ԱԱ-2018․ Հայաստանի հավաքականը գերկամային հաղթանակ տոնեց Մոնտենեգրոյի նկատմամբ (տեսանյութ)

ԱԱ-2018․ Հայաստանի հավաքականը գերկամային հաղթանակ տոնեց Մոնտենեգրոյի նկատմամբ (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալեց Մոնտենեգրոյի ընտրանուն։

«Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման մեկնարկային րոպեներին փակ խաղ էր ընթանում. երկու թիմերն էլ հիմնականում հետազոտում էին միմյանց: 10-րդ րոպեից հետո մրցակիցները սկսեցին ավելի սուր գրոհել: Բալկան ֆուտբոլիստները խաղում են մանր խախտման տակտիկայով, և դրվագներից մեկում դեղին քարտի շնորհիվ խափանեցին արագ հակագրոհը:

12-րդ րոպեին Արթուր Պետրոսյանի թիմը տուգանային հարվածի իրավունք էր ստացել, որը կարող էր խոստումնալից խաղարկում ունենալ, սակայն մրցավարը, չնայելով գնդակին, խանգարեց Հենրիխ Մխիթարյանի փոխանցմանը:

19-րդ րոպեին մեր թիմը բարձր պրեսինգի շնորհիվ խլեց գնդակը՝ այն հասցեագրելով Գոռ Մալաքյանին, ով տուգանային հրապարակում շրջանցեց մրցակցին և նրա հետ բախումից հետո ընկավ: Մրցավար Պավել Կրալովիչը արձանագրեց, որ հպումից առաջ կիսապաշտպանն արդեն սկսել էր ընկնել և նրան դեղին քարտով զգուշացրեց: 

Մոնտենեգրոյի գրոհները հետզհետե ավելի վտանգավոր էին դառնում և արդյունքում սկսեցին գոլերի վերածվել: 36-րդ րոպեին միջին տարածությունից անվտանգ հարվածից հետո հանկարծ անդրադարձ եղավ, ինչին Արսեն Բեգլարյանը դժվարությամբ արձագանքեց, իսկ ետ եկած գնդակի արագ խաղարկումը հանգեցրեց Դամիր Կոյաշևիչի խփած գոլին: Երկու րոպե անց Պիզելիի իրացրած անկյունայինից հետո գնդակը ետ մղվեց մեր թիմի կիսադաշտ, Լևոն Հայրապետյանը թույլ փոխանցում կատարեց դարպասապահին, ինչից օգտվեց Յովետիչը, ով մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց և նրա գլխավերևով գնդակն ուղարկեց դարպասը:

Շոկի մեջ հայտնված Հայաստանի ընտրանին առաջին կեսի մնացած ժամանակահատվածում միայն մեկ լուրջ գրոհ ձեռնարկեց, որի ժամանակ Ղազարյանի հարվածից հետո Բոժովիչը գնդակն իր առջև ետ մղեց, սակայն Ռուսլան Կորյանն անդրադարձին ուշ հասավ: 

Երկրորդ կեսի մեկնարկում Հրայր Մկոյանը սեփական տուգանային հրապարակի մատույցներում զարմանալիորեն հեշտ պարտվեց Բեչիրայի հետ մենապայքարը և հարձակվողին թույլ տվեց լավ դիրքից փոխանցում կատարել, որը, բարեբախտաբար, խափանվեց Մալաքյանի կողմից: 

50-րդ րոպեին Հայաստանի հավաքականը վերջապես գոլ խփեց: Արտակ Գրիգորյանը գնդակով համարձակ անցում կատարեց, պատ խաղարկեց Կորյանի հետ և մոտ տարածությունից գրավեց դարպասը: Գնդակն անդրադառնալով դարպասապահից, կրկին դիպավ Արտակին և նոր գլորվեց դարպասը: Այս գոլը շատ նման էր այն գնդակին, որը Գևորգ Ղազարյանը խփել էր Չեխիա – Հայաստան խաղում (1:2):

Գոլից հետո մեր թիմը սկսեց խաղալ կրկնակի եռանդով և մրցակցին փակեց իր կիսադաշտում: 71-րդ րոպեին Մխիթարյանը տուգանային հիանալի հարված կատարեց, բայց Բոժովիչը մի կերպ գնդակը հանեց անկյունային: Արթուր Պետրոսյանի թիմի ճնշումն այնքան մեծ էր, որ երկրորդ գոլը ժամանակի հարց էր․ այն գրանցվեց 74-րդ րոպեին, երբ անկյունայինի խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակում Վարազդատ Հարոյանը մոտ տարածությունից հավասարեցրեց հաշիվը։

Միայն երկրորդ գոլն ընդունելուց հետո Մոնտենեգրոն սկսեց գրոհել, բայց արդեն վստահ էր գործում մեր թիմի դարպասապահ Արսեն Բեգլարյանը: Խաղի վերջին վայրկյաններին՝ Հայաստանի հավաքականի վերջին գրոհի ժամանակ Գևորգ Ղազարյանը մոտ 20-25 մետրից փայլուն հարվածով հաղթանակ պարգևեց մեր թիմին՝ 3:2, արտակարգ քամբեք:

Սա ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակն էր․ այժմ մեր ընտրանին ունի 3 միավոր և զբաղեցնում է F խմբի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզզոնականը, իսկ Մոնտենեգրոն մնաց 7 միավորով և դեռևս Լեհաստանի հետ կիսում է առաջատարի կարգավիճակը։

ԱԱ-2018, ընտրական փուլ, չորրորդ տուր
F խումբ

Հայաստան – Մոնտենեգրո՝ 3։2
Գոլերը՝ Գրիգորյան 50՛, Հարոյան 74՛, Ղազարյան 90+4՛ – Կոյաշևիչ 36՛, Յովետիչ 38՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում