Աշոտ Բարսեղյան. Նման ուժեղ մրցակցի դեմ խաղալն անհրաժեշտ էր մեզ

2016-17թթ․ մրցաշրջանի երկրորդ կեսին «Գանձասար-Կապանը» պատրաստվում է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ այսօր ընկերական խաղ անցկացրեց Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իսկ գոլերը խփեցին Ալեքսանդր Պետրոսյանն ու Նարեկ Բեգլարյանը: Կապանցիների գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն ամփոփեց հանդիպումը, ինչպես նաև կարծիք հայտնեց թիմի նորեկների մասին:

2017 թվականին «Գանձասարի» առաջին խաղի մասին Բարսեղյանն ասաց.

«Խաղը մեր մարզման մի մասն էր կազմում: Ցանկանում էինք կատարված որոշ աշխատանքներից հետո տեսնել, թե ֆուտբոլիստներն իրենց ինչպես են զգում: Սա նաև առիթ էր մի քանի ֆուտբոլիստների փորձարկելու և նրանց մասին կարծիք կազմելու համար: Ընդհանուր առմամբ հանդիպումը ծառայեց իր նպատակին, նորմալ մրցավեճ ստացվեց՝ չնայած սառած խաղադաշտն իր բացասական ազդեցությունն ունեցավ: Վախենում էի, որ ֆուտբոլիստները կարող են վնասվածքներ ստանալ, անհաջող սայթաքել, սակայն փառք Աստծո նման բան տեղի չունեցավ:

Մեզ անհրաժեշտ էր հենց «Ալաշկերտի» պես ուժեղ մրցակցի դեմ խաղալ, որովհետև նման դեպքերում հստակ երևում են թիմի այն թերությունները, որոնք պետք է շտկենք»,- ասաց մարզիչը։

Sport.Times.am-ը 52-ամյա մասնագետին հարցրեց, թե նա ի՞նչ հետևություններ է անելու այսօրվա խաղի վերաբերյալ:

«Այս խաղի շուրջ վերլուծություններ դեռ կանենք: Մենք խնդիր ունենք հենակետային կիսապաշտպանի գոտում: Շուտով այդ հարցը կլուեծենք: Կան այդ դիրքի խաղացողներ, ովքեր միանալու են մեզ: Ինչպես տեսաք, մենք խաղում էինք 4-4-2 դասավորությամբ և ենթահարձակվողի դիրքում նույնպես թերանում էինք: Աշխատելու ենք այդ խնդիրն էլ լուծել, որպեսզի հանդիպումների ժամանակ կարողանանք վերահսկել կենտրոնը»:

Կապանցիների կազմում այսօր ասպարեզ դուրս եկան թիմի երկու նոր լեգիոներներ. վրացի կիսապաշտպան Գիորգի Ջաևելիձեն ու բրազիլացի պատանի կիսապաշտպան Լուիս Ֆելիպեն: Նրանց մասին Բարսեղյանը հետևյալ կարծիքը հայտնեց.

«Բրազիլացին 15 րոպեից ավելի չկարողացավ խաղալ, որովհետև երկար ճանապարհ էր անցել, բարձրադիր երկիր է եկել և միայն այսօր միացել թիմին: Բնական էր, որ խնդիրներ կլինեին: Նրան ժամանակ կպահանջվի ադապտացվելու համար: Երևաց, որ նա, ինչպես նաև վրացի ֆուտբոլիստը, գնդակը զգացող, փոխանցումներ կատարող, կրեատիվ խաղացողներ են: Տեսնենք՝ նրանցից ով կմնա մեր թիմում: Տեղացի խաղացողներ էլ ունենք, ովքեր այդ դիրքերում են խաղում, օրինակ՝ Սարգիս Շահինյանը և Արթուր Ադամյանը: Այնպես որ, այդ պատասխանատու դիրքը կվստահվի նրան, ով կարդարացնի իրեն, անկախ նրանից տեղացի է, թե լեգիոնական»:

«Գանձասարի» մեկ այլ նորեկ է դարպասապահ Ֆիլիպ Իլիկը, ով այսօր շատ լավ տպավորություն թողեց: Չնայած մակեդոնացին առաջին խաղն էր անցկացնում թիմում, նա ակտիվ հուշում էր թմակիցներին և փորձում կառավարել պաշտպանների գործողությունները: Sport.Times.am-ը մարզչից տեղեկացավ Իլիկի վերաբերյալ ակումբի ծրագրերի մասին:

«Մեր դարպասապահների մարզչի հետ խորհրդակցելով՝ Իլիկի մասին արդեն կարծիք կազմել ենք: Նրա հետ պայմանագիր ենք կնքելու: Նա առաջին հերթին ընդամենը 20 տարեկան է, երկրորդ՝ լավ ու հեռանկարային դարպասապահ է: Մեզ հարկավոր է, որ «Գանձասարում» լավ դարպասապահներ լինեն: Դա նաև մրցակցություն կառաջացնի: Նրանցից ով իրեն արդարացնի ու լավագույն կողմերով դրսևորի, նա էլ դարպասը պաշտպանելու հնարավորություն կստանա»,- ասաց Բարսեղյանը։

Կապանյան ակումբը դեռ պաշտոնական հայտարարություն չի տվել արտասահմանյան հավաքների կապակցությամբ, ուստի Sport.Times.am-ը Աշոտ Բարսեղյանին հարցրեց նաև այդ մասին:

«Արտասահմանյան հավաք լինելու է: Փետրվարի 11-ին մեկնելու ենք Կիպրոս: Այնտեղ 3 խաղ կանցկացնենք: Մրցակիցները դեռ վերջնականապես հայտնի չեն: Այդ հավաքն առաջին հերթին կարևորում ենք հենց ընկերական հանդիպումների համար: Դա խաղային հավաք է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում