Վիճակագրություն, մարզավիճակ, տակտիկական խնդիրներ. «Բարսելոնա»-«Ռեալ» խաղի անոնսը

Պրիմերայի 14-րդ տուրում կկայանա առաջնության ամենասպասված երկու հանդիպումներից առաջինը. «Բարսելոնան» կընդունի «Ռեալին»: Ներկայացնում ենք պատմական մրցակցության անոնսը:

Իսպանիայի առաջնություն. 14-րդ տուր
Բարսելոնա, «Նոու Կամպ» մարզադաշտ, 03.12.2016, ժամը՝ 19:15
«Բարսելոնա» – «Ռեալ»
Մրցավար՝ Կարլոս Կլոս Գոմես

Պատմությունը վիճակագրությամբ

«Բարսելոնան» ու «Ռեալը» պաշտոնական խաղերում հանդիպել են 235 անգամ (ևս 31 անգամ ընկերական խաղերում, որոնցում «կապտանռնագույններն» ահռելի առավելություն ունեն): Այդ 235 հանդիպումներում 94 անգամ հաղթել է «Ռեալը», 48 մրցավեճ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, 93 անգամ էլ առավելության է հասել «Բարսելոնան»: «Արքայական ակումբը» խփել է 393 գնդակ, իսկ կատալոնացիները՝ 376:

Իսպանական ֆուտբոլի գրանդների հավերժ դիմակայությունը գրեթե հավասար ընթացք ունի նաև Իսպանիայի առաջնությունների շրջանակում: Պրիմերայում նրանք մրցել են 174 անգամ, 72 խաղում հաղթել է «Ռեալ», 32 հանդիպում ավարտվել է խաղաղ ելքով, 70 անգամ հաջողության է հասել «Բարսելոնան»: «Սերուցքայինները» խփել են 280 գոլ, իսկ «կապտանռնագույները»՝ 273:

Կատալոնական թիմը սեփական հարկի տակ խաղերում («Լես Կորտս» և «Կամպ Նոու» մարզադաշտեր) «Ռեալի» դեմ բոլոր մրցաշարերում 110 խաղ է անցկացրել, որոնցից 62-ում հաղթանակ է տոնել:

Մարզավիճակը

«Ռեալը» վերջին 11 խաղում 10 հաղթանակ է տոնել և գտնվում է հոգեբանական լավ վիճակում: Սակայն այդ հաղթանակներից միայն մեկն է տարվել լուրջ մրցակցի՝ «Ատլետկոյի» նկատմամբ արտագնա խաղում (3:0): Ինչ-որ տեղ կարելի է հիշատակել նաև «Ատլետիկի» դեմ տնային և Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ արտագնա հանդիպումներում 2:1 հաշվով հաղթանակները, որոնցում մադրիդցիները առանձնապես չեն տպավորել: Թիմի ոչ այնքան հաջող խաղի մասին մի քանի անգամ խոսել է նաև «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

«Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում լուրջ խնդիրներ ունի ոչ այնքան ուժեղ մրցակիցների հետ խաղերին տրամադրվելու հարցում: Դա երկրպագուների համար ազդանշան է Չեմպիոնների լիգայի գավաթի համար պայքարելու նպատակի շուրջ: Վերջին 2 ամիսներին կատալոնացիների լավագույն հանդիպումները, որոնցում նրանք բոլոր 90 րոպեները միտված են եղել պայքարի, գրանցվել են համեմատաբար ուժեղ մրցակիցների դեմ հանդիպումներում («Սևիլյա», «Մանչեսթեր Սիթի», «Վալենսիա»): Դա խոսում է այն մասին, որ «Ռեալի» հետ մրցավեճում Լուիս էնրիկեի թիմը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի հաջող հանդես կգա, քան նույն «Ռեալ Սոսյեդադի» դեմ առաջնության վերջին խաղում էր: Բացի այդ, սա «կլասիկոն» է, որի մասին ընդունված է ասել. «Այն դուրս է մրցաշարային աղյուսակի համար պայքարից և թիմերի մարզավիճակից»: Երկու թիմերն էլ ձգտելու են տարվա լավագույն խաղն անցկացնել:

Կադրային իրավիճակ

«Բարսելոնայի կազմում վնասվածքից ապաքինվել է Անդրես Ինյեստան, ինչն այդ թիմի երկրպագուների համար հիասքանչ նորություն է: Թիմի ավագի բացակայության ժամանակ խաղարկողի դիրքում մի քանի տարբերակներ են փորձարկվել, սակայն Լուիս Էնրիկեն այդպես էլ վերջնական ընտրություն չկատարեց: Վերջին խաղերում «Բարսելոնայի» միջին գծում խաղում էին Բուսկետսը, Ռակիտիչը և Անդրե Գոմեշը: Պորտուգալացին կազմակերպչական խաղում ընդհանրապես չտպավորեց և հաստատեց, որ նույնիսկ երկար ժամանակ բացակայած Ինյեստան ավելի նախընտրելի տարբերակ է:

«Կապտանռնագույնների» կազմում հարցականի տակ է նաև ձախ պաշտպան Ժորդի Ալբայի մասնակցությունը: Եթե նա չկարողանա խաղադաշտ դուրս գալ, նրան կփոխարինի Լյուկա Դինը: «Էլ Կլասիկոյին» չի մասնակցի նաև Ժերեմի Մատյոն, ով վնասվածքից ապաքինվելուց հետո կրկին շարքից դուրս է մնացել: Փոխարենը ապաքինվել է Սամուել Ումտիտին:

«Ռեալի» կազմում կորուստներն ավելի լուրջ են: Մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ Թոնի Կրոսն ու Գարեթ Բեյլը երկար ժամանակով շարքից դուրս են մնացել: Նրանց կփոխարինեն, համապատասխանաբար, Մատեո Կովաչիչն ու Լուկաս Վասկեսը: Ալվարո Մորատան նույնպես վնասվածք ունի և խաղադաշտ դուրս չի գա: Նույնը նաև Ֆաբիու Կոենտրաուն:

Սեպտեմբերի կեսերից վնասվածքից ապաքինվող Կազեմիրոն «Կուլտուրալ Լեոնեսայի» դեմ գավաթային խաղում վերջապես խաղադաշտ մտավ, սակայն ամենայն հավանականությամբ Զիդանը միջին գծում նախապատվությունը կտա վերջին խաղերում ստուգված Մոդրիչ-Կովաչիչ-Իսկո եռյակին:

Հավանական կազմերը

«Բարսելոնա»

Տարբերակ 1.

Տեր Շտեգեն, Ռոբերտո, Պիկե, Մակսերանո, Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ, Ինյեստա, Մեսսի, Սուրաես, Նեյմար:

Տարբերակ 2. Եթե վնասվածքները խանգարեն Ինյեստային ու Ալբային.

Տեր Շտեգեն, Ռոբերտո, Պիկե, Մասկերանո, Դին, Բուսկետս, Ռակիտիչ, Դենիս Սուարես, Մեսսի, Լուիս Սուրաես, Նեյմար:

«Ռեալ»

Մադրիդցիների կազմը նշելիս «AS» պարբերականը հրապարակել է տեղեկություն, ըստ որի Զինեդին Զիդանն նախընտրած կազմն այնքան ակնհայտ է, որ նա որոշել է մեկ օր շուտ այդ մասին հայտնել.

Նավաս, Կարվախալ, Վարան, Ռամոս, Մարսելո, Կովաչիչ, Մոդրիչ, Իսկո, Վասկես, Ռոնալդու, Բենզեմա:

Ի՞նչ է պետք «Բարսելոնային» խաղային խնդիրները վերացենլու համար և ինչպե՞ս կգործի «Ռեալը»

«Բարսելոնան» վերջին ամսվա ընթացքում լուրջ խնդիրներ ուներ մրցակցի բարձր պրեսինգի պատճառով: Մասնագետները դրա հիմնական պատճառը կապում են Բուսկետսի ոչ այնքան լավ մարզավիճակի, ինչպես նաև վերջինիս աշխատանքի ավելացման հետ: Կատալոնացիներն ընթացիկ մրցաշրջանում մրցակցին պրեսինգի ենթարկելու գործում նախորդ տարվա 4-3-3 դասավարությունից անցել են 4-4-2 տարբերակին, որում առջևի գծում գործող Մեսսին ու Սուարեսը պետք է առաջինը սկսեն գնդակին տիրող մրցակցի պաշտպանների և դարպասապահի վրա հարձակումը (Նեյմարը պաշտպանվելու ժամանակ գրեթե կիսապաշտպանի է վերածվում): Արգենտինացու և ուրուգվայցու մոտ դա այդքան էլ լավ չի ստացվում, քանզի նրանք ծերացող օրգանզիմի պատճառով ուժեր խնայելու կարիք են զգում: Նախորդ մրցաշրջանում Սուարեսը պրեսինգի գործոնում շատ ավելի ակտիվ էր:

Այդ երկու ֆուտբոլիստների պասիվությունն ավելացնում է կիսապաշտպանների աշխատանքը, ինչն ազդում է միջին գծի ֆուտբոլիստների կոմպակտ խաղի վրա: Սակայն կարելի է ենթադրել, որ Սուպերլասիկոյում պրեսինգի ենթարկելու հարցում գերմոտիվացված Մեսսին ու Սուարեսն ուժեր չեն խնայի և «Ռեալի» պաշտպաններին ազատ փոխանցում կատարելու հնարավորություն քիչ կտան: Դրա հետևանքով կթեթևանա թիմի առանցքային խաղացող Բուսկետսի աշխատանքը, ինչը կարող է ահռելի նշանակություն ունենալ դաշտի կենտրոնի համար պայքարում:

«Ռեալը» Բեյլը բացակայության պարագայում ավելի պաշտպանողական մարտավարությամբ կխաղա, որը նման կլինի 4-4-2-ին՝ Ռոնալդուն ու Բենզեման առջևի գծում: Լուկաս Վասկեսը որքան էլ ուելսցուն փոխարինելու է աջ հարձակվողի դիրքում, միևնույն է նա ահռելի աշխատանք պետք է կատարի պաշտպանողական գործողությունների ժամանակ և նրա դիրքը նման կլինի կիսապաշտպանինի:

Ընդհանուր առմամբ «Ռեալի» տակտիկան ենթադրելու է արագ հակագրոհներ, սակայն Մոդրիչի վերադարձից հետո մադրիդցիները կրկին գրեթե խնդիրներ չունեն գնդակի վերահսկման գործում: Հետևաբար «Մադրիդը» տակտիկական երկու տարբերակ է պատրաստել և կգործի ըստ անհրաժեշտության: Նրանք այդ գործոնում կախվածություն չունեն հարձակվողների խաղի ստացվել-չստացվելուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում