Ինչպիսին էր 2016 թվականը հայկական ակումբային ֆուտբոլի համար

Ամփոփելով 2016 թվականը՝ Sport.Times.am-ը ներկայացնում է, թե ինչպիսին էր անցնող տարին հայկական ակումբային ֆուտբոլի համար:

Տխուր շարքը շարունակվում է

Առաջինը, ինչ աչք զարնեց, հերթական ակումբի գործունեության ավարտն էր: Հայկական ֆուտբոլում լուրջ պատմություն կուտակած, Հայաստանի բազմակի գավաթակիր «Միկան» ամռանը դադարեցրեց ելույթները Բարձրագույն և Առաջին խմբերում:

Նախորդ տարեվերջին նույն տխուր վերջաբանն էր ունեցել Հայաստանի նախկին չեմպիոն «Ուլիսը»: Մի քանի տարի առաջ այդ ճակատագրին էր արժանացել Իջևանի «Իմպուլսը»:
2016 թվականը նույնիսկ վերջին տարիների հակառեկորդ սահմանեց․ ելույթները դադարեցրին միանգամից երկու ակումբներ: «Կոտայքը» երկար տարիներ անց Սամվել Պետրոսյանի ջանքերով վերաբացվեց: Աբովյանցիները հավակնոտ նպատակներ ունեին և մտադիր էին Առաջին խմբում մեկ տարի անցկացնելուց հետո հաջող ելույթներ ունենալ Բարձրագույն խմբում: Ցավոք, արդեն հոկտեմբերի սկզբին ակումբը ելույթները դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացրեց ՀՖՖ-ին և դուրս եկավ առաջնությունից:

Փոքր սփոփանք

Այս տարվա ընթացքում մեկ ակումբ վերաբացվեց․ Երևանի «Էրեբունին», որ ստեղծվել է Էրեբունի մարզադպրոցի պատանեկան թիմի հիման վրա: Սևադա Արզումանյանը, ով այդ թիմի գլխավոր մարզիչն է, հենց սկզբից կանխեց այն խոսակցություններին, թե «Էրեբունին» կմիանա Բարձրագույն խմբին և կփորձի հաստատվել այնտեղ: Թիմն անչափ թույլ է:

Նույնիսկ հաշվի առնելով, որ «Էրեբունին» պատանի ֆուտբոլիստներով է հանդես գալիս, միևնույն է 13 խաղում վաստակած 1 միավորը, գոլերի 12:50 հարաբերակցությունը լուրջ մտորումների առիթ են տալիս: Իսկ թե ինչ տաօրինակ հանգամանքներում «Էրեբունին» դուրս եկավ Հայաստանի Գավաթի խաղարկությունից, դա առանձին հարց է: Երևանցիները «Գանձասար-Կապանի» հետ քառորդ եզրափակչի առաջին խաղին ժամանել էին Կապան, սակայն հանդիպումը հետաձգվեց, որովհետև խաղին նշանակված մրցավարները ավտովթարի էին ենթարկվել: Դրանից հետո «Էրեբունին» հրաժարվեց ևս մեկ անգամ մեկնել Սյունիք՝ պատճառաբանելով, թե թիմի պատանի խաղացողները երկար ճանապարհից խիստ հոգնում են…

Այս թիմի առկայությունը փոքր սփոփանք է, սակայն նման անհաջող ելույթները միայն տխրեցնում են:

Ներքին մրցաշարեր

Հայաստանի առաջնություն

Հայաստանի 2015-16թթ․ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ թվում էր, թե մեզ առանց ինտրիգի վերջաբան է սպասվում, և «Ալաշկերտը» հանգիստ կնվաճի չեմպիոնի կոչումը: Սակայն երևանցիները Բարձրագույն խմբի ավարտից 1 տուր առաջ երկու անընդմեջ պարտություն կրեցին և «Շիրակին» թույլ տվեցին միավորների տարբերությունը 3-ի հասցնել: Այնուամենայնիվ, չեմպիոնական խաղում Աբրահամ Խաշմանյանի թիմը հաղթեց «Միկային» և իր պատմության ընթացքում առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: «Շիրակը» գրավեց երկրորդ, իսկ «Փյունիկը»` երրորդ տեղը:

Օգոստոսին մեկնարկած նոր առաջնությունից առաջ «Շիրակում» վերջապես սկսեցին խոսել չեմպիոնական տիտղոսը պարտադիր նվաճելու մասին՝ չնայած թիմից հեռացել էին առաջատար ֆուտբոլիստներ (Դիարասուբա, Ստամենկովիչ): Բարձրակարգ արտասահմանցի հարձակվող չգտնելով (ովքեր վերջին տարիներին «Շիրակի» գլխավոր հաղթաթուղթն էին)` Վարդան Բիչախչյանը շանս տվեց Վիուլեն Այվազյանին, ում երբեմն մեկնարկային կազմում փոխարինում էր Արամ Մուրադյանը: Առանցքային դերեր ստացան նաև հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում հանդես եկող Ռումյան Հովսեփյանը և Դավիթ Հակոբյանը:

Այդ ամենն առայժմ դրական ազդեցություն է թողնում․ գյումրեցիները 2016-17թթ․ առաջնության առաջին կեսն ավարտել են մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքում` 4 միավորով գերազանցելով «Ալաշկերտին»:

Քանի դեռ «Ալաշկերտում» մարզչական փոփոխությունների շարան է, իրավիճակից օգտվում են «Գանձասար-Կապանը» և երիտասարդների մոտ որոշակի աճ գրանցած «Փյունիկը»: Նրանք ձմեռային արձակուրդի գնացին՝ «Շիրակից» ետ մնալով 7 միավորով, ինչը չեմպիոնական մրցավազքին մասնակցելու բավական լավ շանսեր է թողնում: Ինչ վերաբերվում է «Ալաշկերտին», ապա թիմի ֆուտբոլիստների կարգն առայժմ թույլ է տալիս ակումբում մարզչական իրարանցումներից շատ չտուժել և ընթանալ երկրորդ տեղում:

«Բանանցի» ու հատկապես «Արարատի» համար ընթացիկ առաջնությունը կարելի է նախապատրաստական համարել: Երկու թիմերն էլ մրցաշրջանի ընթացքում և դրանից առաջ զգալիորեն երիտասարդացրեցին կազմերը, սակայն դա, ի տարբերություն «Փյունիկի», բացասական ազդեցություն ունեցավ արդյունքների վրա:

Հայաստանի Գավաթ

2016 թվականին «Բանանցի» և ընդհանրապես ակումբի «իսպանական» ժամանակահատվածի գլխավոր ձեռքբերումը Հայաստանի Գավաթի նվաճումն է: 2015-16թթ․ խաղարկության եզրափակչում Տիտո Ռամալյոյի թիմը 2:0 հաշվով հաղթեց «Միկային» և իր պատմության ընթացքում երրորդ անգամ նվաճեց այդ տիտղոսը: Դա շատ ուրախացրեց երևանյան ակումբի այն ժամանակվա գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեին, ով մի քանի ամիս շարունակ բոլորին պատմում էր, որ երկար տարիներ աշխատել է Մոսկվայի «Սպարտակում», բայց իր միակ տիտղոսը նվաճել է «Բանանցում»:

Այդ պարտությունն ավելի ռեզոնանսային նշանակություն ունեցավ «Միկայի» համար: Ինչպես ցույց տվեց ժամանակը` Գավաթի նվաճումն ու այդկերպ Եվրոպա լիգա դուրս գալը ֆինանսական տեսանկյունից այդ ակումբի վերջին հույսն էր: Արդյունքում, ամռանը «Միկան» դադարեցրեց ելույթները:

Հայաստանի Գավաթի նոր` 2016-17թթ, խաղարկությունում ևս ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցան:

«Կոտայքը», որը քառորդ եզրափակչում մրցում էր «Շիրակի» հետ, սեփական հարկի տակ կայացած առաջին խաղում կարողացավ 0:0 հաշվով ոչ-ոքի գրանցել: Դա սենսացիոն արդյունք էր, որովհետև դրանից առաջ աբովյանցիներն աշխատավարձ չստանալու պատճառով երկար ժամանակ մարզում չէին անցկացրել և մասնակցում էին միայն Առաջին խմբի խաղերին: Գավաթային պատասխան հանդիպումն անսպասելիորեն ինտրիգ էր պահպանել, սակայն այն չկայացավ․ «Կոտայքը» մինչև այդ դադարեցրեց ելույթները…

Արդյունքում, քառորդ եզրափակչում լիարժեք հակամարտություններ կայացան միայն «Արարատի» ու «Բանանցի» (1:2, 1:0) և «Ալաշկերտի» ու «Փյունիկի» (1:2, 0:1) միջև:

Եվրագավաթներ

2015-16թթ․ մրցաշրջանի եվրագավաթային ելույթները հայկական ակումբային պատմության ընթացքում իրենց արդյունքներով երկրորդ ամենահաջողն էին: Ցավոք, 2016-17թթ․ մրցաշրջանն ապացուցեց, որ դա հասարակ պոռթկում էր, հանգամանքների բարեհաջող դասավորում և հայկական ֆուտբոլում ոչ մի աճ էլ չկա:

«Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում խաղային և այլ պատճառներից ելնելով որոշակի դժվարությամբ հաղթահարեց Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» արգելքը: Անդորրայում կայացած առաջին մրցավեճը շատ փակ ստացվեց և ավարտվեց 0:0 հաշվով: Երևանում կայացած պատասխան մրցավեճում Աբրահամ Խաշմանյանի սաները հենց խաղասկզբում հաշվի մեջ առաջ անցան, սակայն րոպեներ անց կարմիր քարտ ստացավ Միհրան Մանասյանը և թիմը ստիպված էր գերկենտրոնացված մնալ, որպեսզի Հայաստանը կրկին անդորրական ֆուտբոլի սիրելի վայրը չդառնա: Երկրորդ կեսում հայկական թիմը 2 գոլ խփեց և 3:0 հաշվով հաղթանակ տոնեց:

Երկրորդ փուլում «Ալաշկերտին» բաժին հասավ սկզբունքային մրցակից` Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Դինամոն»: Կայացած երկու խաղերից դատելով՝ դինամոյականներն ավելի ուժեղ էին և նրանց ընդհանուր հաղթանակը տրամաբանական էր` 2:0, 1:1:

Հայ-վրացական հակամարտություն կայացավ նաև Եվրոպա լիգայում, որում «Շիրակը» մրցեց «Դիլայի» հետ: Գորիում կայացած առաջին խաղում վրացիները հաղթեցին 1:0 հաշվով, իսկ խաղից հետո նրանց երկրպագուները հարձակվեցին հայ ֆուտբոլասերների վրա: Գյումրիում հայերը ռևանշի հասան, ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Պատանի Վահան Բիչախչյանի գեղեցիկ գոլի շնորհիվ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, ապա նաև 11-մետրանոց հարվածաշար, որում հերոսացավ Անատոլի Այվազովը և «Շիրակը» մտավ երկրորդ փուլ:

Վարդան Բիչախչյանի թիմի հաջորդ մրցակիցը Տրնավայի «Սպարտակն» էր: Գյումրիում կայացած առաջին խաղում «Շիրակն» ահռելի առավելություն ուներ սլովակների նկատմամբ, պարտավոր էր նվազագույնը 3-4 գոլ խփել, սակայն հաջողվեց միայն մեկ անգամ գրավել դարպասը, իսկ խաղավերջում բաց թողեց հաղթանակը (1:1): Պատասխան մրցավեճի ժամանակ գյումրեցիները պարտվեցին 0:2 հաշվով և դուրս մնացին հետագա պայքարից:

Ջիբրալթարյան ֆուտբոլն ընդունված չէ լուրջ համարել, ուստի… խայտառակ ելույթ ունեցավ «Փյունիկը»: Այն ժամանակ դեռ Սարգիս Հովսեփայնի գլխավորությամբ հանդես եկող թիմին ամենահեշտ մրցակիցն էր բաժին հասել` ջիբրալթարյան «Եվրոպան»: Սակայն Պիրենեյան թերակզղում կայացած առաջին հանդիպումը երևանցիները տապալեցին` 0:2, իսկ պատասխան խաղում առավելության հասան ընդամենը 2:1 հաշվով:

Առաջին փուլում թվացյալ ամենաբարդ մրցակիցը «Բանանցինն» էր` Կիպրոսի «Օմոնիան»: Երևանում կղզիաբնակ թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ, սակայն առանձնապես չտպավորեց: Կիպրոսյան հանդիպման հիմնական ժամանակում «Բանանցը» կարողացավ 1:0 հաշվով հաղթանակ տոնել, սակայն լրացուցիչ ժամանակում Տիտո Ռամալյոյի թիմի ֆիզիկական ցածր պատրաստությունը ճչացող էր, ինչի արդյունքում գրանցվեց 1:4 հաշիվը:

Ընդհանուր առմամբ հայկական թիմերը եվրագավթներում 12 հանդիպում անցկացրեցին, որոնցում տոնած երեք հաղթանակներից մեկն անդորրական թիմի նկատմամբ էր, մյուսը` ջիբրալթարյան (ոչինչ չորոշող), իսկ երրորդը 11 մետրանոց հարվածաշարում: Եվս 3 խաղ ավարտվեցին ոչ-ոքի արդյունքներով: Երկու թիմեր անցան հաջորդ փուլ, բայց այդ երկրորդ փուլը մինչ օրս շարունակում է անանցանելի մնալ և համարվել հայկական ֆուտբոլի գագաթնակետը:

Հ.Գ. Սեպտեմբերին կայացավ Հայաստանի Սուպերգավաթը, որում «Ալաշկերտը» հետխաղյա 11 մետրանոցներով (1:1, 7:6) հաղթեց «Բանանցին» և Տիտո Ռամալյոյին ուղարկեց Իսպանիա:

Լուսանկարները` «Բանանցի» ու «Գանձասար-Կապանի» ֆեյսբուքյան էջերի, ինչպես նաև Գևորգ Ղազարյանի Initiaty բլոգի 

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում