Հրաչ Աղաբեկյան. «Բանանցում» արդյունք կտեսնենք մի քանի տարի անց

2016 թվականի հունիսին «Բանանցի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն հեռացավ երևանյան ակումբից: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց մինչ այդ փոխտնօրենի ու ֆինանսական տնօրենի պարտականությունները կատարող Հրաչ Աղաբեկյանը:

Երիտասարդ պաշտոնյան (27 տարեկան) հարցազրույցներ շատ չի տալիս, սակայն համաձայնեց Sport.Times.am-ի հետ ամփոփել տարին։

-Ինչպիսի՞ն էր «Բանանցի» համար 2016 թվականը:

-«Բանանցի» պես ակումբի համար առաջնության ձմեռային հատվածը 5-րդ տեղում ավարտելն այնքան էլ հաջող արդյունք չէ: Բոլորն էլ գիտեն, թե «Բանանցն» ինչպիսի պայմաններ ունի և ինչպես է ձգտում զարգացնել ֆուտբոլիստներին: Այդ ամենը հաշվի առնելով՝ մեր նպատակը չի կարող լինել նախավերջին տեղը։

2016 թվականի ինչ-որ չափով ձեռքբերումն այն է, որ սկսել ենք ավելի շատ ուշադրություն դարձնել մեր սաներին: Մեր կադրերին իրենց դրսևորելու հնարավորություն տալու նպատակն այն է, որ նրանք հետագայում ակումբին օգնեն միջազգային ասպարեզում, ինչպես նաև համալրեն ազգային հավաքականը և բարձրացնեն հայկական ֆուտբոլի մակարդակը:

Ինչպես գիտեք, հրաժարվել ենք մի շարք արտասահմանցիների ծառայություններից, սակայն առանց լեգիոներ խաղալն ինքնանպատակ չէ: Եթե այնպիսի լեգիոների հրավիրելու հնարավորություն ունենանք, ով տեղացի ֆուտբոլիստներից 2-3 անգամ բարձր խաղամակարդակ կունենա, ապա կանենք դա: Սակայն եթե արտասահմանցի ֆուտբոլիստը տեղացիներին չի գերազանցում, ուրեմն նախապատվությունը տալու ենք հայ խաղացողներին:

Տարին ամփոփելով՝ կարելի է բավարար չհամարել այսօրվա դրությամբ գրանցված արդյունքը, բայց ակումբի վերակառուցման և մրցաշրջանի երկրորդ կեսից առաջ մեծ ակնկալիքներ ունենալու տեսանկյունից այս փոփոխությունները դրական եմ համարում:

-Ո՞րն էր ակումբի քաղաքականությունն այդպես կտրուկ փոխելու պատճառը:

-Ինչ-որ չափով մեր առաջնությունն էր: Նախկինում 8 թիմ էր, այժմ՝ 6: Որքան թիմերը շատ են, այնքան մրցակցությունն ավելի բարձր մակարդակի է: Ցավոք, հիմա 6 թիմ ունենք և չենք կարող եվրոպական մրցասպարեզում հաջողության հասնելու կամ խմբային փուլ մտնելու հույսեր ունենալ: Այն ֆուտբոլիստները, որոնց ձեռք էինք բերել, տեղացիներից 2-3 գլուխ բարձր չէին: Ճիշտ է, նրանց հետ Գավաթը նվաճեցինք, իսպանացի մարզիչների հեռանալու պահին երրորդ տեղով էինք ընթանում, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ կազմը չեմպիոնական խնդիրների համար չէր: Միաժամանակ, մեր երկրորդ թիմն Առաջին խմբում 8 անընդմեջ հաղթանակ տոնեց, լավ ֆուտբոլ էր ցուցադրում և հասկացանք, որ հարկավոր է նրանց հնարավորություն տալ: 

-Տիտո Ռամայլոն մտադի՞ր չէր այդ երիտասարդներին հնարավորություն տալ:

-Ռամալյոն այդ հարցում իր տեսակետն ուներ: Նա նախընտրում էր խաղալու հնարավորություն տալ իր տրամադրության տակ եղած՝ Բարձրագույն խմբում հանդես եկող ֆուտբոլիստներին: Այդ երիտասարդները նրա տեսադաշտում էին, սակայն միայն Արթուր Ոսկանյանի նշանակումից հետո սկսվեց երկրորդից՝ գլխավոր թիմ խաղացողների հոսքը:

-Ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ Ռամալյոյի առջև չեմպիոն դառնալու խնդիր էր դրված, սակայն երբ ակումբը գտավ, որ այդ առաջադրանքը չի կատարվելու, բաժանվեցիք նրանից…

-Այո, ինչ-որ չափով խնդիրները չէին կատարվում: Նաև Հայաստանի առաջնությունը զարգանալու փոխարեն ռեգրես ապրեց, արդեն նրանց կողմից (իսպանացիների-խմբ.) առաջնության նկատմամբ նախկին տրամադրվածությունը չկար: Միայն մեկ պատճառ չկա: Նաև նշեմ, որ պայմանագրի խզումը երկկողմ ցանկությամբ էր: Եթե այս` 6-թիմանոց առաջնության ժամանակ նրան առաջարկ կատարեինք, շատ հնարավոր է, որ Ռամալյոն չգար Հայաստան: Ամեն դեպքում պետք է նշեմ, որ իսպանացիները «Բանանցում» մեծ աշխատանք կատարեցին: Հիմա մանկապատանեկան ֆուտբոլում տեսնում ենք աճ, որը միանգամից տեղի չունեցավ, սակայն իսպանացիների աշխատանքի պտուղները հիմա ենք սկսում քաղել: Օրինակ՝ մեր մանկապատանեկան թիմերի առջև պարտադիր առաջին տեղը զբաղեցնելու խնդիր դրված չէ, բայց տարբեր տարիքային 5 խմբերից 4-ում մեր թիմերը առաջին տեղում են ընթանում, իսկ մեկում` երկրորդ: Դա նշանակում է, որ մեկ տարուց ավելի իսպանացիների կատարած աշխատանքի արդյունքները հիմա սկսում են երևալ:

-Բացի արդյունքներից իսպանացիների հետ աշխատանքն ակումբի ակադեմիայի վրա ինչպե՞ս ազդեց:

-Նրանք բնակվում էին ակադեմիայում և օրը 24 ժամ հնարավորություն ունեին մասնակցելու ակադեմիայի աշխատանքներին: Նրանք իրենց փորձը փոխանցեցին տեղացի մարզիչներին: Իսպանական մեթոդաբանությունը սկսվեց կիրառվել մեր ակումբում: Բազմաթիվ սեմինարներ ու ժողովներ են անցկացվել:

-Ո՞րն էր պատճառը, որ գլխավոր մարզչի պաշտոնում ընտրությունը կանգ առավ Արթուր Ոսկանյանի վրա:

-Ցանկություն կար գլխավոր մարզիչ նշանակելու հայ մարզիչներից մեկին: Ճիշտ է, Առաջին խմբում գրանցած հաջողությունները չի կարելի համեմատել Բարձրագույն խմբինի հետ, սակայն Արթուրը շատ լուրջ աշխատանք կատարեց «Բանանց-2»-ում և մրցաշրջանի սկզբում 8 անընդմեջ հաղթանակներ տարավ: Արդյունքում, վերլուծելով նրա թիմի կոլեկտիվ խաղը՝ եկանք այն եզրակացության, որ հենց նա պետք է գլխավորի «Բանանցը»:

-Արթուր Ոսկանյանի նշանակումն անակնկալ էր այն առումով, որ «Բանանցը» նախորդ մրցաշրջանի սկզբում գլխավորում էր Արամ Ոսկանյանը, ով իսպանացի մասնագետների ժամանումից հետո դարձավ Տիտո Ռամալյոյի օգնականը և թվում էր, թե տրամաբանական է հաջորդ գլխավոր մարզիչ հենց նրան նշանակելը: Դրա փոխարեն նա նույնպես հեռացավ ակումբից…

-Մենք ցանկություն ունեինք, որ Արամ ու Արթուր Ոսկանյանները միասին կիսեին գլխավոր մարզիչ պարտականությունները: Արամը շատ բան էր սովորել Տիտո Ռամայլոյից: Այնուամենայնիվ, նպատակ կար թարմացնելու թիմի մարտական մթնոլորտը, լիներ նոր մարդ, ում ֆուտբոլիստները կվստահեին և այլ մոտիվացիայով կաշխատեին մարզումների ու խաղերի ժամանակ: Ոսկանյանների միջև ցանկություն չառաջացավ միասին աշխատելու, իսկ քանի որ Արամ Ոսկանյանը նույնպես հին մարզչական շտաբից էր և այդ թարմացումը նաև նրան պետք է անդրադառնար, որոշեցինք նախապատվությունը տալ Արթուր Ոսկանյանին:

-Նման բաժանումը վատ ազդեցություն չունեցա՞վ «Բանանցի» ու Արամ Ոսկանյանի միջև հարաբերությունների վրա:

-Բացարձակ: Մենք մինչ օրս լավ, բարեկամական հարաբերությունների մեջ ենք: Նրա որդին «Բանանց-2»-ում է հանդես գալիս: Ամեն ինչ հնարավոր է. շատ մարդիկ հեռանում են «Բանանցից», հետո վերադառնում: Այստեղ սկզբունքի խնդիր չկա:

-«Բանանցը», առաջնությունում գտնվելով հինգերորդ տեղում՝ չորրորդ հորիզոնականում ընթացող մրցակիցներին զիջում է 11 միավորով, իսկ առաջատարին` 18: Այս մրցաշրջանը թիմի համար կարելի՞ է անցումային համարել:

-Ոչ, որովհետև թիմի առջև խնդիր է դրված նվաճելու Հայաստանի գավաթը, որում մենք կիսաեզրափակիչ ենք հասել: Առաջնությունում խնդիրները չեն հանվել, նպատակ է դրված որքան հնարավոր է կրճատել միավորների տարբերությունը: 

-Թիմից հեռացել են բազմաթիվ լեգիոներներ: Այս պահին մնացել են միայն Վլադկո Դրոբարովն ու Լայոնել Ադամսը: Նրանք նույնպե՞ս հեռանալու են:

-Նրանք մինչև իրենց պայմանագրերի ավարտը (ժամկետները սպառվում են 2017 թվականի մայիսին) մնալու են «Բանանցում»: Հնարավոր է՝ պայմանագրերը երկարաձգվեն:

-Նշեցիք, որ թիմում այնպիսի լեգիոներներ են լինելու, ովքեր մյուսներից 2-3 անգամ բարձր մակարդակի կլինեն: Կարծո՞ւմ եք՝ թիմում եղածներից միայն նշված խաղացողներն էին այդ կարգին համապատասխանում:

-Կարծում եմ՝ անգամ նրանք 2-3 գլուխ բարձր չեն, պարզապես համեմատական կարգով նրանք կարող են օգտակար լինել «Բանանցին»: Երիտասարդները, նրանց հետ խաղալով, կարող են բարձրացնել իրենց խաղամակարդակը: Այդ լեգիոներները կարող են թիմին կայունություն հաղորդել:

Հավելեմ, որ Լաերսիոյի ու Տորեխոնի հետ բաժանվելու մտադրություն չենք ունեցել, և նրանք միայն ընտանեկան պատճառներով հեռացան Հայաստանից: Մասնավորապես, Լաերսիոյի կինն էր հղի, և նա խնդրեց իրեն բաց թողնել Բրազիլիա: Իսկ Տորեխոնի մայրն առողջական խնդիրներ ուներ, և պերուացին իր նախաձեռնությամբ հեռացավ թիմից: Չի բացառվում, որ Կլաուդիոն վերադառնա «Բանանց», եթե նրա մոր առողջությունը բարելավվի:

-Այլ արտասահմանցիներ «Բանանցում» սպասվո՞ւմ են:

-Դեռ ոչ, որովհետև ցանկանում ենք հասկանալ, թե մեր տրամադրության տակ եղած երիտասարդ ֆուտբոլիստներով, թիմի խաղաոճը փոխելով՝ ինչպիսի նպատակների կարող ենք հասնել: Համոզված ենք՝ հավաքներ անցկացնելուց հետո թիմը կկերպարանափոխվի: Կլինեն տեղացի նորեկներ: Արդեն որոշ դիտարկումներ ունենք, որոնց մասին թիմի արձակուրդից վերադառնալուց հետո կհայտնենք:

-Պետրոս Ավետիսյանն ամռանը կես տարի ժամկետով վարձավճարով տեղափոխվել էր «Փյունիկ»: Նա վերադառնալո՞ւ է «Բանանց»:

-Պետրոսը պայմանագիր ունի «Բանանցի» հետ և պետք է վերադառնա մեր ակումբ:

Նա վերջերս վիրահատության էր ենթարկվել: Տեղյա՞կ եք՝ ե՞րբ է վերականգնվելու:

-Մոտ օրերս պետք է վերականգնվի:

-«Բանանցի» բաժնետերեր Ջևան Չելոյանցը և Օլեգ Մկրտչյանը որքանո՞վ են մասնակցում ակումբի անցուդարձին:

-Նախ ասեմ, որ մեր բախտը շատ է բերել բաժնետերերի հարցում: Նրանք շատ մեծ փորձ ունեն ֆուտբոլային մենեջմենթում և շատ են սիրում ֆուտբոլը: Մենք մեր կողմից պարտավոր ենք և կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի լուծենք նրանց կողմից ակումբի առջև դրված խնդիրները:

Ինչ վերաբերվում է տրված հարցին, ապա ինչպես բոլորը գիտեն, նրանք չեն բնակվում Հայաստանում: Նրանք ունեն իրենց անձնական գործերը և հաճախ չեն լինում այստեղ: Բայց ընդհանուր առմամբ կապը կա, նրանք խնդիրներ են դնում, հետևում են դրանց կատարմանը, օգնում են, աջակցում են… Այդ առումով ամեն ինչ հիասքանչ է: «Բանանցի» պես ակումբ Հայաստանում քիչ կա: Մեր ֆուտբոլիստները ժամանակին են ստանում աշխատավարձերը, այդ առումով ամեն ինչ իդեալական է:

-Այս ընթացքում, երբ «Բանանցի» հիմնական թիմը սկսել է շեշտը դնել երիտասարդների վրա։ Ո՞ր ֆուտբոլիստներն են նկատելի աճ ունեցել:

-Նոր ֆուտբոլիստներից կուզեի առանձնացնել Արամ Քոչարյանին: Նա բանակից վերադառնալուց հետո կրկին միացավ «Բանանցին» և բավականին մեծ աճ գրանցեց: Ցավոք, նա վնասվածք ստացավ և վերջին խաղերը բաց թողեց: Մեծ աշխատանք է կատարում Գրիգոր Աղեկյանը: Նա Առաջին խմբում 9 գոլ էր խփել, իսկ Բարձրագույնում՝ առայժմ 1, բայց դա խոսում է մրցաշարերի մակարդակների տարբերությունների մասին: Կնշեմ նաև Հակոբ Համբարձումյանին, ով հոյակապ ֆուտբոլ է ցուցադրում և ավելի լավ է խաղում, քան նախկինում նրա դիրքում հանդես եկող լեգիոներները:

-Նրանցից ո՞վ է պատրաստ մեկնել արտասահման:

-Դեռ վաղ է այդ հարցին պատասխանելու համար, բայց շատ կարևոր է ճիշտ ժամանակին նրանց արտերկիր ուղարկելը, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց պրոգրեսը:

-«Բանանցի» ֆուտբոլիստներից որևէ մեկի նկատմամբ արտասահմանյան ակումբներից հետաքրքրություն կա՞:

-Տեղացի ֆուտբոլիստների նկատմամբ այս պահին հետաքրքրություն չկա: Լեգիոներների վերաբերյալ կան, բայց այն մակարդակի խոսակցություններ չեն, որ հիմա բարձրաձայնենք:

-Ֆինանսական տեսանկյունից «Բանանցի» համար տարին ինչպիսի՞ն էր:

-Ինչպես և հայկական բոլոր ակումբներում, այնպես էլ մեզ մոտ ակումբի եկամուտները չեն ծածկում կատարած ծախսերը: Ավելին, այդ եկամուտը շատ չնչին տոկոս է կազմում: Հսկայական մարզաբազա ունենք. պատկերացրեք դրա համար ինչպիսի ծախսեր են կատարվում…

-Իսկ ՈւԵՖԱ-ի կողմից նախորդ մրցաշրջանի համար ստացած 215 հազար դոլարը որոշակիորեն չի՞ շտկում ֆինանսական վիճակը:

-Եկամուտ ասելով՝ հենց դա նկատի ունեի։ Ինչպես նաև դրանից շատ ավելի քիչ գումար, որը ՈւԵՖԱ-ն հատկացնում է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար: «Բանանցը» եկամուտ չհետապնդող կազմակերպություն է:

-Ամռանն ասել էիք, որ «Բանանցը» ձգտելու է բոլոր տեսանկյուններից Հայաստանում առաջին ակումբը լինել: Հիմա ինչո՞ւմ է առաջինը:

-Առաջինն ենք մեր մանկապատանեկան դպրոցով: Ընդհանուր առմամբ մեր դպրոցում մարզվում է մոտ 650 երեխա: Անկասկած, մեր ակադեմիան ակումբի ամենահաջող կողմն է: Առաջիկա հավաքներից հետո սկսելու ենք կառուցել «Բանանցի» առաջին թիմը: Մեծ հույսեր ունեմ, որ կկարողանանք Հայաստանի ուժեղագույն թիմը ստեղծել: Եթե իրերին ռեալ նայեք, պետք է ընդունենք, որ Հայաստանի առաջնությունն այն մրցաշարը չէ, որում երիտասարդներին կամ տեղացիներին վստահելով՝ հնարավոր չէ չեմպիոն դառնալ: Նույն «Փյունիկը», հանդես գալով միայն երիտասարդներով, դիտարժան և արդյունավետ խաղ է ցուցադրում: Կա նաև «Ալաշկերտի» օրինակը, որը չեմպիոն դարձավ հիմնականում հայ ֆուտբոլիստներով: Ճիշտ է, նրանք փորձառու խաղացողներ էին, բայց այնուամենայնիվ կարողացան հաղթող դառնալ: Այնպես, որ վստահ եմ՝ մի քանի լեգիոներներով և մեր տեղացի ֆուտբոլիստներով կկարողանանք մարտունակ թիմ կառուցել:

-«Բանանցը» մոտ մեկ տարի է տնային խաղերից առաջ ու ընդմիջումների ժամանակ երկրպագուների համար միջոցառումներ է կազմակերպում, խաղարկություններ անցկացնում: Այդ աշխատանքները որքանո՞վ են արդարացնում:

-Երկրպագուներին մարզադաշտ բերելու աշխատանքները դեռ այն արդյունքը չեն տալիս, որն ակնկալում ենք: Մենք բազում միջոցների ենք դիմում դրա համար: Դա շատ ենք կարևորում, որովհետև ֆուտբոլն առանց երկրպագուի չի կարող լինել: Նույնիսկ եթե հավանականությունը քիչ է, որ մեր նպատակին կհասնենք, միևնույն է՝ շարունակելու ենք փորձեր կատարել, որպեսզի մարդիկ գան և երկրպագեն թիմին:

***

Այդ հարցի վերաբերյալ «Բանանցի» մամուլի քարտուղար Դավիթ Գալստյանը վիճակագրական տվյալներ հայտնեց․ ««Բանանցը» տնային խաղերի հաճախելիությամբ զիջում է միայն «Գանձասար-Կապանին»: ՀՖՖ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ «Բանանց» մարզադաշտում միջինը մեկ հանդիպմանը ներկա է լինում 950 ֆուտբոլասեր: Մինչև «Բանանցի» կողմից նման միջոցառումների անկացնելը, խաղադաշտ էին հաճախում երկու անգամ քիչ հանդիսականներ»:

Աղաբեկյանը հավելեց. «Մենք շարունակելու ենք նաև մասսայական միջոցառումներ կազմակերպելը, ամբողջ թիմով տարբեր դպրոցներ հաճախել, այլ ակցիաներ անցկացնել: Եթե որևէ մարդ մի քանի անգամ այդ միջոցառումների համար մարզադաշտ գա, ապա, ամենայն հավանականությամբ, հետագայում կժամանի արդեն առանց որևէ առիթի, ինչպես նաև կսիրի մեր թիմն ու ընդհանրապես ֆուտբոլը:

Սակայն ոչ բոլորի կողմից են «Բանանցի» թիմային միջոցառումները դրական արձագանք ստանում: Օրինակ՝ վերջերս ամբողջ կազմով գնացել էինք Ստանիսլավսկու անվան թատրոն, որտեղ դիտեցինք «Խանումա» ներկայացումը: Նման բաները ամրապնդում են թիմային ոգին, ինչպես նաև ստիպում, որ ֆուտբոլիստները ավելի լայն մտածեն: Շատ ֆուտբոլիստներ առաջին անգամ էին թատրոն հաճախում և նրանց բավականին դուր եկավ ներկայացումը, ընդհանուր մթնոլորտը: Հավանաբար, նրանցից մի քանիսը դրանից հետո կրկին հաճախել են կամ հաճախելու են արվեստի կենտրոն: Երբ այդ առիթի շուրջ լուսանկարներ հրապարակեցինք մեր ակումբի սոցիալական էջերում, մարդիկ եղան, որ մեկնաբանություններ գրեցին, թե «Թատրոնի փոխարեն գնացեք ֆուտբոլ խաղացեք»: Նման վերաբերմունքը շատ տխրեցնող է…

-Դուք հայտարարել էինք նաև, որ «Բանանցի» նպատակներից մեկը հավաքականի համար ֆուտբոլիստներ տրամադրելն է: Կհստակեցնե՞ք այդ միտքը, որովհետև կարող է թվալ, թե ակումբը սեփական շահերի փոխարեն  նախապատվությունը տալու է հավաքականին: Օրինակ, ֆուտբոլիստին հանուն հավաքականի անվճար արտասահմանյան ակումբին զիջելը…

-Մեծ ցանկություն ունենք, որ մեր ֆուտբոլիստները հանդես գան ազգային հավաքականում: Դա կնպաստի և՛ մեր, և՛ խաղացողների զարգացմանը, բայց այնպես չի կարող լինել, որ «Բանանցը» որպես ֆուտբոլային ակումբ դրանում շահ չունենա: Ես ինքս «Բանանցի» գլխավոր տնօրենն եմ և ներկայացնում եմ այս ակումբի շահերը: Եթե լինեն ֆուտբոլիստներ, ովքեր կհաղթահարեն Հայաստանի առաջնության մակարդակը, չի բացառվում, որ նրանց անվճար արտասահմանյան ակումբի զիջենք, բայց դա կլինի այն դեպքում, եթե պայմանագրում նշված լինի կետ, ըստ որի՝ ֆուտբոլիստի տրանսֆերի վերավաճառքից մենք որոշակի տոկոս կունենանք: Դա չի վերաբերվում այն գումարին, որը տրանսֆերի ժամանակ օրենքով սահմանված է այն ակումբին, ում սանը խաղացողը հանդիսանում է: Այսինքն՝ խոսքը լրացուցիչ տոկոսի մասին: Դա մեր հիմնական քաղաքականությունն է:

-Հայաստանում արդեն այլ պրակտիկա է սկսվում կիրառվել: «Արարատի» գլխավոր մարզիչը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ ակումբի սեփականատերերը հոգնել են անընդհատ գումարներ ներդնելուց, որոշել են շեշտը դնել երիտասարդ ֆուտբոլիստներին աճացնելու և նրանց տրանսֆերները վաճառելու վրա: Նման տարբերակ «Բանանցում» հնարավո՞ր է:

-Իրատես լինենք, Հայաստանում քիչ ֆուտբոլիստներ կան, որոնց տեղափոխությունից կարելի է միանվագ գումար ստանալ: Ավելի նախընտրելի է ֆուտբոլիստին բաց թողնել, որ նա արտասահմանում աճ ունենա, ապա նրա տրանսֆերը խոշոր գումարով վաճառվի, ինչից դու լուրջ տոկոս կունենաս։ Դա ավելի նպատակահարմար է, քան նվազագույն գումարով նրան այլ ակումբի զիջես, իսկ հետո ոչնչի ակնկալիք չունենաս: Հավանականությունը շատ քիչ է, որ մեծ գումարով հնարավոր կլինի ֆուտբոլիստին ուղարկել արտերկիր: Նույնիսկ Հենրիխ Մխիթարյանի օրինակով կարող ենք տեսնել, որ նա միանգամից չհայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդում», սկզբից տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»:

-Մի քանի խոսք էլ 2017 թվականի մասին: Ինչպե՞ս է թիմն անցկացնելու առաջիկա ձմեռային նախապատրաստական շրջանը:

-Նախապատրաստությունը սկսելու ենք Հայաստանում, ապա կունենանք արտասահմանյան երկու հավաք: Առաջինը հունվարի 27-ից մինչև փետրվարի 5-ը տեղի կունենա Ռուսաստանի Կրասնոդար մարզում, իսկ երկրորդը կանցկացվի Անթալիայում:

-Ինչպիսի՞ն եք տեսնում «Բանանցի» ապագան։

-Ես միայն դրականն եմ տեսնում: Ամեն ինչ արվում է, որ մեր ակումբը բոլոր առումներով առաջինը լինի Հայաստանում: Նախկինում շատ էր խոսվում այն մասին, որ շանս չենք տալիս երիտասարդներին, սակայն այժմ այդպես չէ: Այդ երիտասարդները նույնպես դա հասկանում էին և կոտրվում էին, որովհետև ֆուտբոլիստը չպետք է մինչև 23 տարեկանը մնա երկրորդ թիմում: Այնտեղ այդ մրցունակությունը չկա և հնարավոր չի լինի աճ գրանցել: Այդ ամենի համագումարը հաշվի առնելով՝ տեսնում եմ, որ կլինի արդյունք: Այդ արդյունքը կտեսնենք մի քանի տարի անց: Մեր պատանեկան թիմերի ֆուտբոլիստներն էլ այդ ընթացքում կմեծանան: Նրանք իրենց տարիքային հավաքականների անդամներ են: Նրանցից մեծ առաջընթաց ենք ակնկալում:

 

Զրուցեց Հասմիկ Գրիգորյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում