Australian Open. Հայտնի են կիսաեզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները (տեսանյութ)

Ավստրալիայի Բաց առաջնության և՛ տղամարդկանց, և՛ կանանց մրցաշարերում ավարտվել են 1/4 եզրափակիչ փուլի հանդիպումները։

Այսօր կայացած խաղերում իսպանացի Ռաֆայել Նադալը 3 սեթում 6:4, 7:6 (9:7), 6:4 հաշվով առավելության է հասել կանադացի Միլոշ Ռաոնիչի նկատմամբ։ Աշխարհի նախկին առաջին ռակետը վաստակել է 39 ակտիվ միավոր, թույլ է տվել 21 ոչ պարտադիր սխալ, իսկ Ռաոնիչի ակտիվում գրանցվել է 14 էյս, 31 սխալ։

Կիսաեզրափակիչ փուլում Նադալը մրցելու է Գրիգոր Դիմիտրովի հետ։ Բուլղարացի թենիսիստն այս փուլում 6:3, 6:2, 6:4 հաշվով վստահ հաղթանակ է տոնել բելգիացի Դավիդ Գոֆենի նկատմամբ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլի մյուս խաղում մրցելու են շվեյցարացիներ Ռոջեր Ֆեդերերն ու Ստանիսլաս Վավրինկան։

Կանանց մրցաշարում ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, ում համար մրցաշարն առանցքային նշանակություն ունի առաջին ռակետի տիտղոսը վերադարձնելու տեսանկյունից, 6։2, 6։3 հաշվով առավելության է հասել բրիտանուհի Յոհաննա Կոնտայի նկատմամբ։ Եզրափակչի ուղեգրի համար Սերենան պայքարելու է Խորվաթիան ներկայացնող Միրյանա Լուչիչ-Բարոնիի հետ։ Կիսաեզրափակիչ փուլի մյուս խաղում Սերենայի քույրը՝ Վինուս Ուիլյամսը խաղալու է տպավորիչ մրցաշար անցկացնող Կոկո Վանդևեգեի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում