Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Կառլոս Տևեսն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Տեսնենք՝ էլ ովքե՞ր կարող են կղզիներ ու նավեր գնելու համար գումար շռայլել:

10. Հալկ, «Շանհայ Տելեյս» -12 մլն եվրո

Գաղտնիք չէ, որ բրազիլացին փող շատ է սիրում: Այստեղ քննադատելու ոչինչ չկա, բայց թվում է, որ նա կարող էր ավելի հաջող կարիերա կերտել, եթե այլ սկզբունքներով առաջնորդվեր: Հիմա Հալկը խաղում է Ասիայում և չինացի գործարարների շնորհիվ տարեկան 12 մլն եվրո աշտավարձ ստանում։

9. Պոլ Պոգբա, «Մանչեսթեր Յունայթեդ» -13 մլն եվրո

Ֆրանսիացին նախ անվճար հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից», ապա շքեղ պայմաններով վերադարձավ: Անգլիական ակումբը ոչ միայն ավելի քան 100 մլն եվրո վճարեց նրա համար, այլ թագավորական պայմաններ առաջարկեց: ԱՊԼ-ում Պոգբան հիմա չի փայլում, բայց հսկայական գումար է վաստակում:

8. Լուիս Սուարես, «Բարսելոնա» -14 մլն եվրո

Եթե ցանկություն ունեք գնելու Սուարեսի տրանսֆերը, խնդիր չկա. վճարեք 200 մլն եվրո: Հենց այդքան արժե նրա հրաժարագինը: «Բարսելոնայում» Սուարեսից ավելի վաստակող ֆուտբոլիստներ էլ կան, սակայն նա եվրոպական ֆուտբոլի ամենաբարձր վարձատրվող կենտրոնական հարձակվողն է: Վատ չէ, այնպես չէ՞:

7. Նեյմար, «Բարսելոնա» -15 մլն եվրո

Նեյմարը բավականաչափ ապահովված երիտասարդ է: Դեռ հստակ հայտնի չէ, թե 2 ամիս առաջ «Բարսելոնայի» հետ կնքած նոր պայմանագրով նա որքան է վաստակում: Շատ հավանական է, որ իրականում նա այս աղյուսակի 2-րդ հորիզոնականին է արժանի, բայց իսպանական ԶԼՄ-ները հավաստիացնում են, որ բրազիլացին «ընդամենը» 15 մլն եվրո է ստանում: Եվս 10 մլն Նեյմարը կարող է ստանալ բոնուսներով։

6. Գրացիանո Պելե, «Շանդուն Լունեն» -16 մլն եվրո

Պելեն երբեք բարձրակարգ ֆուտբոլիստ կամ աստղ չի եղել: Պարզապես որակյալ հարձակվող, ով լավ է խաղացել Ա Սերիայում և «Սաութհեմփթոնում»: Որևէ մեկը չէր սպասում, որ նա կդառնա աշխարհի ամենաապահովված ֆուտբոլիստներից մեկը, սակայն Չինաստանում այլ կարծիք ունեն․․․

5. Գարեթ Բեյլ, «Ռեալ» – 18 մլն եվրո

Ուելսցին ևս կարող է չմտածել ծախսերի մասին։ Նա ամեն օր կարող է Մադրիդի ամենահայտնի ռեստորաններից սնունդ պատվիրել ու վայելել այն իր առանձնատանը: Այս ամենն այն բանի շնորհիվ, որ «Ռեալում» բավականին բարձր է վարձատրվում: Տարեկան 18 մլն եվրո, և Բեյլն այս աղյուսակի միջնամասում է:

4. Օսկար, «Շանհայ Տելեյս» – 20 մլն եվրո

Չինաստանում ֆուտբոլի համար խելահեղ գումար է ծախսվում: Ֆուտբոլիստները հենց դրա համար ամեն տեղից այնտեղ են գնում: Նրանց թվում է նաև «Չելսիի» նախկին կիսապաշտպան Օսկարը: Բրազիլացուն կարելի է հասկանալ, քանի որ ամեն օր չէ, որ 25-ամյա տղային 20 մլն եվրո աշխատավարձ են առաջարկում: Նա նաև եզակի հնարավորություն ունի նույն թիմում խաղալու Հալկի հետ ու լսելու Անդրե Վիլաշ-Բոաշի խրատները։

3. Լիոնել Մեսսի, «Բարսելոնա» – 21 մլն եվրո

Մեսսիի հեռանալու մասին շշուկներն արագ ու ամենուր տարածվեցին, բայց իրականությունն այլ է: Արգենտինացին շարունակում է փայլել հարազատ ակումբում, բայց նա այդ հրաշքներն անվճար չի գործում. 21 մլն եվրո՝ 1 տարվա համար: Այլ հարց է այն, որ իսպանական մամուլում անընդհատ շրջանառվում են նոր պայմանագրի մասին լուրերը: Ասում են՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստ է Մեսսիին տարեկան 35 մլն եվրո վճարել, միայն թե նա երկարաձգի մինչև 2018 թվականը նախատեսված պայմանագիրը։

2. Կրիշտիանու Ռոնալդու, «Ռեալ» – 22 մլն եվրո

Անցյալ տարվա նոյեմբերի 7-ին պորտուգալացին «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքեց: Մինչև 2021թ. գործող պայմանագրի արժեքը 22 մլն եվրո է: Հիշեցնենք, որ շուտով Ռոնալդուն 32 տարեկան կդառնա: Հիշեցնենք, որ խոսքը չոր աշխատավարձի մասին է՝ առանց բոնուսների, գովազդներից ստացած գումարի:

1. Կառլոս Տևես, «Շանհայ Շենհուա» – 40 մլն եվրո

Դժվար թե արգենտինացին աշխատավարձից բողոքելու որևէ առիթ ունենա: Չինաստանում Տևեսը պարզապես աներևակայելի գումարի հետ գործ ունի: Նա 2010-ին հայտարարեց․ «Հոգնել եմ, որ ֆուտբոլում բոլորին միայն գումարն է հետաքրքրում: Ես այդպիսին չեմ ու ցանկանում եմ կարիերայիս վերջին տարիներն անցկացնել իմ հարազատ «Բոկա Խունիոսում»: Ինչպես երևում է 40 մլն եվրո, փոքր-ինչ փոխում է մարդկանց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում