«Ի՞նչ կտա ձեզ այդ թույլ տղան»․ Պատմություն «Ռեալի» լռակյաց հերոսի մասին

Կյանքն ուրվական-քաղաքում, Բոսնիայի կոպիտ առաջնությունը և Իսպանիայի վատագույն նորեկի կարգավիճակը․․․ Պատմություն այն մասին, թե ինչպես Լուկա Մոդրիչն անցավ փառքի ճանապարհը:

«Ռեալում» Մոդրիչն առանցքային կիսապաշտպան է, հեղինակություն ունի Մադրիդում, Խորվաթիայում աստղ է ու կուռք, նրա մասին գրքերը մեծ քանակով ու արագությամբ են սպառվում: Հիմա ամբողջ աշխարհը հիանում է Լուկայի խաղով, բայց քչերին է հայտնի, թե 10 տարի առաջ ինչպես էր նա այդ նույն աշխարհից լսում, թե որքան թույլ է, խոցելի ու փոքրիկ: 

***

Լուկան չի սիրում խոսել մանկության մասին։ Ինչպես 1990-ականներին մեծացած ցանկացած հարավսլավացի տղայի, այնպես էլ նրա հիշողությունների մեծ մասը պատերազմի մասին է: Նա 6 տարեկան էր, երբ ընտանիքը հեռացավ Զատոն գյուղից: Առավոտյան Մոդրիչի պապը, ում անունով էլ կնքել են ֆուտբոլիստին, դուրս է գալիս անասուններին կերակրելու և ճաշին տուն չի գալիս: Ավելի ուշ նրան գտնում են սառած ու արնաշաղախ: Հասկանալով վտանգի լրջությունը՝ Մոդրիչի ընտանիքը որոշում է փախչել: Մի քանի ժամ անց նրանց տունն արդեն այրված էր․․․

Մեկնում են ուրվականների քաղաք Օբրովաց, որտեղ ապաստանում են խորվաթ մարտիկների համար կառուցած «Կոլովարե» կացարանում: Կարի արտադրամասում աշխատանքը կորցրած ծնողները նորն էին փնտրում, իսկ տան գլխավորը՝ Ստիպեն նաև պատերազմ գնաց: Մոդրիչն ապրում էր թնդանոթների ձայների ներքո ու ամեն օր հյուրանոցի ավտոկայանատեղիում գնդակ խաղալիս որևէ բան էր կոտրում: Մարդիկ վախեցած դուրս էին նայում լուսամուտից, բայց ռումբի փոխարեն գնդակ էին տեսնում։

«Մի անգամ «Կոլովարեի» գործընկերոջիցս զանգ ստացա, որն ինձ հրավիրում էր անընդհատ գնդակ խաղացող մի տղայի տեսնելու»,- հիշում է Իոսիպ Բայլոն՝ Օբրովացից 40 կմ հեռու գտնվող քաղաքի «Զադար» թիմի ղեկավարը:

Մոդրիչին ավտոկայանատեղիում տեսնելուց հետո Բայլոն նրան ակադեմիա է հրավիրում: «Նա շատ փոքրիկ ու նիհարիկ էր իր տարիքի տղայի համար, բայց ակնհայտ էր, որ յուրահատուկ ինչ-որ բան ունի: Մենք չէինք էլ երազում, որ Լուկան աստղ կդառնա»,- պատմում է Լուկայի կյանքում մեծ դերակատարություն ունեցած Բայլոն։

Խորվաթ ընտանիքը երկու տարի առանց ջրամատակարարման ու էլեկտրաէներգիայի է ապրել, մի կերպ հոգացել է սննդի ծախսերը, բայց հայրը՝ Ստիպեն տղայի ֆուտբոլային մարզումների համար գումար չի խնայել։ Նա Լուկայի համար Ռոնալդոյի նկարով գուլպաներ է գնել, որոնք ֆուտբոլիստը կրել է մինչև «Դինամոյի» հիմնական կազմում հայտնվելը: «Ես հպարտ էի, քանի որ Ռոնալդոն իմ կուռքն էր»,- 2011-ին պատմել է Մոդրիչը: 

***

Մեծ ֆուտբոլի դպրոցը Լուկան անցել է բոսնիական «Զրինսկում»: Բոսնիական լիգայում հարձակվող ֆուտբոլիստների ոտքերը «մասնատում էին», իսկ ազգային պատկանելիության թեմայով կոնֆլիկտներն անպակաս էին: Մոդրիչը Բոսնիա գնաց երիտասարդ խաղացողներ Յանյատովիչի ու Բարնյակի հետ, որոնց անունները մեզ ոչինչ չեն ասում: «Մենք պոտենցիալ տեսանք Լուկայի մեջ, բայց Զագրեբի «Դինամոյի» ներկայացուցիչները մեզ խորհուրդ տվեցին՝ «Ի՞նչ կտա ձեզ այդ թույլ տղան: Նա շատ տկար է ձեր ֆուտբոլի համար»», հիշում է «Զրինսկի» փոխնախագահ Իվիցա Ջիդիչը, ով ի վերջո նախընտրեց չհետևել խորհուրդներին։

«Լուկան անսովոր նուրբ էր։ Երբ հոգնածություն էր զգում, միանգամից փոխարինում էր խնդրում: Մրցաշրջանի սկզբում 40 աստիճան տաքության պայմաններում խաղացինք «Չելիկի» դեմ, Լուկան արդեն 30-րդ րոպեին ձեռքերը վեր բարձրացրեց: Երկրպագուները սուլում էին, բայց ինչպես կարելի էր չհեռացնել նրան: Ավելի լավ է՝ նստարանին լինի, քան մահանա դաշտում»,- պատմում է Ջիդիչը։

Ջիդիչը Մոդրիչին անհատական մարզումների փաթեթ տվեց, բայց արագ հասկացավ, որ դա էլ չի օգնի: Ամբողջ մրցաշրջանում Լուկան 60-րդ րոպեից էր փոխարինման դուրս գալիս, բայց փոխարենը սովորեց խաղալ բոսնիացի կոպիտ պաշտպանների դեմ: Նա սովորեց հաղթել արագությամբ, մրցակցից խուսափել նախքան ծնկի կբերեին իրեն: «Նա, ով խաղացել է բոսնիական առաջնությունում, կարող է խաղալ ամենուր»,- ավելի ուշ նշել է Մոդրիչը: Մրցաշրջանի ավարտին Զդրավկո Մամիչն անձամբ է Մոդրիչին խնդրում խորվաթական առաջնություն վերադառնալ:

***

«Զադարում» Մոդրիչը երկրորդ հայր ձեռք բերեց՝ «Զադարի» ակադեմիայի նախկին տնօրեն Տոմիսլավ Բաշիչը: Բաշիչն իր երիտասարդների նկատմամբ հատուկ վերաբերմունք ուներ, հատկապես պատերազմի տարիներին։ Մարզադաշտի շրջակայքը լեռներով էր պատված ու երիտասարդ ֆուտբոլիստները հաճախ ստիպված էին լինում հենց մարզման ժամանակ թաքնվել, որպեսզի թնդանոթի զոհ չդառնային: «Ֆուտբոլն իրականությունից փախչելու մեր տարբերակն էր»,- ասել է Բաշիչը: 

Երբ Լուկան 10 տարեկան էր, Տոմիսլավը նրա ու Մարիո Գրգուրևիչի համար դիտումներ կազմակերպեց «Հայդուկում»: Լուկան, թեև մանկուց համակրում էր թիմին, բայց արդեն երրորդ օրը նրան, չափազանց թույլ որակելով, տուն ուղարկեցին: Մոդրիչը տխուր էր ու չէր ցանկանում ֆուտբոլ խաղալ, բայց Բաշիչը կարողացավ համոզել: 

5 տարի անց Տոմիսլավը որոշեց՝ քանի որ սիրելի թիմում Մոդրիչին տեղավորել չի հաջողվում, պետք է մրցակիցների տարբերակը փորձել: Նա ծանոթ էր Զդրավկո Մամիչին, ով նոր էր «Դինամոյում» աշխատանքի տեղափոխվել: Բաշիչը վերջինիս իր աստղիկին առաջարկեց, ու Մամիչն առանց տեսնելու ընդունեց: Լուկան մանուկ հասակում երազում էր «Հայդուկում» խաղալ, հետո «Չելսի» գնալ, այնուհետև տեղափոխվել «Բարսելոնա», բայց ինչպես տեսնում ենք, ի վերջո փոխեց ֆուտբոլային ճաշակը՝ խաղալով սիրելի թիմերի հակառակորդների կազմում։

2014-ի փետրվարին Բաշիչը մահացավ, Մոդրիչը Կարլո Անչելոտիից խնդրեց մասնակցել հուղարկավորությանը, իսկ երեք օր անց «Շալկեի» դեմ հաղթանակը նրա հիշատակին նվիրեց:

***

«Նա, գուցե չբախվի բոլորի հետ, փոխարենը նա արագ ոտք ունի, մարմնի հավասարակշռություն ու կարողանում է տեսնել դաշտը»,– Զլատկո Կրանչարը Լուկայի մասին արդեն ամեն ինչ գիտեր Արգենտինայի դեմ 2006-ի ընկերական խաղից հետո: Լուկայի ճակատագիրը կապվեց Կրանչարների ընտանիքի հետ. հայրը՝ Զլատկոն առաջին անգամ ընդգրկեց Խորվաթիայի հավաքականում, որդին՝ Նիկոն նրան զիջեց իր տեղը։

Արդեն Սլավեն Բիլիչը Մոդրիչին հավաքականի առանցքային ֆուտբոլիստ դարձրեց։ Լուկան նորամուտից մեկ տարի անց Իսրայել մեկնեց հերթական խաղին մասնակցելու, որից հետո գնաց Դարիո Սռնայի և մի շարք այլ աստղերի հետ ընթրելու: Ընթրելուց հետո որոշեցին բարում գինի խմել, բայց անվտանգության աշխատակիցները Մոդրիչին ներս չթողեցին. «Ներեցեք, 16 տարեկանից ցածր երեխաներին ալկոհոլ չի թույլատրվում»․․․

1 տարի անց Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ Մոդրիչը գտավ իրեն ու ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականի կազմում: Եվս 8 տարի ու արդեն հավաքականի առաջատարի կարգավիճակ, հույսեր, Իսպանիայի դեմ հաղթանակ, 1/8 եզրափակչի պարտություն և երկրպագուների առաջ ներողության հայցում, որից հետո հայրենիքում Մոդրիչին սկսեցին ավելի շատ հարգել:

***

Խաղերից հետո տուն վերադառնալիս Լուկան չի քնում, վերլուծություններ է անում։ Մինչև Զիդանը կկողմնորոշվի հաջորդ հանդիպման մարտավարության հարցում, Մոդրիչը սխալներն է քննարկում կնոջ՝ Վանյայի հետ: Արդեն 6-րդ մրցաշրջանն է, որ նրանք երեկոյան ֆիլմ դիտելու փոխարեն խաղերի ձայնագրություններն են դիտում: Կինն ասում է, որ գլխավորը Մոդրիչի՝ թիմի հետ խաղալու ցանկությունն է.

«Լուկան վերլուծում է իր յուրաքանչյուր շարժումը, բայց չգիտի, որ պետք է ավելի շատ հարվածի դարպասի ուղղությամբ: Նա շարունակում է խաղընկերների հետ խաղալ այն դեպքում, երբ ինքն էլ կարող է հարվածել»,- ասում է Վանյան, ով նաև Մոդրիչի գործակալն է։

Լուկան ու Վանյան առաջին անգամ հանդիպել են 2004-ին զագրեբյան «Ռավնինա» սրճարանում, որպեսզի քննարկեն Մոդրիչի ապագան «Դինամոյում»: Հանդիպման մասին հեռախոսով են պայմանավորվել, երեք ժամ խոսել են: Սկզբում ամեն ինչ գործնական էր, իսկ մեկ տարի անց Վանյան մտածեց. «Լուկան հասարակ է, համեստ, ինքնավստահ ու սկզբունքային: Նա այնքան ժամանակ է տրամադրում, որքան անհրաժեշտ է հասկանալու համար, որ քեզ սիրում է»։

2010-ին Լուկան ու Վանյան ամուսնացան, ապա ծնվեց նրանց որդին՝ Իվանոն, իսկ երեք տարի անց աղջիկը՝ Էմման: Անցյալ տարվա մարտին Մադրիդում Մոդրիչ անունով երեխա լույս աշխարհ եկավ: Լուկայի հետ որևէ կապ չունեցող երեխան «Գրանադայի» ֆուտբոլիստ Չավի Մարկեսի տղան է.

«Կինս շատ է սիրում Մոդրիչին: Ինձ համար դա զվարճալի է, բայց թող երեխայիս համեմատեն հիասքանչ մարդու և ֆուտբոլիստի հետ»,- բացատրում է Մարկեսը։

***

2013-ի սկզբին Մոդրիչը «Ռեալում» առաջին անհատական «մրցանակին» արժանացավ. «Marca»-ն նրան վատագույն նորեկ ճանաչեց: Ժոզե Մոուրինյոն փորձում էր Լուկային իր խաղաոճին ու մարտավարությանը հարմարեցնել, բայց այնպես ստացվեց, որ խաղացին Խաբի Ալոնսոն ու Խեդիրան, իսկ Մոդրիչը համեմատաբար քիչ հնարավորություններ ստացավ:  Հետո Մադրիդ եկավ Կարլո Անչելոտին ու Լուկային թիմի առանցքային ֆուտբոլիստ դարձրեց, թույլ տվեց տեղաշարժվել ամբողջ կենտրոնով, ապա նրան համեմատեց Անդրեա Պիրլոյի հետ: Զիդանը շարունակում է Անչելոտիի ավանդույթները։

«Սանտյագո Բեռնաբեուում» «սևագործներին» այնքան էլ չեն գնահատում․ ուշադրության կենտրոնում նրանք են, ովքեր շատ են գոլ խփում, ինչպես Կրիշտիանուն կամ Գարեթը, բայց Մոդրիչը խիզախել է գրավել աշխարհի ամենապահանջկոտ երկրպագուների սրտերը: Նա ծափողջույնների է արժանանում անգամ ուղղակի գնդակն իր մոտ պահելիս, իսկ նման արդյունքի համար նա պարապմունքներից հետո մեկ ժամ ավելի աշխատում է Զինեդին Զիդանի հետ:

«Իրականությունն այն է, որ ես արդեն 31 եմ, բայց ինձ 27-ի պես եմ զգում: Սահմանները մի կողմ են տարվել, ու ես ինձ ավելի լավ եմ զգում, քան նախկինում»,- վստահեցնում է Մոդրիչը՝ «Ռեալի» ամենաաննկատ ու լռակյաց հերոսը։

Մոդրիչը պատրաստ պատասխան ունի այն հարցին, թե ինչպե՞ս է այս հաջողություններին հասել.

«Խորվաթական կարիերայիս ընթացքում մարդիկ ասում էին, որ բավականաչափ լավը չեմ, որ փոքրիկ եմ ու թույլ: Դուք գոնե պետք է հասկանաք խորվաթներին․․․ Պատերազմից հետո մենք հզորացել ենք, ամրացել ենք հոգեպես: Հիմա դժվար է մեզ կոտրել: Մենք վճռական ենք ցանկալի հաջողության հասնելու ժանապարհին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում