Չինական «կանխիկի» համար Օսկարը բարձր գին կվճարի

Վերջին օրերին բրիտանական մամուլի թոփ-թեմաներից է «Չելսիի» կիսապաշտպան Օսկարի՝ Չինաստանի առաջնություն տեղափոխվելը։ «The Guardian» պարբերականը բավականին կոշտ, բայց դիպուկ հոդված է հրապարակել։ Sport.Times.am-ը ներկայացնում է ուշագրավ հրապարկման թարգմանությունը։

***

Դիդյե Դրոգբան մի անգամ ասել է, որ Չինաստանն իրեն ընդունել է որպես վերածնված հին աստծո: Դիդյեին «Հզորագույն» էին կոչում, ու նա միշտ կհիշի՝ «Շանհայ Շենհուայում» ինչպես արձագանքեցին առաջին մարզմանը․ նոր խաղընկերներն խոշորացած աչքերով հնարքներին էին հետևում։ Դրոգբան մոտենում էր կարիերայի մայրամուտին, բայց թիմի մյուս ֆուտբոլիստների համար շարունակում էլ մնալ բարձունքին:

Ի՞նչ կարելի էր ակնկալել. Չինաստանը 2002-ին առաջին ու դեռևս վերջին անգամ մասնակցեց Մունդիալի եզրափակիչ փուլին, երեք հանդիպում անցկացրեց, ոչ մի գնդակ չխփեց ու հիմա ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 83-րդ հորիզոնականում է:

Երբ Գրացիանո Պելլեն գնաց «Շանդուն Լունեն», ֆուտբոլային ամսագրերից մեկը հարցազրույց հրապարակեց, որտեղ իտալացի ֆուտբոլիստն ասում էր. «Այո, թվում է՝ ես պայմանագիր եմ կնքել ֆուտբոլային ակումբի հետ: Թվում է՝ Չինաստանում»: Պելլեն 2 տարվա ընթացքում 34 մլն ֆունտ աշխատեց (260.000 ֆունտ շաբաթական): Դա նրան դարձրեց աշխարհի 5 ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից մեկը և կասկածի տակ դրեց այն, որ գուցե Շանդունում նրա ազգանվան մյուս «լ»-ն չէին նկատել:

Հիշո՞ւմ եք 90-ականներին Ժունինյոյի տեղափոխությունը «Միդլսբրո»: Այդ տրանսֆերը շրջադարձային էին համարում անգլիական ֆուտբոլի համար․․․ Նրա թիմակից Յան Օգեն Ֆյերտոֆտը այդ ժամանակ ասաց. «Ժունինյոն պետք է երեք բառ սովորի՝ փող, շնորհակալություն, հաջողություն»: Նույն բանը հիմա Չինաստանում է կատարվում: Դրա համար էլ ժպիտ են առաջացնում «Չելսին» այս տարի լքած Ռամիրեսի խոսքերն այն մասին, թե նա չինական առաջնությունը փողի համար չէ, որ ընտրել է:

Այո՜, իհարկե Ռիոյում ծնված ցանկացած տղա մեծանում և երազում է «Ցյանսու Սունիի» ու այն երկրի մասին, որը Սիրիային է պարտվում և որը հավաքականից ավելի կարևոր հարցեր ունի լուծելու․․․

«Չելսիում» երկրորդ պլան մղված Օսկարը գայթակղության վերջին զոհն է: Թեև Շանհայի ակումբ տեղափոխությունը 60 միլիոն է գնահատվում, բայց չի կարելի չհիասթափվել՝ տեսնելով, որ նրա պես երիտասարդ ֆուտբոլիստը հուսահատ է, չի պայքարում ու ամբողջությամբ կորցրել է հարգանքը սեփական անձի նկատմամբ: 25 տարեկանում նա պետք է կարիերայի գագաթնակետին հասած լիներ, եթե անգամ ակումբը փոխելիս լիներ: «Չելսիում» չորսից ավելի տարի աշխատավարձ ստանալով՝ նա դժվար թե ֆինանսական դժվարություն ունի: Եվրոպական այլ առաջնություններում խաղալու համար տաղանդի մասին էլ խոսք չի կարող լինել: Քանի «0» էլ ավելացվի առաջարկված գումարին, բարդ է պատկերացնել, որ նրա մակարդակի ֆուտբոլիստը կարող է գոհ լինել որակով ՄԼՍ-ին զիջող առաջնությունում:

Որևէ մեկին վիրավորելու ցանկություն չկա, բայց դատելով առաջարկվող գումարի չափից՝ պարզ է դառնում, որ անգլիական մեկ ակումբի ֆուտբոլիստի հեռանալը ժամանակի հարց է: Ուեյն Ռունիին արդեն առաջարկել են: Թեև քայլեր չեն արվել, բայց Չինաստան գնալու միտքը Ռունին մեկ անգամ մերժել է: Հնարավոր է, որ փողից բացի նրան դեռևս այլ բաներ էլ են անհանգստացնում: Ռունիի խորհրդականներն ամռանը գնացել են Չինաստան ու հայտարարել, որ դաշտերն ահավոր վիճակում են, խաղամակարդակն էլ սարսափելի ցածր է, մրցավարությունը ևս: Այնտեղ պայմանավորված խաղերի մասին խոսակցություններ են պտտվում:

Ռունին, հավանաբար, հիշում է 2007-ի Մակաոյում «Մանչեսթեր Յունայթեդ»-«Շենչժեն» հանդիպումն ու ինչ պարզվեց 4 տարի անց. մրցավարին 100.000 հոնկոնգյան դոլար (8.000 ֆունտ) էին վճարել կիսադաշտի ընտրության մետաղադրամով կեղծիք անելու անելու համար․․․

Այո, Չինաստանում խելահեղ մեծ փողեր են պտտվում, բայց կապիկը նույնիսկ մետաքսի մեջ է կապիկ մնում:

Ռունիի ու Օսկարի տարբերությունն այն է, որ մեկն արագորեն կարիերայի մայրամուտին է մոտենում, իսկ մյուսը դեռ 5-6 տարի ունի դրա մասին մտածելու համար: Ահա թե ինչու է Ջեյմի Կարագերը հայտարարել, որ նրա համար հիվանդագին ծանր է Օսկարի որոշումը: Այն, որ տաղանդավոր ֆուտբոլիստը Եվրոպայում մնալու փոխարեն հեռանում է, կորստի անիմաստ զգացում է թողնում:

Յայա Տուրեին հաճախ եսասիրության ու ժլատության մեջ են մեղադրում, բայց քչերը գիտեն, որ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանն այս ամռանը հրաժարվել է առաջարկից, որը նրան շաբաթական 360.000 ֆունտ կբերեր: Տուրեն պարզապես որոշեց, որ նա գումարի կարիք չունի ու 33 տարեկանում դեռ չի կորցրել մրցակցային լիգայում խաղալու ցանկությունը։ Նույն կերպ է վարվել Ռիո Ֆերդինանդը։ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո նա առաջարկներ ստացավ թե՛ Չինաստանից, թե՛ ԱՄՆ-ից, բայց որոշեց «Քուինզ Պարկ Ռեյնջերս» տեղափոխվել: Հույս ունենանք, որ Ալեքսիս Սանչեսը, ում կողմն են կենտրոնացել չինական ակումբները, նույնպես կվճռի, որ լավ ֆուտբոլիստի տեղը Լոնդոնում է: Ասում են, որ նրան շաբաթական 400.000 ֆունտ են առաջարկել: Ցավալի կլինի, եթե նա նախապատվությունը միլիոններին տա ու խաչ քաշի կարիերայի վրա:

Ալեքս Թեյշեյրան կարող էր «Լիվերպուլ» տեղափոխվել, բայց խարիսխ գցեց «Ցզյանսու Սունիում»: Ժերվինյոն, Էզեկիել Լավեսին, Դեմբա Բան, Պապիս Սիսեն, Ջեքսոն Մարտինեսը, Հալկը․․․ Նրանք խաղում են մի երկրում, որտեղ Պոլ Գասկոյնն ընդամենը երկու շաբաթ հավաքի է մասնակցել, մի փոքր էլ խաղացել «Գանսու Տյանմայում»:

Հետաքրքիր է՝ շատե՞րը կհրաժարվեին երեք անգամ ավելի աշխատավարձից: Օրինակ՝ Արսեն Վենգերը պատասխանել է, որ ԱՊԼ-ի ֆուտբոլիստները վատ չեն վարձատրվում և պետք է տարանջատեն գլխավորը երկրորդականից:

«Կարծում եմ, որ ֆուտբոլիստի համար առավել կարևոր է, երբ ակումբն արժեքային համակարգ ունի, ձգտումներ, հարգանք դեպի ֆուտբոլիստները։ Փողն ամենուր ու բոլորի համար էլ կարևոր է»,- ասել է «Արսենալի» մարզիչը:

Հնարավոր է, բայց ոչ անվիճելի: Անվիճելի է այն, որ Օսկարը չափազանց լավ խաղացող է չինական առաջնության համար: Չինաստանը ֆուտբոլային հաջողության հասնելու վայր չէ: Եթե պետք է լքել «Չելսին», ապա կարելի էր այլ ակումբ գտնել, կրկին միլիոններ վաստակել, կարողանալ իրական հաջողությունների հասնել: Միայն թե դա պետք է այնպիսի երկրում անել, որտեղ ֆուտբոլն ազգային խայտառակություն չի համարվում:

***

Հոկտեմբերին Սիրիայից կրած պարտությունը Չինաստանում փողոցային ցույցերի առիթ դարձավ այնպես, ինչպես 2013-ին, երբ ազգային հավաքականը 1։5 հաշվով խաղաց Թաիլանդի երիտասարդական ընտրանու հետ: Դրանից հետո չինացիների իսպանացի մարզիչ Անտոնիո Կամաչոն ամոթից հրաժարական տվեց: Չինաստանի նախագահ Սի Ցզինպին հստակ հայտարարել է, որ նպատակ ունի երկիրը ֆուտբոլային իշխանության վերածելու: Ֆուտբոլն այսօր պարտադիր առարկա է տեղի դպրոցներում, հազարավոր նոր մարզադաշտեր են կառուցվում, բայց մինչև երկիրը համաշխարհային մակարդակին կհասնի, երկար ժամանակ կանցնի: Չինաստանում աստղային ֆուտբոլիստներին աստղաբաշխական գումար են վճարում, քանի որ այլ կերպ հնարավոր էլ չէ, բայց այնտեղ գնացող ցանկացած ֆուտբոլիստ շատ արագ նկատում է, որ աշխարհը դադարում է հետևել իր կարիերային․․․

Դենիել Թեյլոր, «The Guardian»

Հետևեք մեզ նաև Telegram-ում