Ֆելիպե Մասան հրաժեշտ տվեց Ֆորմուլա-1-ին (լուսանկարներ)

Ֆելիպե Մասան հրաժեշտ տվեց Ֆորմուլա-1-ին (լուսանկարներ)

Ֆորմուլա 1-ի ընթացիկ առաջնության 20-րդ մրցափուլն անցկացվեց Բրազիլիայում, որտեղ էլ կայացավ Ֆելիպե Մասայի հրաժեշտը աշխարհի ամենաթանկ սպորտաձևին:

Տեղացի երկրպագուներն ամեն ինչ արել են, որպեսզի իրենց հայրենակիցն իմանա, թե նրան որքան շատ են սիրում: Նրանք որակավորման փուլում անընդհատ վանկարկել են Մասայի անունը, իսկ անմիջական մրցափուլի ժամանակ, որը, ցավոք, վթարով է ավարտվել 35-ամյա ավտոարշավորդի համար, նրան զգացմունքային հրաժեշտ են պարգևել:

Վնասված մեքենայից դուրս գալուց հետո «Ուիլյամսի» արշավորդը հուզիչ խոսքեր է լսել մրցատարածքի անվտանգության աշխատակիցների կողմից, հետո նրան ինչ-որ մեկը Բրազիլիայի դրոշն է տվել, ինչից հետո ամբողջ ավտոսպորտի ուշադրությունը բևեռվել է Ֆելիպեյի կողմը: Մասային ծափահարել են ոչ միայն երկրպագուները, այլ նաև մյուս բոլոր թիմերի ներկայացուցիչները:

Բրազիլացուն վերջինը գրկել ու ողջունել են նրա կինը Ռաֆայելան ու որդին՝ Ֆիլիպինյոն:
Միայն դրանից հետո կազմակերպիչները վերսկսել են մրցույթը:

Մասան Ֆորմուլա 1-ում հանդես է եկել «Զաուբերի», «Ֆերարիի» և «Ուիլյամսի» կազմում: Նա մասնակցել է 249 Գրան-պրիի, որոնցից 11-ում հաղթանակ է տոնել: Բրազիլացին մեկ անգամ՝ 2008 թվականին մոտ է եղել չեմպիոն դառնալուն, սակայն 1 միավորով ետ է մնացել Լյուիս Հեմիլթոնից:

Մարզական արդյունքներից զատ Մասան հայտնի էր բարի բնավորությամբ, գործընկերների հետ լավ հարաբերություններով, ինչպես նաև վայելում էր երկրպագուների սերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում