Տոնական իրարանցում․ Ի՞նչ սպասել «Boxing Day»-ից
Նմանատիպ
Անգլիայում մոտենում է «Boxing Day»-ը. տոնական խենթ շրջան, երբ ֆուտբոլ են խաղում անգամ դեկտեմբերի 31-ին: Առանձնացրել ենք այն իրադարձությունները, որոնց ականատես ենք լինելու առաջիկա տոնական օրերին:
«Չելսին» կարող կրկնել «Արսենալի» ռեկորդը, իսկ գերազանցե՞լ
Անտոնիո Կոնտեի թիմին «Արսենալի»՝ Պրեմիր լիգայի մեկ մրցաշրջանում 13 անընդմեջ հաղթանակով սահմանած ռեկորդը կրկնելու համար բավական է հաղթել «Բորնմուտին» և «Սթոք Սիթիին»։ Իտալացի մասնագետը, ամենայն հավանականությամբ, տպավորիչ ցուցանիշով կհավասարվի Արսեն Վենգերին, բայց արդյո՞ք կգերազանցի։ Բարդ է ասել, քանի որ հունվարի 4-ին «Չելսին» հանդիպելու է «Տոտենհեմին»:
2016-ի արդյունքներով Մաուրիսիո Պոչետինոն այնքան «մեծ ատամ ունի» «անզվանակնների» վրա, որ Կոնտեին հենց այնպես հարցը լուծել չի հաջողվի: Հանդիպումը տեղի է ունենալու «Ուայթ Հարթ Լեյնում», որտեղ բոլորի համար է դժվար խաղալ: Պետք է հիշել նաև վիճակագրական տվյալների մասին՝ 2011-ի դեկտեմբերից «Տոտենհեմը» «Boxing Day»-ի ընթացքում բոլորից շատ է հաղթել (10) և բոլորից շատ գնդակ խփել (30): Ավանդաբար դեկտեմբերն ու հունվարը «Տոտենհեմի» ամիսներն են:
«Լիվերպուլը» կարող է ամրապնդել չեմպիոնական հավակնությունները ամանորյա գիշերը
Դեկտեմբերի 31-ին բոլորն ամենուր հանգստանում են, ամենուր, բացի Անգլիայից: Այստեղ սպասվում է առաջնության հերթական տուրը: 19-րդ տուրի զարդը կլինի «Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Սիթիի» հակամարտությանը: Եթե Կլոպի թիմը հաղթի, 2017-ն ավելի մարտական ու ոգևորված կդիմավորի։
Պեպ Գվարդիոլան պետք է զգուշանա «Էնֆիլդի» խաղից: «Լիվերպուլն» այնքան երկար չեմպիոն չի դարձել, որ Կլոպն անգամ կարիք էլ չունի սաներին մոտիվացնելու, դե իսկ երկրպագուները կհոգան հիանալի մթնոլորտի համար: Կրակոտ խաղի ենք սպասում և ինչու ոչ՝ նոր շրջադարձի ԱՊԼ-ում:
«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» խաղը կայանալու է դեկտեմբերի 31-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21։30-ին։
«Արսենալը» կարող է հաղթել բոլոր խաղերում, բայց դա ոչինչ չի նշանակում․․․
Դրախտային օրացույց՝ «Վեսթ Բրոմվիչ» (տանը), «Քրիսթալ Փելաս» (տանը), «Բորնմուտ» (արտագնա): Գրանդների հետ ոչ մի արտագնա խաղ. այն, ինչ Արսեն Վենգերը չի սիրում: Իհարկե, խնդիրներ կարող է նաև Թոնի Պուլիսը ստեղծել, բայց վերջին երկու անհաջող խաղերից հետո «Արսենալը» պարտավոր է վերականգնվել ու հաղթել «Վեսթ Բրոմվիչին» ու «Քրիսթալ Փելասին»: Եթե Վենգերի թիմը հաղթի նաև «Բորնմուտին», ապա երկար սպասված չեմպիոնության մասին խոսակցությունները կվերսկսվեն:
Բայց մենք ցանկանում ենք լոնդոնյան թիմի երկրպագուներին հետ պահել նման վաղաժամ տրամադրություններից: «Էվերթոնի» ու «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերն ցույց տվեցին, որ «Արսենալն» այնքան էլ չեմպիոնական թիմ չէ։ Մրցակցի համար հարմար պահերին Վենգերի թիմը կորցնում է կամային հատկանիշները, կենտրոնացումն ու վարպետությունը:
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է վերադառնալ լավագույն քառյակ
Այս մրցաշրջանում Ժոզե Մոուրինյուն քննադատության մեծ չափաբաժնի է արժանացել, բայց շարունակում է հանգստություն պահպանել ու արդեն երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել: «Մանչեսթեր Յունայթեդն» աստիճանաբար ամրանում է ու հաղթանակներն աստիճանաբար ավելի վստահ են դառնում։
Դրական զգացողություններ է ավելացնում «Boxing Day»-ի օրակարգը՝ «Սանդերլենդ» (տանը), «Միդլսբրո» (տանը), «Վեսթ Հեմ» (արտագնա): Տոնական օրերին «կարմիր սատանաներին» դիմակայող ոչ մի թիմ իր ակտիվում 19-ից ավելի միավոր չունի և 13-ից բարձր հորիզոնականում չի գտնվում այս պահին: Դե ինչ, Ժոզե Մոուրինյուն արդեն վերջնականապես պատրաստ է վերադառնալ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարին: Պորտուգալացին հաստատ չի ցանկանում մանչեսթերյան կարիերան սկսել ավելի վատ, քան Լուի վան Գալը:
Չեմպիոնը կմնա այնտեղ, որտեղ հիմա է
Գործող չեմպիոնի համար սազական չէ սայթաքել վտանգավոր ջրերում, բայց Ռանյերիի թիմին դա չի անհանգստացնում: «Լեսթերը» դժվար թե դուրս մնա Պրեմիեր լիգայից․ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը ցույց տվեց, որ հարկ եղած պահին նրանք կարող են հավաքվել ու լավագույնս խաղալ, սակայն «Boxing Day»-ը դժվար թե ինչ-որ ձև փոխի ներկայիս դրությունը։
Չնայած բավականին հաջող օրակարգին («Էվերթոնի» ու «Վեսթ Հեմի» հետ տանը, «Միդլսբրոյի» հետ արտագնա) «աղվեսները» նորից միավորներ կկորցնեն: Ամեն ինչ տանում է նրան, չեմպիոնների համար մրցաշրջանը կավարտվի 12-15-րդ հորիզոնականներում: Մնում է՝ չեմպիոնության համը զգացած «Քինգ Փաուեր Սթեդիումը» դժգոհ չմնա նման արդյունքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում