Կամո Հովհաննիսյան․ Ֆուտբոլ առաջին հերթին խաղում են գլխով, հետո՝ ոտքերով

Ի՞նչ ֆիլմեր է խորհուրդ տալիս դիտել Կամո Հովհաննիսյանը, ինչի՞ց է նա ամենից շատ վախենում և համակարգչով ֆուտբոլ խաղալիս ո՞ր թիմն է ընտրում… Այս հարցերին ֆուտբոլիստը պատասխանել է «Փյունիկի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում։

-​Շատերը Ձեզ ճանաչում են որպես Հայաստանի ամենաարագ ֆուտբոլիստ: Որտեղի՞ց նման արագություն:

-Բնածին: Ճիշտ է, նախքան ֆուտբոլը գիմնաստիկայի դասերի եմ հաճախել, բայց դա ընդամենը մի քանի ամիս:

-Սովորաբար ինչպե՞ս​ եք պատրաստվում խաղերին: Հատկապես նման խիտ գրաֆիկի պարագայում, երբ արագ պետք է մոռանալ նախորդ հանդիպումն ու տրամադրվել հաջորդ խաղին: Կա՞ ինչ-որ հատուկ ավանդույթ։

-Ոչ, հատուկ որևէ ավանդույթ չկա: Իհարկե, ամեն խաղին պետք է տրամադրվել, պահել ռեժիմը, հանգստին շատ ժամանակ հատկացնել վերականգնվելու համար, հատկապես նման խիտ գրաֆիկի դեպքում: Բայց քանի որ ֆուտբոլն առաջին հերթին խաղում են գլխով, հետո նոր ոտքերով, ամենակարևորը հոգեպես խաղին պատրաստ լինելն է: Ես, օրինակ, մինչև մրցավեճը մտովի փորձում եմ պատկերացնել հնարավոր սցենարը, տարբեր դրվագներ… Հիշում եմ, թե ով է մրցակիցը ու կենտրոնանում եմ թե՛ թիմային, թե՛ անհատ կատարողների առանձնահատկությունների վրա:

-Նշեք 3 կարևոր որակներ, որոնք, ըստ Ձեզ, առանցքային են հաջողակ ֆուտբոլիստ դառնալու համար։

-Առանձնացնել մի քիչ դժվար է, քանի որ տարբեր որակներ լրացնում են միմյանց ու ճիշտ չափաբաժնով նրանց միաձուլումն էլ բերում է հաջողության: Թերևս ամենակարևորն ինձ համար աշխատասիրությունն է, նվիրվածությունն ու համեստությունը:

 -Երբ ֆուտբոլում դադար է, ինչո՞վ է զբաղված Կամո Հովհաննիսյանը։

-Սիրում եմ ֆիլմեր դիտել, շա՛տ եմ սիրում: Ճիշտ է, ամբողջ ազատ ժամանակը ֆիլմերին չեմ հատկացնում, բայց նման խիտ գրաֆիկի հետ կապված, երբ հիմնականում տանն եմ լինում, ֆիլմեր կամ տարբեր հաղորդումներ եմ դիտում: Նայում եմ ցանկացած ժանրի ֆիլմեր բացի անորակ սարսափներից: Նախընտրում եմ գլուխկոտրուկ ֆիլմեր, որ ստիպում են մտածել, ինչպես օրինակ «Անիծվածների կղզին» կամ «Սկիզբը»: Սիրում եմ Լեոնարդո դի Կապրիոյի ու Դենզել Վաշինգտոնի մասնակցությամբ բոլոր ֆիլմերն ու խորհուրդ եմ տալիս անպայման նայել: Շատ եմ սիրում նաև պատմական ֆիլմեր: Ազատ ժամանակի մի մասն էլ անցկացնում եմ եղբորս տղաների հետ: Ընդհանրապես փոքր երեխաների շատ եմ սիրում, իսկ մեր՝ Հովհաննիսյաններիս գերդաստանում, տղաները շատ-շատ են: Սիրում եմ ժամանակս նրանց հետ անցկացնել, հյուր գնալ, խաղալ… Ինչպես գրեթե բոլոր ֆուտբոլիստները, սիրում եմ նաև համակարգչով ֆուտբոլ խաղալ:

-Իսկ ո՞ր թիմն եք ընտրում խաղալիս:

-«Ռեալ»: Փոքրուց միշտ համակրել եմ այս թիմը ու այդպես շարունակվել է, սակայն մոլի երկրպագու չեմ, նույն հետաքրքրությամբ հետևում եմ «Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի», «Բավարիայի» խաղերին: Բայց «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումները միշտ առաջին տեղում են:

-Ֆուտբոլից բացի ի՞նչ մարզաձևի եք հետևում։

-Բացի ֆուտբոլից անձամբ ես սիրում եմ մեծ թենիս խաղալ և բիլիարդ, իսկ հետևում եմ Հայաստանի մասնակցությամբ բոլոր սպորտաձևերին: Եթե Հայաստանից ներկայացուցիչ կա որևէ մրցաշարում, անպայման նայում եմ ելույթները: Հետաքրքիր է նաև «Ֆորմուլա-1»-ը: Սիրում եմ արագություն՝ չնայած ինքս մեքենա արագ չեմ վարում, հատկապես քաղաքում՝ առանց թույլատրելի արագությունը գերազանցելու: Ո՞վ չի սիրում արագություն, բնական է, բայց նաև վախ կա: Թեև ամենամեծ վախերից կառանձնացնեմ բարձրությունից վախը: Ինքնաթիռով թռիչքի հետ խնդիր չունեմ, բայց օրինակ պարաշյուտով ցատկ երբեք չեմ անի, չնայած ցանկությունը մեծ է:

-Կարծում եմ ինչպես յուրաքանչյուր վարորդ, դուք նույնպես վարելիս նախընտրած երաժշտություն ունեք։ Եթե հիմա միացնենք Ձեր մեքենայի նվագարկիչը, ի՞նչ երգ կհնչի։

-Տարբեր են լինում, հիմնականում հեռախոսիս երաժշտությունն են միացնում կամ CD: Վերջին երգը, որ հնչում էր՝ Imany — Don’t be so shy: Հայկական երգեր նույնպես լսում եմ: Ինչպես ֆիլմերի պարագայում, այստեղ նույնպես նախընտրած կոնկրետ ժանր չունեմ: Եթե երգը դուրս եկավ, ավելացնում եմ փլեյլիսթում: Կարևորը ծանր ռոք, մետալ չլինի: Ինձ համար դա ավելի շուտ մարդկանց տանջելու միջոց է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում