Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզչի քվեարկություն. Sport.Times.am-ի ներկայացրած տարբերակները

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզչի քվեարկություն. Sport.Times.am-ի ներկայացրած տարբերակները

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերի մրցույթների քվեարկության սկիզբը:

Քվեարկությանը մասնակցում են նաև ԶԼՄ-ները։ Ներկայացնում ենք Sport.Times.am-ի քվեարկության արդյունքները։ Առաջին տեղում նշված ֆուտբոլիստը/մարզիչը ստանալու է 5 միավոր, երկրորդը` 3, իսկ երրորդը` 1:

Լավագույն ֆուտբոլիստ

1. Հենրիխ Մխիթարյան («Բորուսսիա Դորտմունդ» / «Մանչեսթեր Յունայթեդ»)

Այլ տարբերակ չէր կարող լինել․ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է։ Ներկայումս որևէ մեկը օրացույցային տարվա ընթացքում ավելի լավ ֆուտբոլ չի ցուցադրում: Հենրիխը «Բորուսսիայի» կազմում հիանալի անցկացրեց տարվա առաջին կեսը, ճանաչվեց Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ։ Ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո 27-ամյա ֆուտբոլիստը տևական ժամանակ հարմարվեց նոր թիմի խաղին, ապաքինվեց վնասվածքից, իսկ դրանից հետո կրկին իր փայլուն խաղը ցուցադրեց:

Ազգային հավաքականի կազմում Մխիթարյանը մասնակցեց միայն ընկերական խաղերին և Մոնտենեգրոյի դեմ պաշտոնական հանդիպմանը: Գվատեմալայի ու Էլ Սալվադորի հավաքականների հետ ստուգողական խաղերում կիսապաշտպանը մրցակիցներից ու իր թիմակիցներից մի քանի գլուխ բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրեց։

2. Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»)

Արտակ Գրիգորյանը չեմպիոնական «Ալաշկերտի» կարևորագույն ֆուտբոլիստներից էր: Աբրահամ Խաշմանյանի դավանած ֆուտբոլում կիսապաշտպանները միշտ ահռելի աշխատանք են կատարում: 29-ամյա ֆուտբոլիստն այդ խնդիրը գրեթե միշտ հաջողությամբ է լուծել: Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում Գրիգորյանը չէր վախենում խաղն իր վրա վերցնել, միջազգային ասպարեզում նա երևանցիների լավագույն խաղացողն էր:

Արտակ Գրիգորյանը ոչ միայն սկսեց հրավիրվել ազգային հավաքական, այլ դարձավ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: Մոնտենեգրոյի հետ մրցավեճում, երբ թիմը ոչ մի կերպ չէր կարողանում 0:2 հաշվից ուշքի գալ, հենց Արտակն անհատական անցում ձեռնարկեց, կրճատեց հաշվի տարբերությունը և ոգևորեց թիմակիցներին: Նա 2016 թվականը կայուն բարձր մակարդակով անցկացրեց և կարելի է պնդել, որ սա Արտակի կարիերայի դեռևս լավագույն տարին է:

3. Հովհաննես Համբարձումյան («Վարդար»)

Տարվա առաջին կեսը Հովհաննես Համբարձումյանի համար հիասքանչ ստացվեց: «Վարդարի» կազմում նա դարձավ Մակեդոնիայի չեմպիոն: Բացի դրական արդյունքներից, 26-ամյա աջ պաշտպանը առանձնանում էր անչափ բարձր արդյունավետությամբ: Գոլ+գոլային փոխանցում հաշվարկում Հովհաննեսը գերազանցում էր թիմի հարձակվողական ֆուտբոլիստներից շատերին։ Ամռանը նա մասնակցեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին, և չնայած «Վարդարը» երկու խաղում էլ պարտվեց Զագրեբի «Դինամոյին», Համբարձումյանը հաջող ելույթ ունեցավ և նույնիսկ գոլ խփեց Խորվաթիայի չեմպիոնի դարպասը:

Ցավոք, սեպտեմբերին Հովհաննեսը վնասվածք ստացավ և միայն նոյեմբերի վերջին խաղադաշտ վերադարձավ: 2016 թվականի ընթացքում Համբարձումյանը նաև դարձավ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: Զարմանալի էր, որ մինչ այդ ակումբային հաջող կարիերայի պարագայում նրան չէին վստահում աջ պաշտպանի դիրքը: Այժմ Հովհաննեսը դարձել է այդ դիրքում մարզիչների առաջին ընտրությունը: Վերոնշյալ վնասվածքի պատճառով նա չկարողացավ մասնակցել հավաքականի վերջին խաղերին:

Մենք մտադիր էինք երկրորդ տեղում նշել բարձր մակարդակով տարի անցկացրած Յուրա Մովսիսյանին, ով MLS-ի պես ուժեղ լիգայում հանդես եկող «Ռեալ Սոլթ Լեյքի» առաջատարներից մեկն էր և աչքի ընկավ իր ստանդարտների համար բարձր արդյունավետությամբ, սակայն Մովսիսյանը չի ընդգրկվել թեկնածուների թվում։

Մարզիչներ

1. Աբրահամ Խաշմանյան («Ալաշկերտ»)

2016-ին վերջապես կատարվեց այն, ինչին Խաշմանյանը երկար տարիներ ձգտում էր․ նրա գլխավորած թիմը դարձավ Հայաստանի չեմպիոն: Վիճակագրության տեսանկյունից տիտղոսը նվաճելուն նպաստեց 2015 թվականի աշնանը «Շիրակի» նկատմամբ ձեռք բերած միավորների պաշարը, որովհետև այս տարվա գարնանը հենց գյումրեցիներն էին ամենահաջողը գործում, սակայն ամենակարևոր պահին (երբ վերջին տուրում «Ալաշկերտին» հարկավոր էր հաղթել չեմպիոն հռչակվելու համար) Խաշմանյանի թիմը բարձունքի վրա էր:

Նախորդ տարի Եվրոպա լիգայում հաջող խաղից հետո 49-ամյա մասնագետի թիմն առաջին անգամ ելույթ ունեցավ Չեմպիոնների լիգայում և պայքարը թողեց երկրորդ փուլից հետո, որում պարտվեց Թբիլիսիի «Դինամոյին» (1:1, 0:2): Մինչ այդ նրա սաները պարտության էին մատնել անդորրական «Սանտա Կոլոմային» (3:0, 0:0):

Սեպտեմբերին Խաշմանյանի գլխավորած «Ալշակերտը» դարձավ նաև Հայաստանի սուպերգավաթակիր:

Նոր առաջնությունում նրա թիմը առաջատարը չէր, սակայն բավական մոտ էր մրցաշարային աղյուսակը գլխավորող «Շիրակին», երբ ակումբի նախագահի կողմից անվստահության պատճառով մարզիչը հրաժարական տվեց: Այնուամենայնիվ, 2015 թվականին, մեղմ ասած, տարօրինակ քվեարկության պատճառով լավագույնը չդառնալուց հետո, թվում է, այս անգամ ոչինչ չի խանգարի Խաշմանյանին ճանաչվել տարվա մարզիչ։

2. Վարդան Բիչախչյան («Շիրակ»)

Վարդան Բիչախչյանը վիճակագրության տեսանկյունից 2016 թվականի Հայաստանի լավագույն մարզիչն է: «Շիրակը» օրացույցային տարում Բարձրագույն խմբում բացարձակ առաջատարն է․ գյումրեցիներն ընդհանուր 56 միավոր են հավաքել, ինչը 9-ով շատ է «Ալաշկերտի» արդյունքից, 12-ով՝ «Գանձասար-Կապանի», 17-ով՝ «Փյունիկի»։ Եվրագավաթներում «Շիրակը» նույնպես հաղթահարեց առաջին փուլի արգելքը:

Բիչախչյանը գովեստի է արժանի նաև նրա համար, որ հարձակման գծի բարձրակարգ լեգիոներների հեռանալուց հետո թույլ չտվեց՝ նախորդ տարիների բարձր արդյունքների գրաֆիկան խախտվի:

3. Արթուր Ոսկանյան (Հայաստանի Մ-17 հավաքական, «Բանանց»)

Ոսկանյանի գլխավորությամբ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հաղթահարեց Եվրոպայի Մ-17 տարեկանների 2017 թվականի առաջնության ընտրական փուլի արգելքը և դուրս եկավ էլիտ ռաունդ: Դրա համար հայ պատանիներին անհրաժեշտ եղավ Իսրայելի, Լեհաստանի ու Իսլանդիայի հետ միևնույն խմբում գրավել երրորդ տեղը: 13 խմբերից երրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմերից միայն չորսն իրավունք ունեին հաջորդ փուլ անցնելու, և դրանցից մեկը Ոսկանյանի գլխավորած թիմն էր։

Տարվա ընթացքում 40-ամյա մասնագետը նաև նշանակվեց «Բանանցի» գլխավոր մարզիչ: Մինչ այդ նա գլխավորում էր «Բանանց-2»-ը, որն Առաջին խմբում ամենագրավիչ ֆուտբոլն էր ցուցադրում: Նոր պաշտոնում Ոսկանյանն անմիջապես համակարգային հեղափոխություն հայտարարեց և սկսեց լեգիոներների փոխարեն ակտիվորեն վստահել երիտասարդ հայ ֆուտբոլիստներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում