ կունենան: Թեպետ մարզչի փոփոխությունն էլ, հնարավոր է, որոշ խնդիրներ առաջացնի: Չեմ կարող հստակ ասել: Բայց ես իմ խոսքում նկատի ունեի 2 պարտությունների գործոնը: Պետք է փորձենք թիմին այս վիճակից հանենք»:

«Փյունիկի» հետ հանդիպումը սպառնում է հերթական մրցավարական սկանդալն առաջացնել: Այսօր «Ալաշկերտի» դարպասին նշանակվեց կասկածելի 11-մետրանոց հարված, իսկ լրացուցիչ ժամանակում Վահագն Մինասյանի հարվածից հետո թվաց, թե գնդակը հատել է դարպասային գիծը, սակայն գոլ չգրանցվեց: Sport.times.am-ը փորձեց հասկանալ, թե Կարեն Բարսեղյանն այդ մրցավարական որոշումները որպես խաղի ելքի վրա ազդած դրվագներ դիտարկո՞ւմ է, թե՞ ոչ, սակայն ստացավ հետևյալ պատասխանը.

«Չեմ քննարկում այդ հարցը»:

Հարց հնչեց, թե Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին մարզչի համար «Ալաշկերտի» առաջարկն ընդունելու դրդապատճառը ո՞րն էր:

«Նախ, հետաքրքիր է այս նախագիծը: Երկրորդ՝ այն, որ աշխատելու եմ ավելի փորձառու ֆուտբոլիստների ու թիմի հետ: Հետաքրքիր է հասկանալ երիտասարդների ու հասուն տարիքի խաղացողների հետ աշխատանքի տարբերությունը: Ցավոք սրտի, այսօր երիտասարդների կատարողական վարպետությունն ավելի բարձր էր, որովհետև նրանք 2 գոլ խփեցին, իսկ մենք նրանցից 4-5 անգամ ավելի շատ պահեր ունեինք, բայց միայն 1 անգամ աչքի ընկանք»:

Երևանյան թիմն այս տուրից հետո նահանջեց 4-րդ հորիզոնական: Sport.times.am-ի այն հարցին, թե ակումբի ղեկավարության կողմից նոր մարզչական շտաբի առջև ինչ խնդիր է դրված, Բարսեղյանն ասաց.

«Կզարմանայի, եթե չեմպիոն թիմի ղեկավարությունը բացի առաջին տեղից, այլ նպատակ հետապնդեր: Ինքս չէի ընդունի այլ տարբերակ: Հավանաբար, պատկերացնում եք ակումբի նախագահի հավակնությունները: Նա չեմպիոնությունից բացի ուրիշ բանի մասին չի մտածում և բնական է, որ մեր առջև էլ այդ նպատակն է դրված: Իհարկե, բարդ է լինելու, որովհետև մեկ հարց է չեմպիոն լինել, և այլ բան` տիտղոսը պահպանելը: Մենք հասկանում ենք, որ բարդ է լինելու, բայց ձգտելու ենք այդ նպատակին և վերջում հասնելու ենք դրան, որովհետև համապատասխան ներուժ ունենք. ֆուտբոլիստներ, ղեկավարներ և ձգտում»:

Չնայած նրան, որ Բարսեղյանը նշանակվել է գլխավոր մարզչի պաշտոնակատար և հենց նա էր խաղի ընթացքում ղեկավարում իր սաների գործողությունները, մինչև վերջ հասկանալի չէր, թե Արամ Ոսկանյանի հետ նրանք ինչիպիսի լիազորություններ ունեն և որ դեպքում նրա պաշտոնի անվանումից կվերանա «ժամանակավոր»-ը: Այդ հարցը կրկին տվեց Sport.times.am-ը:

«Եկեք այդ հարցին ավելի ուշ անդրադառնանք: Ես և Արամ Ոսկանյանը հավասար լիազորություններում ու պայմաններում ենք: Անկախ նրանից, որ ես գլխավոր մարզիչ եմ, իսկ պարոն Ոսկանյանն ավագ մարզիչ: Գլխավոր մարզչի վերջնական որոշման հարցը թողնված է դեկտեմբեր ամսվան»:

Իսկ մեր այն հարցին, թե թիմի հետ աշխատանքներում նրանց ուղղվածությունները (տակտիկա, ֆիզիկական պատրաստություն) տարբե՞ր են, Բարսեղյանը հայտնեց.

«Մենք այդ բաշխումը հավանաբար կանենք դեկտեմբերից հետո, որովհետև հիմա գրաֆիկը շատ խիտ է։ Մենք արդեն նոյեմբերի 5-ին խաղ ունենք անցկացնելու: Հնարավոր է` հավաքականների հանդիպումից հետո այդ բաշխումը կատարենք, բայց հիմա մեր գործողություններում հստակություն կա, գիտենք՝ ամեն մեկս թիմում ինչով է զբաղվում»:

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում