Հրապարակվել են ճանաչված ֆուտբոլիստների պայմանագրերի ուշագրավ մանրամասներ

«Football Leaks»-ը հրապարակել է ճանաչված ֆուտբոլիստների տրանսֆերների ու պայմանագրերի վերաբերյալ նոր ուշագրավ տեղեկություններ։

«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսն իր մասնակցությամբ խաղերում յուրաքանչյուր պարտության դեպքում ակումբին չորս հազար եվրոյի տուգանք է վճարում: Հատկանշական է, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում լոնդոնցիները միայն մեկ պարտություն են կրել:

«Ատլետիկոն» մինչ օրս շարունակում է գումարներ վաստակել Սերխիո Ագուերոյի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունից: Ըստ տրանսֆերի շուրջ համաձայնության՝ մադրիդյան ակումբը արգենտինացի ռմբարկուի խփած ամեն 15 գոլից հետո 250 հազար եվրո է ստանում:

2016 թվականի փետրվարին Էզեկիել Լավեսին ՊՍԺ-ից տեղափոխվեց չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն»: Աղբյուրը հայտնում է, որ Չինաստանում արգենտինացին աշխատավարձը մեկ րոպեում կազմում է 53 եվրո:

2012 թվականին Տյագո Սիլվան «Միլանից» տեղափոխվեց ՊՍԺ, իսկ նրա տրանսֆերն արժեցավ 42 միլիոն եվրո: Հայտնի է դարձել, որ այդ տեղափոխության ժամանակ բրազիլացին Իտալիայի հարկային ծառայությանը 2,5 միլիոն եվրոյի պարտք է ունեցել, որը մարել է փարիզյան ակումբը:

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը «Panini America» կազմակերպության հետ պայմանագիր է կնքել, ըստ որի ստորագրել է նրանց 600 լուսանկարների վրա: Բրազիլացու մեկ ստորագրությունն արժեցել է 83 դոլար:

«Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Սիլվան 2015-16 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Մարսելում»: «Օլիմպիկը» պարտավորվել է բրազիլացու համար անձնական մարզիչ ապահովել, ինչպես նաև ֆուտբոլիստին տրամադրել «Audi Q7» մակնիշի ավտոմեքենա, որը նա կունենար, եթե մնար Մադրիդում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում