Ռոնալդուն հայտնվել է Իսպանիայի Հարկային ծառայության ուշադրության կենտրոնում

Իսպանիայի ֆինանսների նախարարությունը հետևելու է Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ հարկերի վճարումից խուսափելու գործին։

«Հարկային ծառայությունը կանցկացնի այնպիսի հետաքննություններ, որոնք անհրաժեշտ կհամարի»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Իսպանիայի ֆինանսների նախարար Խոսե Էնրիկե Ֆերնանդես Մոյան հայտարարել է, որ պորտուգալացի ֆուտբոլիստն այս հարցում որևէ արտոնություն չի ունենալու։

«Հարկային ծառայությունում պրոֆեսիոնալներ են աշխատում, իսկ հետաքննությունները կանցկացվեն այնպես, ինչպես եղել են Իսպանիայի քաղաքացիություն ունեցող մյուս անձանց դեպքում»,- Մոյայի խոսքը մեջբերված է «AS»-ից։

Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Ռոնալդուն գովազդային եկամուտի համար հարկեր չվճարելու նպատակով գումար է տեղափոխել օֆշորային գոտի։ Օֆշորային գոտի համարվող Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Tollin» ընկերության միջոցով 2009-2014 թվականների ընթացքում Ռոնալդուն 74․8 մլն եվրո գումար է տեղափոխել՝ այդպիսով խուսափելով իրական հարկերի վճարումից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում