Արտակ Օսեյան. Մեր ֆուտբոլիստներն իրենց պոտենցիալի դեռ քիչ տոկոսն են օգտագործում

Հայաստանի առաջնության օրացույցային տարին ավարտվեց 17-րդ տուրի «Ալաշկերտ» – «Փյունիկ» խաղով, գրանցվեց 0:0 հաշիվը: Խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն ամփոփեց հանդիպումն ու իր գլխավորությամբ անցած կես տարին:

Երիտասարդ մասնագետն ինչպես միշտ հակված էր հարցերին կարճ պատասխաններ տալուն:

«Կարելի է ասել այսօր երկկողմանի որակյալ խաղ ստացվեց: Բազմաթիվ գոլային պահեր կային: Կարծում եմ՝ մենք ավելի շատ վտանգավոր պահեր ունեինք, կարող էինք հաղթել: Սակայն նշեմ, որ մրցակիցն էլ գոլ խփելու համար բավականաչափ հնարավորություններ ուներ: Հաշվի առնելով մեր կադրային խնդիրները՝ «Փյունիկի» ցուցադրած խաղը նորմալ եմ գնահատում»,- ասաց Օսեյանը։

«Փյունիկի» առաջատարներից Կամո Հովհաննիսյանը մնացել էր պահեստայինների նստարանին և միայն երկրորդ կեսում փոխարինման մտավ: Sport.times.am հարցին, թե որն էր նման կարևոր խաղում Հովհաննիսյանին անմիջապես խաղադաշտ դուրս չբերելու պատճառը, 29-ամյա մասնագետի պատասխանը սպառիչ էր․ «Կամոն վատառողջ էր և պատրաստ չէր 90 րոպե խաղալուն»:

Երկրորդ կեսում Կամո Հովհաննիսյանի փոխարինմանը նախորդեց ուշագրավ մի դրվագ: Ռազմիկ Հակոբյանը խաղադաշտի եզրային գծի մոտ ոչ սպառնալից իրավիճակում կոպիտ խախտում կատարեց և դեղին քարտի արժանացավ: Օսեյանը դրան անմիջապես արձագանքեց այդ ֆուտբոլիստի փոխարինմամբ: Sport.times.amը երևանյան թիմի մարզչից պարզեց, թե արդյո՞ք խախտումն էր փոխարինման պատճառը. 

«Ոչ միայն: Այդ խախտման դրվագը չէր առաջնայինը: Մենք Ռազմիկին տակտիկական առաջադրանք էինք տվել, սակայն նրա մոտ այդքան էլ լավ չէր ստացվում»:

Sport.times.am-ը տվեց նաև իր ավանդական հարցը․ տակտիկական տեսանկյունից մարզչական շտաբի ծրագրածից ի՞նչը ստացվեց և ի՞նչը՝ ոչ:

«Եթե նկատեցիք, ետ քաշված էինք գործում և մրցակցին դիմավորում էինք դաշտի կենտրոնական հատվածում: Փորձում էինք օգտագործել առջևի գծի մեր ֆուտբոլիստների արագությունը: Կարելի է ասել՝ դրվագներով դա մեզ մոտ ստացվեց: Մի քանի գոլային պահերն արագ հակագրոհներից հետո առաջացան»,- ասաց մարզիչը։

Ֆուտբոլային տարին ավարտվեց: Օսեյանի գլխավորությամբ օգոստոսից հանդես եկող «Փյունիկի» ելույթները մարզիչը հետևյալ կերպ ամփոփեց․

«Եթե մեկ խոսքով՝ տարին նորմալ եմ գնահատում: Նորմալ էր այն առումով, որ մենք տեսնում ենք, թե թիմն ինչպիսի պոտենցիալ ունի և առավել քան համոզված եմ, որ մեր ֆուտբոլիստները ավելացնելու շատ տեղ ունեն: Նրանք իրենց պոտենցիալի դեռ քիչ տոկոսն են օգտագործում»։

Ինչպես հայտնի է, «Փյունիկը» խաղում է տեղացի երիտասարդ ֆուտբոլիստներով և իր սաներով, սակայն ակումբի քաղաքականությունում կա որակյալ լեգիոներների հրավիրելու փորձ։ Դեռ վառ են հիշողությունները Սեզար Ռոմերոյից, ով Հայաստանի առաջնության մակարդակից մի քանի գլուխ բարձր էր: Օսեյանը խոսեց ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լեգիոներներ հրավիրելու հնարավորության մասին:

«Նպատակներ կան, բայց դրանք ինքնանպատակ չեն: Ամեն գնով լեգիոներ հրավիրելու մտադրություն չունենք: Եթե մեր թիմին արտասահմանցի միանա, ապա դա կլինի մեր ակումբի քաղաքականության շրջանակում»,- ասաց մարզիչը։

Sport.times.am-ը նաև տեղեկացավ, թե «Փյունիկն» արդե՞ն ծրագրել է մրցաշրջանի երկրորդ կեսի նախապատրաստական շրջանը․

«Կարելի է ասել՝ ծրագրերը մոտավոր արդեն պարզ են: Հավաքներ արտասահմանո՞ւմ: Հնարավոր է՝ լինեն»,- պատասխանեց Արտակ Օսեյանը։

 

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում