Անպարտելիների լիգա | Թիմեր, որոնց անծանոթ է պարտության համը

Ներկայացնում ենք այն թիմերին, որոնք ընթացիկ մրցաշրջանում դեռևս չեն զգացել պարտության համը։

«Տոտենհեմ»
Անգլիայի Պրեմիր լիգա
Հորիզոնականը՝ 5-րդ
Արդյունքները՝ 5-6-0
Խփած և բաց թողած գնդակների տարբերությունը՝ 15-6

Միակ թիմը, որ ԱՊԼ-ում դեռ չի պարտվել, «Արսենալի» հարևանն է: «Տոտենհեմը» կարող էր պարտվել Հյուսիսային Լոնդոնի դերբիի ժամանակ, բայց շնորհակալություն Հարի Քեյնին, ով 11-մետրանոց հարվածով փրկեց խաղը: Մաուրիսիո Պոչետինոն հիանալի թիմ է կառուցել, որը կարողանում է ջանասիրաբար աշխատել ու խելացի խաղ ցուցադրել: Եթե ոչ-ոքիների թիվն այդքան մեծ չլիներ, թիմն արդեն իսկ լավագույն քառյակում կլիներ: Ամեն ինչ դեռ կորած չէ. առաջնությունում լավագույն պաշտպանությունն ունենալով՝ «Տոտենհեմը» միայն 3 միավորով է հետ Չեմպիոնների լիգայի գոտուց: ԱՊԼ-ում անպարտելիի կարգավիճակը պահպանելու մասին հույս պետք չէ ունենալ: Պարզապես եկեք ուրախանանք նրանց հաջողությամբ:

«Ռեալ Մադրիդ»
Լա լիգա
Հորիզոնականը՝ 1-ին
Արդյունքները՝ 8-3-0
Գնդակների տարբերությունը՝ 31-10

Զարմանալի է նույնիսկ, որ մադրիդցիների մարզիչ Զինեդին Զիդանը նման ճնշման ու քննադատությունների տակ է, քանի որ «Ռեալը» ոչ միայն չի պարտվում, այլ նաև առաջատար է Իսպանիայում: Խնդիրն այն է, որ «Ռեալն» իր միավորները երեք տուրում անընդմեջ է կորցրել՝ այն էլ «Վիլյառեալի», «Լաս Պարմասի» և «Էյբարի» դեմ խաղերում: Թիմերից յուրաքանչյուրի նկատմամբ խորին հարգանք ունենալով՝ պետք է նշել, որ դրանք ոչ «Բարսելոնան» էին, ոչ էլ «Ատլետիկոն»: Մադրիդյան առաջին դերբին կամ «էլ կլասիկոն» կարող են վերջ դնել մադրիդցիների՝ անպարտելի մնալու հույսերին: Զիդանի խնդիրներն ավելի են բարդացնում առանցքային ֆուտբոլիստների վնասվածքները։

«Բավարիա»
Բունդեսլիգա
Հորիզոնականը՝ 2-րդ (առաջատար «Լեյպցիգի» համեմատ մեկ հանդիպում պակաս է անցկացրել)
Արդյունքները՝ 7-3-0
Գնդակների տարբերությունը՝ 24-6

Մյունխենի «Բավարիան» այստեղ գտնվելով որևէ մեկին չի զարմացնում, թեև Բունդեսլիգայում ևս այս ցանկալի զրոն կորցնելն իրական է: 11-րդ տուրում «Բավարիան» կխաղա Դորտմունդում, որտեղ հայտնի չէ, թե ինչ կարող է տեղի ունենալ: Մյունխենցիներն անցել են օրացույցի թեթև մասն, իսկ մինչև Ամանոր հանդիպելու են «Բորուսսիային», «Բայերին», «Լեյպցիգին» և «Վոլֆսբուրգին»: Այս թիմերի հետ խաղերը իրավիճակը փոխելու մեծ հավանականություն ունեն:

«Լեյպցիգ»
Բունդեսլիգա
Հորիզոնականը՝ 1-ին
Արդյունքները՝ 8-3-0
Խաղերի տարբերությունը՝ 23-9

Այո-այո, առաջնութան նորեկը չի զիջում «Բավարիային»: Այս թիմն արդեն ցնցում է առաջացրել Բունդեսլիգայում: Նոր «Լեսթ՞եր»․․․ Եթե ոչ չեմպիոնություն, «Լեյպցիգը» Չեմպիոնների լիգայի գոտում մնալու մեծ հնարավորություն ունի։ Դեռ վաղ է մեծ նպատակների մասին խոսելու համար, բայց պետք է խոստովանել՝ «Լեյպցիգի» հաջողությունը ոչ թե պատահականությունների շարք է, այլ կազմակերպված խաղի արդյունք։

«Հոֆենհայմ»
Բունդեսլիգա
Հորիզոնականը՝ 4-րդ
Արդյունքները՝ 5-5-0
Գնդակների տարբերությունը՝ 18-11

Նորից Գերմանիա: Այս անգամ ֆուտբոլասերների զարմանքի պատճառը «Հոֆենհայմն» է: Երիտասարդ Յուլիան Նագելսմանն ինտեգրվել է ու կարողանում է լավագույնս կազմակերպել թիմի խաղը: Վերջին տուրում նրանք հանդիպեցին «Բավարիային», ոչ-ոքի գրանցեցին, իսկ մինչև այդ 5 անընդմեջ հաղթանակի էին հասել: «Լեյպցիգի» հետ ևս խաղացել են: Դեռ շատ ուժեղ թիմեր կան, բայց չգիտես ինչու ցանկություն կա բավարար գնահատելու «Հոֆենհայմի»՝ մինչև Ամանոր ընկած ժամանակահատվածն առանց պարտության շարունակելու հնարավորությունը:

Անսպասելի շրջադարձ Թուրքիայում

Այն, որ «Բեշիկթաշն» առանց պարտության առաջ է գնում, նորմալ է: 7 հաղթանակ ու 3 ոչ-ոքի. նման է «Բավարիայի» դեպքին, բայց առաջին հորիզոնական չի ապահովում: Այդ դեպքում ո՞վ է առաջին հորիզոնականում: «Գալաթասարայը» եզրափակում է եռյակը, «Ֆեներբախչեն» 5-րդն է: Առաջատարը «Իստամբուլն» է: Այն մեկ հաղթանակ ավելի ունի, քան «Բեշիկթաշը»: Թիմ, որն անցյալ տարի նշեց 25-ամյակը, համաշխարհային մակարդակի աստղեր չունի: Դրա համար էլ Թուրքիայում իսկական սենսացիա է այն, որ «Իստամբուլը» շարունակում է անպարտելի մնալ:

«Բենֆիկան» և «Շախտյորը» չեմպիոնության հայտ են ներկայացնում

Պորտուգալիան և Ուկրաինան այն երկրներն են, որտեղ չեմպիոնի տիտղոսի համար պայքարը սովորաբար ընթանում է երկու մասնակիցների միջև: Որպես կանոն այդ թիմերն առաջին տուրերից առանձնանում են մյուսներից և մինչև վերջ առանձին են անցնում ճանապարհը: Այս պահին այդ երկու առաջնություններում արդեն առաջատարներ կան և իրենց անպարտելիության հաշվին առաձնանում են: «Շախտյորը» բաժանվել է «Դինամոյից» ու «Զարյայից» 8 միավորով, իսկ «Բենֆիկան»՝ 5 միավորով «Սպորտինգից» և «Պորտուից»: Եզրահանգումներ անելու համար դեռ վաղ է, բայց չեմպիոնական տիտղոսի գլխավոր թեկնածուներն արդեն աչքի են ընկնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում