Ի՞նչ է լինելու Բուֆֆոնից հետո

Իտալիայում սկսել են ավելի ու ավելի շատ քննարկել, թե ինչ է լինելու, երբ Ջանլուիջի Բուֆֆոնը որոշի խաղակոշիկները կախել մեխից: 38-ամյա դարպասապահը պարբերաբար ասում է, որ փորձելու է մասնակցել 2018 թվականի Աշխարհի առաջնությանը, ապա ավարտել կարիերան․․․

Չնայած որևէ մեկը չի էլ ցանկանում պատկերացել Իտալիայի հավաքականն ու «Յուվենտուսն» առանց Բուֆֆոնի, բայց պետք է մտածել արդեն այսօր: Ո՞վ կարող է փոխարինել մեր օրերի հերոսին:

Առաջին հերթին մտաբերում ենք «Միլանում» նրա 17-ամյա անվանակցին՝ Ջանլուիջի Դոնարումային, ով զարմացնում է տարիքի համեմատ հասուն խաղով: Սակայն Դոնարումայի ծառայություններով շատերն են հետաքրքրված, իսկ «Յուվենտուսը» «Միլանի» համար սկզբունքային հակառակորդ է։

««Յուվենտուսը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» մտադիր են ձեռք բերել իտալական դարպասապահական գործարանի արտադրանքը: «Յուվեի» ղեկավարությունն արդեն մտածում է Բուֆֆոնին փոխարինող գտնելու մասին, իսկ Դոնարուման իդեալական տարբերակ է այս պարագայում»,- ասել է Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան:

Փոքր-ինչ անհավատալի է, որ անգամ «Յուվենտուսի» պես ակումբին կհաջողվի «Միլանից» խլել խոստումնալից դարպասապահին։ «Միլանը» բարձունք վերադառնալու մտադրություն ունի, իսկ Դոնարուման ակումբի մոլի երկրպագու է և նրան նման գործարքի դրդելը հեշտ գործ չի լինի։

Ի՞նչ անի «Յուվեն»: Գուցե պատասխանը շատ պարզ է։ 2015-ի հուլիսին թուրինյան թիմ եկավ Նորբերտո Նետոն, ում տեղափոխությունը հիմնված էր հույսերի վրա, սակայն որքանո՞վ է իրատեսական առաջին համարը դառնալու հույսը, երբ մրցակիցդ Բուֆֆոնի նման մեծությունն է։ Դեռևս «Ֆիորենտինայում» խաղալիս Նետոն համարվում էր Ա Սերիայի լավագույն դարպասապահներից մեկը: 2011-ին նա հրավիրվեց փոխարինելու Արտուր Բորուցին, ապա Էմիլիո Վիվիանոյին: 2013-14թթ․ մրցաշրջանից առաջ նրա անվան դիմաց ընդամենը 14 հանդիպում կար, իսկ հետո Մոնտելան է բրազիլացուն առաջին համարը դարձրեց, ու ադյունքը երկար սպասեցնել չտվեց: Նետոյի օգտին խոսեց վիճակագրությունը՝ 2013-14թթ. մրցաշրջանում դարպասապահը 12 «չոր» հանդիպում է անցկացրել, որն առաջնությունոմ չորրորդ արդյունքն էր: «Չոր» հանդիպումների կողքին 124 սեյվ, ինչը ևս առաջնությունում չորրորդ ցուցանիշն էր։

Հաջորդ մրցաշրջանում Նետոն նույն տեմպով շարունակեց ու 29 խաղերից 10-ում ոչ մի գնդակ բաց չթողեց: Նման կայունությունը «Յուվեին» համոզեց գնել դարպասապահին: 

«Չեմ կասկածում, որ «Յուվենտուսը» իդեալական տարբերակ է ինձ համար: Մեծ ձգտումներով եմ տեղափոխվել և հույս ունեմ՝ բարձրագույն մակարդակով խաղալ»,- ասել է դարպասապահը պայմանագիրը կնքելուց հետո:

Բարդ է ասել, թե Նետոն որքան ինքնավստահ է հիմա, քանի որ 11 անգամ է դաշտ դուրս եկել ու 7 գնդակ է բաց թողել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նա շատ դժգոհ է այս իրավիճակից և դիտարկում է «Էվերթոն» կամ «Լացիո» տեղափոխվելու տարբերակները: Իսկ ի՞նչ էր սպասում․․․

Եթե Նետոն որոշի հեռանալ, խուճապի մատնվել պետք չէ․ այլ տարբերակ էլ կա՝ Մատիա Պերինը «Ջենոայից»: Քչերն են «տուժել» Դոնարումայի հայտնվելուց այնպես, ինչպես Պերինը։ Այս «անարդարության» մասին խոսել է դարպասապահի գործակալ Մատեո Ռոգին։

«Դոնարուման օգտվեց «Միլանի» կարգավիճակից, որպեսզի շրջանցի Պերինին: Ինչ վերաբերում է դաշտում անցկացրած ժամանակին, ապա Պերինը նրանից առաջ է: Դոնարուման հիանալի դարպասապահ է, բայց դեռ մի քանի մրցաշրջանի կարիք ունի Պերինի մակարդակին հասնելու համար: Պերինը 24 տարեկան է, բայց նա պատմական պահ է ապրում, քանի որ հավաքականը երկու տաղանդավոր դարպասապահների միջև է կանգնած: Պետք է պայքարել ու ապացուցել սեփական տաղանդը»,- ասել է Ռոգին։

Այո, Պերինի մասին այնքան չեն խոսում, որքան «Միլանի» նրա «հակառակորդի»: Ցավալի է, որովհետև արդեն որերրորդ տարին է՝ «Ջենոան» վստահ ու կայուն խաղ է ցուցադրում: Դոնարումայի նման Մատիան նորամուտը նշել շատ երիտասարդ տարիքում՝ 2011-ի մայիսին և չնայած երկու մրցաշրջան վարձավճարով հանդես գալուն՝ նա «Ջենոայում» արդեն 100-ից ավելի խաղի է մասնակցել։ Պերինը լավ է խաղացել նաև «Պեսկարայում», որտեղ անկախ անփորձությունից դարձել է թիմի լավագույն ու վառ խաղացողը: 

Տհաճ էր «Յուվենտուսի» դեմ խաղը, որտեղ վերջինս հաղթեց 6:1 հաշվով, սակայն նույնիսկ այդ ժամանակ Բուֆֆոնն ուշադրություն է դարձել հակառակորդի ջախջախված դարպասապահին:

«Բուֆֆոնն ասաց՝ չհանձնվել, չլարվել ու շարունակել խաղալ: Սարսափելի խաղ ստացվեց, բայց ես ուրախ էի Բուֆֆոնին հանդիպելու համար»,- ասել է Պերինը:

Երկու տարի է անցել ու ինչպես երևում է՝ Պերինն ականջալուր է իր ավագ գործընկերոջը: Երբ նրա թիմը վերցրեց ու տանն անսպասելիորեն հաղթեց «Յուվենտուսին», հենց Բուֆֆոնը տխրեց բոլորից շատ․ այդ խաղը նրա համար 500-րդն էր Իտալիայի առաջնությունում, իսկ հիմա նրա հետ մրցակցում էր այլ Պերին:

Պերինն ուժեղ է, հուսալի, ֆիզիկական լավ տվյալներ ունի, բարձրահասակ է (1.88), սակայն իդեալական խաղացող չէ, հատկապես երբ գործը հասնում է գնդակը պաշտպաններին ուղարկելուն: Նախորդ մրցաշրջանում նրա փոխանցումների միայն 53%-ն է ճշգրիտ եղել: 

Եթե Դոնարուման ու Նետոն չկարողանան «Յուվենտուսում» փոխարինել Բուֆֆոնին, հենց Պերինը թուրինցիների համար կլինի լավագույն տարբերակը:

Նա կշարունակի՞ Դինո Ձոֆի, Ստեֆանո Տակոնիի, Անջելո Պերուցիի ճանապարհը: Կապրենք, կտեսնենք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում