ՉԼ․ «Ռեալը» հաղթեց արտագնա խաղում, Դորտմունդում գոլային հրավառություն էր (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում F խմբի ֆավորիտներ Դորտմունդի «Բորուսսիան» ու «Ռեալը» հաղթանակներ տոնեցին։

«Ռեալը» 2։1 հաշվով առավելության հասավ «Սպորտինգի» նկատմամբ։ Լիսաբոնում կայացած խաղի 29-րդ րոպեին Ռաֆայել Վարանն առաջ մղեց «սերուցքայիններին», 80-րդ րոպեին Ադրիեն Սիլվան վերականգնեց հաշվի հավասարությունը՝ անվրեպ իրացնելով Ֆաբիու Կոենտրաուի խախտման արդյունքում նշանակված 11-մետրանոց հարվածը, իսկ հաղթական գոլը 87-րդ րոպեին խփեց Կարիմ Բենզեման։

Դորտմունդում իսկական գոլային հրավառություն էր․ «Բորուսսիան» 8։4 հաշվով հաղթեց «Լեգիային»։ Թոմաս Տուխելի սաներից Սինձի Կագավան դուբլ ձևակերպեց, վնասվածքից ապաքինված Մարկո Ռոյսը՝ հեթ-տրիկ, մեկական գոլ խփեցին Նուրի Շահինը, Ուսման Դեմբելեն և Ֆելիքս Պասլակը, իսկ հյուրերից աչքի ընկան Ալեքսանդր Պրիյովիչը (դուբլ), Միխալ Կուխարչիկը, Նեմանյա Նիկոլիչը։

Վերջին տուրից հետո «Բորուսսիան» 13 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» 11 միավորով երկրորդն է։ Այս թիմերն արդեն նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիր, և վերջին տուրում միայն լուծվելու է առաջին տեղի հարցը։ «Սպորտինգը» 5 խաղում վաստակել է 3 միավոր, «Լեգիան»՝ 1. այս թիմերը վերջին տուրում կպայքարեն Եվրոպա լիգայի ուղեգիր տվող երրորդ հորիզոնականի համար։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
F խումբ

«Սպորտինգ» – «Ռեալ»՝ 2։1
Գոլերը՝ Սիլվա 80՛ / 11-մետրանոց – Վարան 29՛, Բենզեմա 87՛
Հեռացում՝ Պերեյրա 64՛

«Բորուսսիա Դորտմունդ» – «Լեգիա»՝ 8։4
Գոլերը՝ Կագավա 17՛, 18՛, Շահին 20՛, Դեմբելե 29՛, Ռոյս 32՛, 52՛, 90+2՛, Պասլակ – Պրիյովիչ 10՛, 24՛, Կուխարչիկ 57՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում