U-21. 2016 թվականի լավագույն ռմբարկուները

U-21. 2016 թվականի լավագույն ռմբարկուները

Այսօրվա երիտասարդները, որ տարիներ անց փայլելու են ֆուտբոլային խոշորագույն մրցանակաբաշխությունների բեմերին:

Ներկայացնում ենք 2016 թվականի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստներից 10 լավագույն գոլահարներին։ Աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել աշխարհի 12 լավագույն առաջնություններից երիտասարդ ֆուտբոլիստների՝ բացառապես 2016 թվականի ընթացքում մեծահասակների մակարդակում խփած գոլերը։

10. Դելե Ալի («Տոտենհեմ») -14 գոլ

«Tuttosport»-ի փորձագետները, կարծես, փոքր-ինչ շտապեցին՝ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի համար նախատեսված «Golden Boy» մրցանակը հանձնելով Ռենատու Սանշեշին։ Անցյալ տարի աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների շարքում առանձնացավ Դելե Ալին, ով 12 ամիս շարունակ «Տոտենհեմի» կազմում կայուն ֆուտբոլ ցուցադրեց: Անգլիացին ճիշտ ճանապարհով մոտենում է աշխարհի լավագույն կիսապաշտպանի տիտղոսին: 

7-9. Ամինու Ումար («Օսմանլիսպոր») -15 

Տիպիկ նիգերիացի հարձակվողը պետք է արագ լինի, էներգետիկ ու շարժուն, լավ հարվածների տիրապետի, տեխնիկապես լավ զարգացած լինի: Ումարը հենց այդպիսի հարձակվող է, ով Թուրքիայի առաջնության պաշտպաններին վախեցնում է հատկապես արագությամբ: 

7-9. Սեբաստյան Դրիուսի («Ռիվեր Փլեյթ») -15

Դժվար է գտնել պատճառ, որ կխանգարի Դրիուսիին թոփ-առաջնություններից որևէ մեկում հայտնվել: Սեբաստյանը  շատ արագ չէ, միջին հասակի է, առանց դրիբլինգի, բայց նկատելի տեխնիկա ունի: Նա զգում է պահն ու գնդակը, շեշտակի հարվածների է տիրապետում: 

Կարդացեք նաև՝ 

7-9. Ուսման Դեմբելե («Բորուսսիա Դորտմունդ») -15

Երիտասարդ ֆրանսիացին աչքի է ընկել, բայց չի փայլել երիտասարդական ֆուտբոլում։ Մեկ էլ հանկարծ հայտնվել է «Ռենում» ու դարձել Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստը, ապա ավելի խելամիտ գումարի դիմաց նախընտրել Դորտմունդը: Դեմբելեն արագորեն հարմարվեց Բունդեսլիգային ու հիմա երկրպագուներին հիացնում է հատկապես դրիբլինգով: Նա արդեն աշխարհի լավագույն երիտասարդների ցուցակում է, բայց թվում է՝ տարիներ անց մենք պարզապես կասենք՝ Ուսմանը լավագույնն է աշխարհում:

6. Սերժ Գնաբրի («Վերդեր») -16 

Գնաբրիի՝ Բունդեսթիմում հիանալի դեբյուտը «Վերդերին» առիթ տվեց սոցիալական ցանցերում «Արսենալին» երեսով տալ երիտասարդ աստղին հեշտությամբ զիջելու համար։

 

Գերմանիայի հավաքականի կազմում հեթ-տրիկն այնքան տպավորիչ չէ, եթե հիշենք, որ տուժեց Սան Մարինոյի ընտրանին, բայց Գնաբրին իր մակարդակը ցուցադրել է նաև ավելի լուրջ մրցակիցների դեմ խաղերում: Դե ինչ, հորիզոնում արդեն նշմարվում են «Բավարիայի» միլիոնները․․․

5. Անտոնի Մարսիալ («Մանչեսթեր Յունայթեդ») -16 

Տաղանդավոր ֆրանսիացին անցյալ տարի քիչ է խաղացել կենտրոնական հարձակվողի դիրքում, իսկ աշնանն առհասարակ հազվադեպ է դաշտ դուրս եկել, սակայն դա Անտոնիին չի խանգարել 16 գնդակ խփել ու վաստակել իր սերնդի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկի կարգավիճակը: Շատ շուտով «Մոնակոն» կսկսի բոնուսներ ստանալ նրա տրանսֆերի համար, որի գագաթնակետը «Ոսկե գնդակն» է:

4. Սերդար Ազմուն («Ռոստով») – 20 

Իրանցու անունը հետաքրքրում է աշխարհի լավագույն սկաուտներին: Մի քանի տարի ևս, ու Ազմունը կդառնա Ասիայի լավագույն ֆուտբոլիստը:

3. Կելեչի Իխեանաչո («Մանչեսթեր Սիթի») – 20 

Նիգերիացի ֆուտբոլիստը Խոսեպ Գվարդիոլայի օրոք մի փոքր կոտրվել է: Պահեստայինների կարճ նստարանն ու Ագուերոյի վնասվածքները նրան խաղաժամանակ են տալիս, բայց Իխեանաչոն այնքան էլ լավը չէ «կեղծ 9»-ի դիրքում: Նրա բնույթը չի համապատասխանում այն խաղաոճին, որ Գվարդիոլան է պահանջում: Ամեն դեպքում Գվարդիոլան պետք է նկատի ունենա, որ անցյալ տարի Կելեչին կարողացել է 20 գնդակ խփել:

2. Գաբրիել Ժեզուշ («Պալմեյրաս») – 24 

Հիասքանչ բրազիլացի, ում անձամբ Ռոնալդոն է գովաբանում։ Ժեզուշը Բրազիլիայում ավարտել է մրցաշրջանն ու հիմա պատրաստ է նվաճել Անգլիան: «Մանչեսսթեր Սիթիի» 19-ամյա նորեկն անցյալ տարի 24 գնդակ է խփել ու դա այն դեպքում, երբ լավագույն մարզավիճակում չէր: Տարվա սկզբին էլ Գաբրիելը 5 գնդակ խփեց նահանգների առաջնությունում, բայց հասկանալի պատճառներով աղյուսակում դրանք հաշվված չեն:

1. Անդրե Սիլվա («Պորտու») – 25

Լուրեր են շրջանառվում, որ «Ռեալը» Անդրեի համար 58 մլն եվրո է առաջարկել, ու թիմի երկրպագուներին արդեն տանջում է հարցը, թե ո՞վ է նա: Նա պորտուգալացի առաջին կենտրոնական հարձակվողն է Պաուլետայից հետո: Պորտուգալացիներն այդ դիրքում ֆուտբոլիստներ ունեցել են, բայց նշանավոր որևէ մեկը չի եղել: Եթե ինքներդ ձեզ հարցնելու լինեք, արդյո՞ք նա արժե 58 մլն, հիշեք, որ այս տղան 2016-ին ավելի շատ գնդակ է խփել, քան Բենզեման ու Մորատան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում