ՉԼ․ «Արսենալն» ու «Պարի Սեն Ժերմենը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում․ «Արսենալը» հյուրընկալեց «Պարի Սեն Ժերմենին»։ A խմբի առաջատարներն արդեն իսկ ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆֆում և վերջին խաղերը վճռորոշ են պայքարն առաջին տեղով շարունակելու համար։

Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց Էդինսոն Կավանին։ «Զինագործները» նախքան ընդմիջման գնալը 11-մետրանոցի շնորհիվ վերականգնեցին հաշվի հավասարությունը․ տուգանայինն անվրեպ իրացրեց Օլվյե Ժիրուն։

Երկրորդ կեսում թիմերը փոխանակվեցին ինքնագոլերով․ նախ ինքնագոլի հեղինակ դարձավ Մարկո Վերատին, ապա ինքնագոլ գրանցվեց Ալեքս Իվոբիի ակտիվում (ՈւԵՖԱ-ն ինքնագոլ է գրանցել Իվոբիի ակտիվում, որոշ աղբյուրներ գոլը գրանցել են Լուկա Մոուրայի ակտիվում)։

Այս խմբի մյուս՝ «Լուդոգորեց»-«Բազել» խաղում գոլեր չարձանագրվեցին։ Վերջին տուրրից առաջ «Արսենալն» ու «Պարի Սեն Ժերմենն» ունեն 11-ական միավոր, «Բազելը» և «Լուդոգորեցը»՝ 2-ական։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

«Արսենալ» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 2։2
Գոլերը՝ Ժիրու 45+1՛, Վերատի 60՛/ինքնագոլ – Կավանի 18՛, Իվոբի 78՛

«Լուդոգորեց»-«Բազել»՝ 0։0

Հետևեք մեզ նաև Telegram-ում