Իտալիայի գավաթ․ «Յուվենտուսը» պայքարից դուրս թողեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ և տիտղոսի համար պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։

Թուրինցիները բավականին արագ առաջ անցան հաշվի մեջ․ 10-րդ րոպեին աչքի ընկավ Պաուլո Դիբալան։ 21-րդ րոպեին Միրալեմ Պյանիչը կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ գոլի հեղինակ դառնալով տուգանային հարվածից։ 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 53-րդ րոպեին, Կարլոս Բական կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ընդամենը մեկ րոպե անց «Միլանը» մնաց 10 հոգով․ խաղադաշտից հեռացվեց Մանուել Լոկատելին։

Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին: Այսպիսով, «Յուվենտուսը» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է «Նապոլիի» հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում