Չեմպիոնների լիգա․ Ի՞նչ սպասել 5-րդ տուրից

Կրիշտիանու Ռոնալդուն տուն է վերադառնում, Մարկո Ռոյսը՝ խաղադաշտ, Մարեկ Համշիկը հետապնդում է Դիեգո Մարադոնային: 

Ներկայացնում ենք, թե Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում (նոյեմբերի 22-23) ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենալու: 

Ռոնալդուն տուն է գնում

Կրիշտիանու Ռոնալդուն, ում ընդամենը 2 գնդակ է մնում եվրոգավաթներում 100 գոլին հասնելու համար (ՉԼ-ում նա 95 գնդակ է խփել), հյուր է գնում հարազատ «Սպորտինգին»: Խորհրդանշական կլինի, եթե «Ռեալի» հարձակվողը 100-ին հասնի հենց այնտեղ, որտեղից սկսել է կարիերան: Այս թիմերի առաջին խաղում Զինեդին Զիդանի սաները զիջում էին 0:1 հաշվով և հրաշքով փրկվեցին: Վերջին րոպեներին Ռոնալդուն հստակ իրացրեց տուգանային հարվածը, իսկ ավելացված ժամանակում Ալվարո Մորատան, գոլի հեղինակ դառնալով, մադրիդցիներին 2:1 հաշվով հաղթանակ պարգևեց։

Ռոյսի վերադարձը

Ոտնաթաթի ցավը «Բորուսսիայի» առաջատարներից Մարկո Ռոյսին այդպես էլ թույլ չտվեց շարք վերադառնալ ու մասնակցել «Բավարիայի» դեմ կարևորագույն խաղին: Սպասվում է, որ Մարկոն պատրաստ կլինի «Լեգիայի» դեմ հանդիպմանը, որտեղ դորտմունդյան թիմը փորձելու է ապահովել F խմբի առաջին հորիզոնականը:

«Հաճելի է տեսնել, որ նա նորից մարզվում է»,- ասել է «Բորուսսիայի» մարզիչ Թոմաս Տուխելը ֆուտբոլիստի մասին, ով ընթացիկ մրցաշրջանում դեռ չի խաղացել:

«Լեգիան» առաջին տուրում պարտվել է դորտմունդցիներին (0:6), բայց հիմա թիմը նոր մարզիչ ունի՝ Յացեկ Մագերան: «Ռեալի» հետ սենսացիոն ոչ-ոքիից հետո (3:3) թիմը պահպանում է երրորդ հորիզոնականում լինելու և արդեն Եվրոպա լիգայում պայքարը շարունակելու հնարավորությունը:

Կարո՞ղ է «Լեսթերը» հաղթել Չեմպիոնների լիգայում

«Լեսթերը» եվրագավաթներում չի հաղթել: Կլաուդիո Ռանյերիի թիմը հիմա անում է այն, ինչ ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում՝ փոխում է պատմությունը: Հինգերորդ տուրում ոչ-ոքին այս թիմին 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր կտա: Քչերն են հավատում, որ «Լեսթերը» մեծ հաջողության կհասնի, բայց մի՞թե հնարավոր չէ, որ ակումբը ֆուտբոլի պատմության ամենամեծ սենսացիայի հեղինակը դառնա հենց այս մրցաշրջանում:

9 տարի առանց եզրափակիչ փուլի

H խմբում առաջատար դիրք ունեցող «Սևիլյան» առանց պարտության է շարունակում ճանապարհը և «Յուվենտուսի» հետ ոչ-ոքիի դեպքում եզրափակիչ փուլ կանցնի: 2007-08թթ․ մրցաշրջանից հետո «Սևիլյան» 1/8 եզրափակչում չի խաղացել: Նախորդ անգամ նրանք խմբում հաղթել էին «Արսենալին», «Ստյաուային» և «Սլավիային»: Խորխե Սամպաոլիի թիմը միավորը կիսեց «Յուվեի» հետ, ապա 3 անընդմեջ հաղթանակ տարավ: Իտալիայի չեմպիոնին երկրորդ խաղում հաղթելն ու խմբում առաջին հորիզոնականում լինելը տարիների անհաջողություններից հետո գերազանց արդյունք կլինի։

«Տոտենհեմը» հիշում է հաղթանակի համը

Մոնակո այցից առաջ «Տոտենհեմը» վերջապես ընդհատեց յոթխաղյա անհաջող շարքը՝ Հարի Քեյնի դուբլը թիմին օգնեց դրամատիկ խաղում հաղթանակ տանել «Վեսթ Հեմի» նկատմամբ (3:2): Մաուրիսիո Պոչետինոյի թիմը հոկտեմբերի 2-ից հետո հաղթանակ չէր տոնել (չնայած ԱՊԼ-ում չէր էլ պարտվել)։ Հիմա թիմի համար ՉԼ-ի առաջիկա խաղում 3 միավոր վաստակելը կենսական նշանակություն ունի: Հակառակ դեպքում եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելը չափազանց բարդ կլինի: 

Դի Մարիան պատրաստ կլինի

Խմբային փուլում ցանկացած ֆուտբոլիստ կարևոր է, առավել ևս՝ Անխել Դի Մարիան: Արգենտինացին նախ գնդակ խփեց, ապա փոխարինվեց «Պարի Սեն Ժերմեն»-«Նանտ» (2:0) խաղում: Փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հանգստացրեց երկրպագուներին. «Կարծում եմ, որ նա պատրաստ կլինի «Արսենալի» հետ խաղին: Դա հանճարեղ ֆուտբոլիստների խաղ է լինելու։ Հենց նման խաղերում է այս մարզաձևի գեղեցկությունը»:

«Ատլետիկոն» ցանկանում է կորուստ չունենալ

«Նման պարտություններն անհանգստացնում են։ Ոչ մի լավ բան ասել չի կարելի, դա ցավոտ է մեզ համար»,- շաբաթ օրվա մադրիդյան դերբիից (0:3) հետո ասել է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:

«Ատլետիկոյի» երկրպագուներին կարող է հուսադրել այն փաստը, որ մադրիդյան թիմը միակն է խմբում, որ ՉԼ-ում միավոր չի կորցրել: Մադրիդցիներն արդեն իսկ արժանիորեն դուրս են եկել եզրափակիչ փուլ, սակայն Սիմեոնեն մտադիր է առանց կորստի հաղթահարել խմբային փուլը:

«Սելթիկ». կրկնել 2012-ը

«Սելթիկի» երկրպագուները քնում և 2012 թվականն են տեսնում, երբ իրենց սիրելի թիմը Վիկտոր Վանյամայի և 18-ամյա Թոնի Ուոտի գոլերի շնորհիվ Գլազգոյում 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»: Սակայն Շոտլանդիայի չեմպիոնների մարզիչ Բրենդան Ռոջերսը ավելի լավ կլինի, եթե հիշի առաջին տուրի խաղը, երբ իր սաները «Կամպ Նոու» մարզադաշտում 0:7 հաշվով պարտություն կրեցին:

«Կարելի է նույնիսկ երկու ավտոբուս կանգնեցնել տուգանայինում, բայց աշխարհի լավագույն ֆուտբոլիստները միշտ ազատ տարածություն կգտնեն»,- առաջին խաղից հետո խոստովանել էր Ռոջերսը:

Համշիկը հետապնդում է Մարադոնային

Նոյեմբերին Մարեկ Համշիկը իր հաշվին ավելացրեց Չեմպիոնների լիգայում «Բեշիկթաշի», Իտալիայի առաջնությունում՝ «Լացիոյի» դարպասը խփած գոլերը: Եթե նա «Դինամոյի» դեմ խաղում գոլի հեղինակ դառնա, Էդինսոն Կավանիի հետ կկիսի «Նապոլիի» պատմության լավագույն երրորդ ռմբարկուի կոչումը (104 գնդակ) և կմոտենա առաջատարին՝ Դիեգո Մարադոնային, ում ակտիվում 115 գնդակ կա:

«Երբեք այնպիսի հանճարեղ ֆուտբոլիստ չեմ դառնա, ինչպես Դիեգո Մարադոնան, բայց նրա ռեկորդը գերազանցելը շատ հաճելի կլինի»,- հայտարարել է 29-ամյա Համշիկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում