Արեգ Վաթյան․ Փորձում ենք հավաքագրել ամենաուժեղ կազմը

2017 թվականի հուլիսի 23-30–ը Անդորրայում տեղի կունենա բասկետբոլի մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը սկսել է նախապատրաստվել այդ ստուգատեսին: Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում պատմել է, թե ինչ աշխատանքներ են կատարվում.

«Նախապատրաստական աշխատանքները սկսել ենք նոյեմբերից, փորձաշրջան անցնող խաղացողներով համալրված հավաքականով միջազգային մրցաշարի ենք մասնակցել Բաթումի քաղաքում, այնուհետև երկու թիմից բաղկացած, Արցախի և Արաբկիրի երեխաներով, մեկնել ենք Վրաստան, որտեղ ունեցել ենք 9 ընկերական հանդիպում: Հունվարին կարճատեև հավաք անցկացրինք Երևանում, որի ընթացքում ունեցանք 3 հանդիպում: Փետվարին տեղի կունենա այդ տարիքի Հայաստանի առաջնությունը, այնուհետև կշարունակենք նախապատրաստական աշխատանքները:

Թիմի վերջնական կազմը դեռ չենք որոշել, Հայաստանի առաջնության ժամանակ ի հայտ կգան նոր երեխաներ, կան նաև արտերկրից հայ պատանիներ, որոնց հետ դեռ տարվում են բանակցություններ: Փորձում ենք հավաքագրել ամենաուժեղ կազմը:

Այս տարվա բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը մասնակցում է նաև Ադրբեջանը: Նրանք շատ լուրջ են տրամադրված առաջնությանը, անցյալ տարի Ադրբեջանը 18 տարեկանների հետ հաղթել է Եվրոպայի առաջնությունը, իսկ 16 տարեկանների հավաքականը Կիպրոսում ընթացող առաջնությանը եզրափակչում պարտվեց Կիպրոսին: Նրանք ունեն խաղացողներ Ամերիկայից, Թուրքիայից, Վրաստանից և բավականին մեծ գումարներ են ներդնում:

Մեզ հետ նույն ենթախմբում են հայտնվել Մալթան, Ջիբրալթարը, Ուելսը և Մոլդովան: Մեր խնդիրը ենթախմբից դուրս գալն ու առաջնությունում մեդալ նվաճելն է: Պետք է շատ լավ նախապատրատվել»,- ասել է Վաթյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում