Լևոն Ջուլֆալակյան․ Մեկնում ենք մեդալների ակնկալիքով

Դեկտեմբերի 10-11-ը  Բուդապեշտում կկայանա ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությունը, որում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը կներկայացնեն 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը և 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Sport.Times.am-ի հետ զրույցում ասաց, որ ըմբիշները նորմալ մարզավիճակում են․

«Մնում է՝ կարողանան իրենց հնարավորությունները ցույց տալ աշխարհի առաջնության ժամանակ։ Մենք միշտ էլ մրցավայր մեկնում ենք մարտական տրամադրվածությամբ: Չեմ ուզում նախապես եզրակացություններ անել, դա սխալ մոտեցում է: Մրցումները ցույց կտան, թե ինչ կլինի: Միայն կարող եմ ասել, որ ուժեղ պայքար է ընթանալու։ Այս պահին չեմ ուզում խոսել մեդալների մասին, բայց, բնական է, որ մենք միշտ մեկնում ենք մեդալների համար պայքարելու»,- ասաց Լևոն Ջուլֆալակյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչը տեղեկացրեց, որ մարզչական անձնակազմից մրցավայր մեկնելու են ինքը, հավաքականի մերսողը, և, հնարավոր է, նաև Վարշամ Բորանյանի անձնական մարզիչ Արամ Գասպարյանը. այդ հարցը դեռ քննարկվում է։ Հայաստանն ունենալու նաև մրցավար ներկայացուցիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։

71 կգ քաշային Վարշամ Բորանյանը, ով աշխարհի առաջնությանը պատրաստվում է Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակով, վստահեցնում է, որ լավ մարզավիճակում է․

«Լավ մարզումներ ենք անցկացրել: Վերջին փուլում էլ սկսում ենք ավելի լավ պատրաստվել: Կարծում եմ` կպայքարեմ մեդալների համար: Մրցակիցներիս մեծ մասին ծանոթ եմ։

Սկզբից դժվար էր, բայց արդեն սովորել ենք նոր կանոններին։ Կարծում եմ՝ լավ կլինի, քանի դրանք բոլորի համար են»,- ասաց Բորանյանը։

Ի տարբերություն Վարշամ Բորանյանի՝ Սարգիս Քոչարյանի համար սա առաջին առաջնությունն է մեծահասակների կազմում։ Չնայած դրան՝ նա մրցավայր է մեկնում հաղթական տրամադրվածությամբ․

«Նորմալ մարզավիճակում եմ և հաղթական տրամադրվածություն ունեմ։ Եթե մեդալների համար պայքարելու հնարավորություն չունենայի՝ չէի մեկնի։ Մրցակիցներիս մասին շատ տեղեկություններ չունեմ, բայց այսպես ավելի լավ է: Տեղում կիմանամ։ Հոգեբանորեն պատրաստ եմ, իսկ դա ամենակարևորն է»։

 

Տեքստը և լուսանկարները՝ Հասմիկ Գրիգորյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում