Արամ Ոսկանյան. Ցանկանում ենք ուժեղացնել եզրային հարձակվողի դիրքը

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» մրցաշրջանի երկրորդ կեսի նախապատրաստական փուլի շրջանակում Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում մրցեց «Գանձասար-Կապանի» հետ: Ստուգողական խաղն ավարտվեց 1:1 հաշվով․ «Ալաշկերտը» պարտությունից խուսափեց խաղավերջում, երբ աչքի ընկավ թիմի հետ փորձարջան անցնող Նարեկ Բեգլարյանը:

Երևանցիների գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն ամփոփեց հանդիպումն ու խոսեց թիմի առաջիկա ծրագրերի մասին:

«Բավականին ծանրաբեռնված մարզումներ ենք անցկացնում: Այսօրվա մրցավեճում առաջնային խնդիրը բոլորին խաղալու հնարավորություն տալն էր, ինչն արեցինք: Որոշ ֆուտբոլիստների փորձարկեցինք նաև իրենց համար անսովոր դիրքերում: Հաշվի առնելով պայմանները՝ կարելի է ասել բավականին լավ գրոհներ կազմակերպեցինք, բավականաչափ վտանգավոր պահեր ստեղծեցինք և պետք է գոլեր խփեինք: Ցավոք, հաջողվեց միայն մեկ անգամ աչքի ընկնել:

Sport.Times.am-ը 41-ամյա մասնագետից տեղեկացավ, թե նա ինչպես է գնահատում նախապատրաստական առաջին փուլը․ «Նորմալ, այն ընթանում բնականոն հունով: Եվս երեք օր կմարզվենք Երևանում, որից հետո կմեկնենքն Անթալիա՝ առաջին արտասամանյան հավաքին»:

Թիմի ընդհանուր վիճակի վերաբերյալ Ոսկանյանը չշտապեց գնահատական տալ․ «Այժմ դժվար է ասել, թիմն ինչ վիճակում է: Ավելի հստակ պատկերացում կլինի Անթալիայում: Հետզհետե պետք է ավելացնենք»։

Sport.Times.am-ը հետաքրքրվեց, թե երևանցիների մարզիչն ի՞նչ տպավորություն ու սպասելիքներ ունի թիմի ներկայիս և հնարավոր նորեկների վերաբերյալ, և թե ակումբը ո՞ր դիրքերն է փորձելու ուժեղացնել:

«Նորեկների հարցում դեռ ոչինչ չեմ կարող ասել: Պետք է ուշադիր լինենք, որպեսզի հետագայում չսխալվենք: Անթալիայում մեզ նոր խաղացողներ կմիանան: Ներկայումս բանակցություններ են ընթանում: Ցանկանում ենք ուժեղացնել եզրային հարձակվողի դիրքը»,- պատասխանեց մարզիչը։

Ոսկանյանի թիմերը հաճախ խաղում էին 4-3-3 տակտիկայով, իսկ «Ալաշկերտում» վերջին ժամանակներս գերակշռել է 3-5-2 համակարգը: Sport.Times.am-ը տեղեկացավ՝ արդյո՞ք եզրային հարձակվողների փնտրտուքը քայլ է դեպի հոլանդական մոդելը:

«4-3-3-ին անցնելը պարտադիր չէ: Ինձ համար կարևոր նշանակություն ունի պաշտպանական գիծը. 4 կամ 3 պաշտպանով խաղալու շուրջ հստակությունը: Ըստ դրա արդեն կկողմնորոշվենք միջին և առջևի գծի դասավորության հարցում: Խաղային համակարգը որոշելու ենք ըստ մեր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստների ու մրցակցի»,- ասաց մարզիչը։

 

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում