Լիգա 1. Սիլվան ու Կավանին հաղթանակ են պարգևել ՊՍժ-ին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության է հասել «Անժեի» նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացել է Տյագո Սիլվան, ով անկյունայինից փոխանցում է ստացել Լուկաս Մոուրայից և գլխի հարվածով գնդակն ուղարկել է դարպասը: 66-րդ րոպեին փարիզցիների հաղթանակն ամրապնդել է Էդինսոն Կավանին, ով հստակորեն իրացրել է Հատեմ Բեն Արֆայի վաստակած 11-մետրանոցը:

Մրցաշարի առաջատար «Նիցան» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթել է «Գենգամին»: Միակ գնդակը 5-րդ րոպեին փայլուն հարվածով հեղինակել է Յունես Բելհանդան:

ՊՍժ-ի հետ հավասար միավորներով ընթանալու հնարավորությունը ձեռքից բաց է թողել «Մոնակոն», որը «Դիժոնի» դեմ արտագնա մրցավեճում ձեռքից բաց է թողել հաղթանակը: 17-րդ րոպեին Գիդո Կարիլյոյի խփած գնդակին 87-րդ րոպեին պատասխանել է Ֆրեդերիկ Սամարիտանոն: Գրանցվել է 1:1 հաշիվը:

Վերջին 5 խաղերում 4-րդ հաղթանակն է տոնել «Լիոնը», որը մրցակցի հարկի տակ 6 անպատասխան գնդակ է ուղարկել «Նանտի» դարպասը: Մեկական անգամ աչքի են ընկել Կորենտեն Տոլիսոն (16-րդ րոպե), Ալեքսքանդր Լակասետը (39, 11մ.), Մաքսիմ Գոնալոնը (41), Մատյե Վալբուենան (60), Մուլտար Դիահաբին (75) և Նաբիլ Ֆեկիրը (81):

Խաղային օրվա մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները. «Բաստիա» – «Բորդո»՝ 1:1, «Սենտ Էտյեն» – «Մարսել»՝ 0:0, «Նանսի» – «Մեց»՝ 4:0 և «Թուլուզա» – «Մոնպելյե»՝ 1:0:

15-րդ տուրից հետո առաջատար «Նիցան» վաստակել է 36 միավոր, «Պարի Սեն Ժերմենը»՝ 35, իսկ «Մոնակոն»՝ 33: Լավ թափ հավաքած «Լիոնն» իր հաշվին արդեն ունի 25 միավոր և գտնվում է 4-րդ տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում