«Ռեալը» հաղթեց «Կաշիմային» և դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն (տեսանյութ)

«Ռեալը» հաղթեց «Կաշիմային» և դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն (տեսանյութ)

Ճապոնիայի Յոկոգամա քաղաքի «Նիսսան» մարզադաշտում կայացավ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպումը․ չեմպիոնական խաղում Մադրիդի «Ռեալը» մրցեց ճապոնական «Կաշիմա Անտլերսի» հետ։

Խաղի հաշիվը բացվեց 9-րդ րոպեին․ Լուկա Մոդրիչի հարվածից հետո դարպասապահ Հիտոշի Սոգահատան գնդակը հետ մղեց իր առջև, իսկ Կարիմ Բենզեման մոտ տարածությունից գրավեց դարպասը:

Խաղակեսի մնացած ժամանակահատվածում «Արքայական ակումբն» առավելություն ուներ, սակայն 44-րդ րոպեին մրցակցին թույլ տվեց հավասարացնել հաշիվը: Ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Գակու Շիբասակին մրցակցի տուգանային հրապարակում ոչ միայն առաջ նետեց գնդակը, այլև առաջինը հասավ նրան և մոտ տարածությունից գրավեց Կեյլոր Նավասի դարպասը։

Երկրորդ կեսի մեկնարկը Զիենդին Զիդանի սաներն ակտիվ սկսեցին, սակայն կրկին աչքաթող արեցին ճապոնացիների վտանգավոր գրոհը: Նույն Շիբասակին 52-րդ րոպեին շրջանցեց մի քանի խաղացողի և միջին տարածությունից կատարած հարվածով գրավեց Նավասի պաշտպանած դարպասի աջ ներքևի անկյունը:

Միայն դրանից հետո Չեմպիոնների լիգայի հաղթողը մրցակցի դարպասի իսկական պաշարում կազմակերպեց։ Գրոհներից մեկի արդյունքում Լուկաս Վասկեսը 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեց, որն էլ անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն։

Հիմնական ժամանակի հետագա ընթացքում «Ռեալը» մի քանի վտանգավոր պահեր ուներ, սակայն դրանք չիրացրեց, իսկ մրցավարի կողմից ավելացրած րոպեների վերջին գրոհի ժամանակ «Կաշիման» կարող էր հաղթանակ կորզել, բայց փոխարիման մտած Յումա Սուզուկին մոտ տարածությունից շեղ հարվածեց: Արդյունքում, նշանակվեցին 15-րոպեանոց երկուական խաղակեսեր:

98-րդ րոպեին «Ռեալը» կրկին առաջ անցավ հաշվի մեջ․ դուբլ ձևակերպեց Ռոնալդուն։ Բաց թողած գոլից ընդամենը 3 րոպե անց մրցաշարի կազմակերպիչ երկրի թիմը կարող էր երրորդ անգամ աչք ընկնել, սակայն Շիբասակիի փոխանցումից հետո Յումա Սուզուկին կորցրեց հերոսանալու հնարավորությունը. նրա գլխով հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: 104-րդ րոպեին Ռեալը գործնականում որոշեց հանդիպման հաղթողին․ Թոնի Կրոսի շեղ ընթացող հարվածն ընդունեց Ռոնալդուն և հեթ-տրիկի հեղինակ դարձավ:

Այսպիսով, «Ռեալը» երեք տարվա ընթացքում երկրորդ անգամ դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն:

Աշխարհի ակումբային առաջնություն, եզրափակիչ

«Ռեալ» – «Կաշիմա Անտլերս»՝ 4։2
Գոլերը՝ Բենզեմա 9՛, Ռոնալդու 60՛/11-մետրանոց, 97՛, 104՛ – Շիբասակի 44՛, 52՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում