Լևոն Ջուլֆալակյան․ Անփոխարինելի ըմբիշներ չկան

Հոկտեմբերի 28-30-ը Վանաձորում անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց 63 ըմբիշ։ Այդ թիվը հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը գոհացուցիչ չի համարում։ Այս և այլ խնդիրների մասին Ջուլֆալակյանը խոսել է լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

«Հայաստանի առաջնությանը մասնակցությունից ազատված էին 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը և 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Մնացած ըմբիշների մասնակցությունը պարտադիր էր, քանի որ նոր օլիմպիական քառամյա փուլ է սկսվում․ պետք է հստակ հասկանալ, թե հավաքականը ինչ նոր ըմբիշներով կարող է համալրվել: Դժգոհ եմ մասնակիցների քանակից։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը համարվում է լավագույններից մեկը Հայաստանում, և ընդամենը 63 մասնակից ունենալն այնքան էլ հուսադրող չէ: Այս քանակի ըմբիշների ներկայության պատճառները շատ են, որոնցից մեկը պարտադիր զինվորական ծառայությունն է: Քիչ ըմբիշներ են զինվորական ծառայությունից հետո շարունակում ելույթները մեծ սպորտում: Մյուս պատճառը, ըստ իս, մարզիչների մեջ է: Չի կարելի հանրապետությունում ունենալ հունահռոմեական ոճի 150 մարզիչ, իսկ առաջնություն անցկացնել 63 ըմբիշով․ բնական չէ, սակայն այդ քիչ քանակի մեջ էլ կային լավ ըմբիշներ, կաղում ենք միայն ծանր քաշերում՝ 98 ու 130 կգ: Մնացած քաշային կարգերում կան ըմբիշներ, ում հետ կարելի է աշխատել և շտկել նրանց սխալները: Մենք կկարողանանք քիչ քանակի մեջ որակ ապահովել և շարունակել ավանդույթները»,- պարզաբանեց Լևոն Ջուլֆալակյանը:

Խոսելով հավաքականի առաջիկա անելիքների մասին՝ մարզիչն ասաց, որ թիմը պատրաստվելու է դեկտեմբերին Հունգարիայում կայանալիք ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությանը․

«71 կգ քաշային կարգը կներկայացնի Վարշամ Բորանյանը, իսկ 80 կգ կարգը՝ Սարգիս Քոչարյանը: Մինչ աշխարհի առաջնությունը Երևանում կանցկացնենք ուսումնամարզական հավաք, իսկ վերադառնալուց հետո տարին կեզրափակենք Ծաղկաձորում անցկավող ուսումնամարզական հավաքով»:

Լևոն Ջուլֆալկայանը խոսեց Վարշամ Բորանյանի և Սարգիս Քոչարյանի մարզավիճակից․

«Վերջերս Վարշամ Բորանյանը մասնակցել է Իրանում ընթացող ակումբային առաջնությանը, բացի նրանից Իրանի ակումբային առաջնությանը մասնակցել են նաև Արսեն Ջուլֆալակյանը, Մաքսիմ Մանուկյանն ու Ռոման Ամոյանը: Մեր ըմբիշները, բացի Ռոման Ամոյանից, բոլոր գոտեմարտերում հաղթանակներ են տարել։ Բորանյանի մարզավիճակը նորմալ է, ուսումնամարզական հավաքից հետո, ձեռք կբերի լավագույն մարզավիճակ և կմեկնի աշխարհի առաջնության:

Ինչ վերաբերում է Սարգիս Քոչարյանին, ապա նա պատահական ըմբիշ չէ, երիտասարդների առաջնություններում մեդալակիր է։ Հայաստանի առաջնության եզրափակչում հանդիպեց Ռաֆիկ Մանուկյանի հետ, ով երիտասարդների աշխարհի չեմպիոն է եղել: Հավասար գոտեմարտում հաղթեց Սարգիսը»։

Sport.Times.am-ի այն հարցին, թե այս առաջնությունը հի՞մք է հանդիսանալու մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնության համար հավաքական ձևավորելու հարցում, թե՞ մինչ այդ այլ ստուգատեսներ կլինեն, Լևոն Ջուլֆալակյանը պատասխանեց, որ այլ ստուգատեսներ կլինեն:

«Մինչ Եվրոպայի առաջնությունը կմասնակցենք տարբեր միջազգային մրցաշարերի, որից հետո պարզ կլինի Եվրոպայի առաջնությանը մասնակցող հավաքականի կազմը: Մինչ Եվրոպայի առաջնությունը Հայաստանի առաջնություն չի անցկացվի»:

59 կգ քաշային կարգում տարիներ շարունակ Հայաստանը հաջողությամբ ներկայացրել է Ռոման Ամոյանը։ Մտահոգություն հնչեց, թե արդյոք այս պահին մենք ունենք նրան փոխարինող երիտասարդ ըմբիշ, ինչին ի պատասխան Լևոն Ջուլֆլակյանն ասաց, որ միանգամից Ռոման Ամոյան չեն դառնում․

«Ռոմանին բոլորս գիտենք, և նա ավելորդ գովաբանության կարիք չունի։ Նա այլևս պայքարի մեջ չի լինի: Կան երիտասարդ ըմբիշներ։ Ոչ ոք միանգամից չի կարող Ռոման Ամոյան դառնալ, բայց նրանց մեջ կա ցանկություն, ձգտում և աշխատասիրություն, որը կտա ցանկալի արդյունք: Անփոխարինելի ըմբիշներ չկան: Եղել են ըմբիշներ, ովքեր հավաքական ընդգրկվելուց արդյունքներ չեն ունեցել, բայց հավաքականի կազմում կարողացել են հասնել բարձր արդյունքների և մեդալներ նվաճել»:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը վերջերս ենթարկվել է ուսի վիրահատության։ Լևոն Ջուլֆալակյանը տեղեկացրեց, թե որքան ժամանակ կպահանջվի Միհրանի ապաքինման համար․

«Վիրահատությունը լավ է անցել: Բժիշկն ասել է, որ վերականգնման համար նվազագույնը 8 ամիս կպահանջվի։ Այսինքն, Եվրոպայի առաջնությանը նրան չենք տեսնի: Հետագա վերականգնողական ընթացքը ցույց կտա՝ երբ նա շարք կվերադառնա»։

59 կգ քաշային կարգում Եվրոպական խաղերի չեմպիոն Ստեփան Մարյանյանը, ով ներկայացնում էր Ռուսաստանը, վերջերս ակնարկել էր, որ եթե հրավեր ստանա ՀԱՕԿ-ից, կմտածի Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին: Sport.Times.am-ը հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի այդ հարցում հավաքականի գլխավոր մարզիչը։

«Նա լավ ըմբիշ է, բայց ես կողմնակից եմ, որ որ մենք տեղում ըմբիշներ պատրաստենք։ Այլ մոտեցում էլ կարող է լինել՝ հրավիրել լավ ըմբիշի ու նրան դարձնել գերազանց։ Ստեփանը հայ է, և, հնարավոր է, ցանկություն ունենա հանդես գալու Հայաստանի դրոշի տակ, բայց շատ հարցեր կան: Այս պահին նա ներկայացնում է Ռուսաստանը, պետք է տվյալ երկիրը իրավունք տա նրան փոխելու սպորտային քաղաքացիությունը, նրա համար այստեղ պետք է ստեղծվեն պայմաններ: Անկեղծ ասած, այս պահին չեմ ուզում խորանալ այդ հարցերի մեջ»,-ասաց Լևոն Ջուլֆալակյանը:

Մարզիչը նաև անդրադարձավ հունահռոմեական ըմբշամարտում տեղի ունեցած վերջին փոփոխություններին (UWW-ը հունահռոմեական ըմբշամարտի կանոնների մեջ փոփոխություններ է կատարել՝ դեռևս ժամանակավոր հանվել է զգուշացման դեպքում պասիվ ըմբիշին պարտեր դրություն իջեցնելը-խմբ․)

«Այն հավաքականները, որոնք մոտ են կանգնած ըմբշամարտին, չեն կարող ընդունել այս օրենքները․ հունահռոմեական ըմբշամարտը, կարծես, վերածում են սումոյի։ Մեծանում է մրցավարների կողմնակալության գործոնը: Այս օրենքներով 2013 թվականից ընթանում են պատանիների ու երիտասարդների մրցաշարերը, որի արդյունքը տգեղ ու անհետաքրքիր գոտեմարտերն են: Մեծահասակների դեպքում սա փորձնական է լինելու։ Հնարավոր է՝ մինչև աշխարհի առաջնություն, դրանից հետո կասեն՝ շարունակո՞ւմ են այս օրենքներով, թե՞ ոչ: Աշխարհի առաջնությունից հետո քննարկվելու է այդ հարցը: Ես դժգոհ եմ այդ օրենքներից, բայց, միևնույն է, մեր ըմբիշները պետք է պատրաստ լինել պայքարելու և հաղթելու ցանկացած օրենքների պարագայում»,- եզրափակեց Լևոն Ջուլֆալակյանը:

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում