Զավեն Բադոյան. Ոսկանյանը ասել էր, թե կօգնի միասին դուրս գանք այդ վիճակից. լավ էլ դուրս եկանք…

Զավեն Բադոյան. Ոսկանյանը ասել էր, թե կօգնի միասին դուրս գանք այդ վիճակից. լավ էլ դուրս եկանք…

«Բանանցը» երիտասարդ և հայ ֆուտբոլիստների վրա շեշտը դնելու քաղաքականություն է ընտրել՝ հերթով բաժանվելով լեգիոներներից ու փորձառու խաղացողներից: Սակայն զարմանալի էր, որ հեռացողների ցուցակում հայտնվեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը, ով 2016 թվականի ձմռանից երևանյան ակումբում էր, նրա առաջատարն էր դարձել, իսկ երևանցիների նոր գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը նրա հետ աշխատանքը շարունակելու ցանկություն էր հայտնել: Sport.times.am-ը զրուցել է 26-ամյա ֆուտբոլիստի հետ, պարզել թիմից հեռանալու հանգամանքները և տեղեկացել հետագա ծրագրերի մասին:

– «Բանանցը» հայտարարել է, որ փոխադարձ համաձայնությամբ է խզվել Ձեր և ակումբի միջև պայմանագիրը: Դուք անձամբ ցանկանո՞ւմ էիք հեռանալ:

– Հայաստանի առաջնությունն ընթացքի մեջ էր, և դեռ 4 խաղ կար անցկացնելու: Մտադիր էի այդ 4 հանդիպումների ավարտից հետո իմ ապագայի վերաբերյալ որոշում կայացնել: Եթե արտերկրից առաջարկ լիներ, կընդունեի, եթե ոչ՝ կմնայի: ճիշտն ասած, անակնկալի եկա ինձ հետ բաժանվելու վերաբերյալ մարզչի որոշումից:

– Տեղյակ ենք, որ մեկնել եք Նորվեգիա: Նոր թիմի հարցո՞ւմ եք պայմանավորվում:

– Դեռ ոչինչ չեմ կարող ասել: Միայն կնշեմ, որ առաջարկներ կան, և բանակցություններն ընթացքի մեջ են: Առաջարկ կատարած ակումբների երկրները նույնպես դեռ չեմ բացահայտի: Նոր թիմի վերաբերյալ կխոսեմ, երբ հստակություն լինի: Նորությունների սպասեք նոր տարուց առաջ: 

– Հայաստանում կարիերան շարունակելու տարբերակը դիտարկո՞ւմ եք:

– Դիտարկում եմ բոլոր առաջարկները, բայց ավելի հակված եմ արտասահմանում ելույթներս շարունակելու հնարավորությանը:

– Նշեցիք, որ Ձեզ համար անակնկալ էր «Բանանցի» մարզչի որոշումը: Չնայած նրան, որ ակումբը երիտասարդների վրա է որոշել շեշտը դնել և բաժանվում է փորձառու խաղացողներից, կարծո՞ւմ էիք` այդ քաղաքականությունը Ձեզ վրա չի անդրադառնա:

– Այո, մտածում էի` դա ինձ վրա չի ազդի: «Բանանցի» միակ ֆուտբոլիստ էի, ով հրավիրվում էր հավաքական, ակումբի իսպանացի մարզիչն ինձ թիմի կեսն էր համարում… Այդ հանգամանքներից ելնելով` նրանց որոշումն անակնկալ էր: Չգիտեմ, միգուցե բարին էլ դա է:

– Այսինքն` պայմանագիրը երկկողմ համաձայնությա՞մբ չի խզվել, ինչպես ակումբն է հայտարարել:

– Խզվել է երկկողմ համաձայնությամբ, որովհետև չէի պատրաստվում մնալ մի ակումբում, որի մարզիչն ինձ չի տեսնում թիմում:

– Անդրադառնանք «Բանանցի» վերջին ելույթներին: Ինչո՞վ եք պայմանավորում առաջնության մեկնարկում թիմի անհաջող արդյունքները. ինչպես Ռամալյոյի օրոք, այնպես էլ՝ Արթուր Ոսկանյանի:

– Առաջնության սկզբում կային ֆուտբոլիստներ, ովքեր արձակուրդից լավ վիճակում չէին վերադարձել ակումբ: Ընթացքում դա շտկվեց, և կարելի է ասել` թիմը լավ խաղ էր ցուցադրում: Մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում էինք, առաջատարներից միավորների տարբերությունը քիչ էր:

Ինչ վերաբերվում է Արթուր Ոսկանյանին՝ ինձ թվում է` նա թիմին դեռ ծանոթ չէր: Ժամանակ էր պետք, որպեսզի նա ու ֆուտբոլիստները սկսեն հասկանալ միմյանց, խաղացողները հասկանան, թե մարզիչն ինչ է ուզում:

– «Բանանցի» նոր մարզիչը վերջերս հայտարարեց, որ նրա նշանակումից առաջ թիմի ֆուտբոլիստները կորցրել էին իրենց ինքնավստահությունը: Անձամբ Դուք սեփական ուժերի նկատմամբ վստահության կորուստ ունեցե՞լ եք:

-Ոչ, չեմ ունեցել: Մարզչական փոփոխությունից 2 տուր առաջ Գյումրիում հաղթեցինք «Շիրակին»: Եթե ինքնավստահություն չլիներ, դժվար թե առավելության հասնեինք առաջնության առաջատարի նկատմամբ:

– Ոսկանյանը նաև ենթադրել էր, որ ազգային հավաքականի կողմից ստացած մշտական հրավերներից հետո խաղերին չմասնակցելը կարող է հոգեբանորեն ազդած լինել Ձեզ վրա: Դա այդպե՞ս է:

– Հավաքականի այդ խաղերը (Հայաստան-Ռումինիա, Լեհաստան-Հայաստան) առաջին դեպքը չէին, երբ ինձ հրավիրում են ազգային ընտրանի և խաղաժամանակ չտրամադրում, բայց դրանից հետո առաջնությունում միշտ լավ եմ հանդես եկել: Հավաքականի հետ կապված հոգեբանական խնդիր չեմ ունեցել: Ազգային ընտրանուց միշտ վերադարձել եմ ավելի ուժեղ ու վստահ: Թե ինչ է տեսել Ոսկանյանը, ես չգիտեմ: Թիմի պարտությունը չի նշանակում, թե խնդիրը Բադոյանի մոտ է, այն ամբողջ թիմի մեջ է:

Ոսկանյանը նաև ասել էր, թե կօգնի միասին դուրս գանք այդ վիճակից: Լավ էլ դուրս եկանք…

– Ինչպիսի՞ ապագա եք կանխագուշակում այս «Բանանցին»:

– Կցանկանամ, որ «Բանանցի» մոտ ամեն ինչ լավ լինի: Թիմն ավելի ուժեղանա, դրանով առաջնության մակարդակը բարձրանա, հավաքականին ֆուտբոլիստներ տրամադրի: Այդ ամենի համար «Բանանցը» բոլոր պայմաններն ունի:

– Եվ վերջին հարցը: Այս անգամ դուք հավաքական չէիք հրավիրվել: Մեր ընտրանին 3:2 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյին: Կողքից նայելով՝ ի՞նչ էր փոխվել հավաքականի խաղում:

– Բոլոր դրական փոփոխությունները կապված են մարզչի հետ: Արթուր Պետրոսյանը կարճ ժամանակում կարողացավ ուշքի բերել թիմին, վստահություն փոխանցել ֆուտբոլիստներին: Այն ֆուտբոլիստները, ովքեր իրենց ակումբներում քիչ են խաղում, հավաքականում հոգեբանական խնդիր չունեին: Դա մարզչի շնորհիվ է: Մեզ այդպիսի մարզիչ էր պակասում, ով կարող էր թիմին հանել այդ վիճակից:

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում